ՆԱԽԱԳԱՀԸ «ՆԵՐԵԼ Ա», ՌԱԶՄԻԿԸ` ԿԵՐԵ՞Լ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե մինչ Ռազմիկի դուռը գնալը Գեւորգ Գեւորգյանը հետաքրքրվեր նրա կենսագրությամբ եւ իմանար, թե ինչ հոդվածներով է նա դատապարտված եղել, ոչ միայն փողը չէր տա, այլեւ անգամ փողի ծայրը ցույց չէր տա:
Պարզվում է` «Դոն Ալֆոնս» ՍՊԸ-ի միջազգային կապերով տնօրեն Ռազմիկ Խաչատրյանն իր կենսագրության մեջ հասցրել է կրիմինալ մաս ունենալ. 2001-ին խարդախությամբ պետական, հանրային գույքը հափշտակելու, կաշառք տալու մեջ հանցակից լինելու համար դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, ապա` անկախության հռչակման 7-րդ տարեդարձի առթիվ հայտարարված համաներմամբ ազատ արձակվել: 2006-ին 62-ամյա Ռազմիկը դատապարտվել է խարդախության համար. պատիժը եղել է 400.000 դրամ տուգանքի ձեւով, որը հավանաբար չի ունեցել, եւ մեկ տարի անց պատիժը փոխարինվել է 2000 ժամ հանրային աշխատանքներով: Թե ինչ հանրային աշխատանքներ է կատարել, հայտնի չէ, բայց երեւում է` դա նրան չի ուղղել. կա՛մ աշխատանքը նրա սրտով չի եղել, կա՛մ աշխատաժամանակն է քիչ եղել, կա՛մ էլ դատարանը պատժի տեսակը ճիշտ չի ընտրել: Դրա համար էլ բարձրագույն կրթությամբ Ռ. Խաչատրյանը երրորդ անգամ է հայտնվել ամբաստանյալի աթոռին եւ կրկին խարդախության համար:
Ինչ-որ մեկը լսել է, որ Ռազմիկն օրենքից լավ է հասկանում եւ Աբովյան քաղաքի բնակիչ Գեւորգ Գեւորգյանին խորհուրդ տվել գնալ նրա մոտ` որդու ազատման հետ կապված խնդիրը լուծելու: Հետագայում տուժող դարձած Գեւորգյանը պատմել է, որ իր որդի Արմեն Գեւորգյանն ավազակային հարձակում կատարելու համար 2009թ. դատապարտվել Է ազատազրկման 6 տարի ժամկետով: Դրանից հետո ինքը տեղեկացել Է, որ Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ Ռ. Խաչատրյանն օրենքներից հասկանում է եւ կարող Է օգտակար լինել: Գնալով Ռազմիկի տուն` նրան պատմել Է իր որդու դատապարտվելու մասին եւ տվել  որդու նկատմամբ կայացված դատավճիռը: Երեք օր անց, երբ հանդիպել Է Ռազմիկին, վերջինս հայտնել Է, որ ինքը կարող Է օգնել որդուն ազատելու հարցով, քանի որ դատավճռին ծանոթանալով` հասկացել Է, որ որդուն սխալ հոդվածով են դատապարտել: Ուստի ինքը պաշտոնավոր իր ընկերների միջոցով ամեն ինչ կանի նրան ազատելու համար: Որդուն ազատ արձակելու համար Խաչատրյանը 2009թ. ապրիլ ամսին Գեւորգից պահանջել եւ մաս-մաս ստացել Է 6000 ԱՄՆ դոլար: Արմենի ծնողները հավատացել են եւ նրան փող տվել, քանի որ Ռազմիկը համոզիչ Է խոսել եւ վստահեցրել, որ իրենց որդու ազատման հարցն արդեն լուծված է, որ ՀՀ նախագահը ստորագրել է նրան ներում շնորհելու միջնորդագիրը, Վճռաբեկ դատարանն էլ նրան ազատ արձակելու որոշում է կայացրել: Այն  մի քանի օրից ուղարկելու են բերդ, որպեսզի դրա հիման վրա որդուն ազատ արձակեն… մնում է՝ ազատ արձակեն: Սակայն «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրող որդին` Արմենը, խոսելով Ռազմիկի հետ եւ տեսնելով, որ նա խոսելիս հայացքը թաքցնում է, չի հավատացել նրան եւ ծնողներին ասել է, որ հետ պահանջեն տված գումարը: Ծնողներն էլ, տեսնելով, որ իսկապես գործը ձգձգվում է, հետ են ուզել փողերը` սպառնալով, որ ոստիկանություն կդիմեն: Ռազմիկը սկզբում խոստացել է, որ կտա, բայց խոստումից բացի, բան չի տվել:     
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում  ամբաստանյալ Ռ. Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ պատմել է, որ Գեւորգից վերցրել է շուրջ 5000 ԱՄՆ դոլար, որը ծախսել է նրա որդու հարցերով զբաղվելու ժամանակ: Այդ գումարներից բացի, ավելի շատ գումար է ծախսել իր անձնական միջոցներից` Գեւորգի որդու նկատմամբ օրինական դատավճիռ կայացնելու համար: Սակայն դատարանը չի հավատացել ամբաստանյալի ասածին եւ գտել, որ 178 հոդվ. 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը (խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու միջոցով կատարված խարդախություն` խոշոր չափերով) հիմնավորված է:  
Դատարանը որպես Ռազմիկ Էդիկի Խաչատրյանի անձը բնութագրող տվյալ հաշվի է առել նրա բնակության վայրում դրական բնութագրվելու հանգամանքը, որպես նրա պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք`  հանցավորի խնամքի տակ գտնվող մեկ անչափահաս երեխայի առկայությունը:
Իսկ որպես ծանրացնող հանգամանք` դատարանը դիտել է հանցանքը կատարելու ռեցիդիվը եւ Ռ. Խաչատրյանին դատապարտել 3 տարվա ազատազրկման:
Դատարանը միաժամանակ բավարարել է նաեւ տուժող Գ. Գեւորգյանի ներկայացրած քաղհայցը. ամբաստանյալից հօգուտ տուժողի, որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում, պետք է բռնագանձվի 6000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Դատարանը միանգամից բռնագանձում է տարածել Ռ. Խաչատրյանին անձնական խուզարկության ենթարկելու ժամանակ, գրպանից հայտնաբերված 132.500 դրամ ընդհանուր արժեք ունեցող 3 քարերի, ինչպես նաեւ 4000 դրամի վրա, իսկ 1 նոթատետրը եւ 1 գրիչը դատավճռի` օրինական ուժի մեջ մտնելուց հետո կվերադարձվեն Ռազմիկին: Այդ թուղթ ու գրիչով նա կկարողանա ջնջել խարդախության համար բանտում անցկացրած ամեն օրը եւ հաշվել, թե քանի օր մնաց` դուրս գալու եւ նոր «հերոսություն» գործելու համար:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս