Օգոստոսի 11-ին Իրանում տեղի ունեցած երկրաշարժն իր հետքն է թողել նաեւ Սյունիքի մարզում: Մեղրու տարածաշրջանի Գուդեմնիս համայնքում, գյուղապետ Արտուշ Գրիգորյանի վկայությամբ, երկրաշարժը մեծ վնասներ է հասցրել: Բացի նրանից, որ գուդեմնիսցիներն այդ օրը լուսացրել են բաց երկնքի տակ, ավերվել են նաեւ որոշ տներ, առանձնատների պատերը ճաքել են, նույնիսկ մեծ խորշեր են բացվել:
Հայաստանի ամենափոքր գյուղերից մեկը՝ Գուդեմնիսը, գտնվում է երկրի հարավում, մարզկենտրոնից 82, իսկ Մեղրի քաղաքից՝ 16 կմ հեռավորության վրա: Սահմանամերձ գյուղը նախկինում անվանել են նաեւ Գտանիս, Կադեմնիս, Ուջանաբաս: Այն երբեմն նույնացնում են Գեղանանի եւ Գուտենիի հետ, որն անընդունելի է, քանի որ առաջինն այժմյան Քաջարանն է, իսկ Գուտենի գյուղը գտնվում է Վայոց ձորում: Գյուղը հայտնի է իր հնավայրերով, որոնցից Կաքավաբերդը հիշատակված է Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակ» պատմվածքում:
Գուդեմնիսի հիմնական բնակչությունը ներկայում կազմում են ծերերը: Երիտասարդությունը, «որպես կանոն», մի փոքր ինքնուրույնություն ձեռք բերելով, լքում է գյուղը, քանի որ, ինչպես գյուղապետն է նշում, նրանք կարծես առաջնորդվում են «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով: «Ջահել ջիվան մարդիկ են, ապրել են ուզում, աշխատանք են ուզում ու որտեղ գործ են գտնում, այնտեղ էլ ապրում են: Ի՞նչ մեղադրես»,-«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Ա. Գրիգորյանը: Նա հավելում է, որ գյուղում չունեն ո՛չ դպրոց, ո՛չ մանկապարտեզ, ուստի նորաստեղծ ընտանիքներն իրենց երեխաների ապագայի փնտրտուքով գնում են մարզկենտրոն, մայրաքաղաք, հայրենիքից դուրս:
«Վերջին 5 տարում շուրջ 100 մարդ լքել է Գուդեմնիսը: Հիմա 56 մարդ կա մեր գեղում, որից 8-ը երիտասարդ են, իսկ 6-ը՝ դպրոցահասակ: Նրանք դպրոց են հաճախում կողքի համայնքում: Մանկապարտեզի տարիքի երեխա չունենք: Ագարակի պղնձամոլիբդենային արտադրական կոմբինատը քաշեց տարավ մեր ջահելներին: Գնում, աշխատում են, կոմբինատի կողմից էլ բնակարան են ստանում ու հաստատվում այնտեղ: Դե, էլ մնան այստեղ, ի՞նչ անեն: Էս երկրաշարժն էլ տուն չթողեց: Մեծ մասը վթարվել է, պատերին ճաքեր ու անցքեր են բացվել: Էս աղքատ թոշակառուները դրանք ո՞նց սարքեն»,-ներկայացրեց համայնքապետը: Նա նշում է, որ երկրաշարժի հետեւանքների ուսումնասիրության նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովը եղել է համայնքում, ծանոթացել իրավիճակին եւ կազմել ակտեր: Ըստ այդմ, կառավարությունը պարտավորվել է փոխհատուցել հասցված վնասը: Բայց թե դա երբ իրողություն կդառնա կամ կդառնա երբեւիցե, ցույց կտա ժամանակը: Սակայն, նկատի ունենալով նմանատիպ փոխհատուցումների խոստումների փորձը (կարկտահարության, ժանտախտի, թռչնագրիպի, գնդակոծության ու այլն), դժվարանում ենք հավատալ, թե հայրենի իշխանությունները սրտացավություն կդրսեւորեն այս փոքրիկ սահմանամերձ գյուղի նկատմամբ: Ինչեւէ, գուդեմնիսցիները վստահ էին, որ այս անգամ կառավարությունն իրենց չի անտեսելու: «Բա էդպես ո՞նց կլինի, եկան, տեսան, մարզպետարանից էլ մարդ կար հանձնաժողովում, ասացին, որ հենց վնասների չափերը ստույգ դառնան, կտան փողերը, որ տները սարքենք: Դեմը ձմեռ է գալիս»,-մեզ հետ զրույցում նշեցին գուդեմնիսցիները:
Խոսելով ձմռան մասին` նրանք ասացին, որ չնայած համայնքն ունի 300 հա անտառ, սակայն ձմռանը վառելիքի հարցը գերխնդիր է լինում, քանի որ այն ձեռք են բերում թանկ գնով: «Արեւիկ ազգային պարկ» ՊՈԱԿ-ից էլ մարդկանց թույլ չեն տալիս թափուկ փայտ ձեռք բերել, այն դեպքում, երբ կառավարությունը բնակչության հոգսը թեթեւացնելու նպատակով նախորդ տարվա նոյեմբերից որոշում է կայացրել թափուկ փայտը բնակչությանն անվճար տրամադրելու մասին: ՊՈԱԿ-ի տնօրեն Սուրիկ Հովհաննիսյանից փորձեցինք պարզել, թե ինչու կառավարության որոշումը չեն կիրառում այդ մարզում: «Լավ էլ կիրառվում է, մեզնից թափուկ ուզել են այլ համայնքի երկու բնակիչ, տվել ենք: Բոլորն էլ իրազեկված են, որ անտառամերձ համայնքների բնակիչները կարող են դիմել մեզ: Իսկ եթե համայնքի գյուղապետին չի հուզում իր գյուղի մարդկանց հոգսերը, դա մեր խնդիրը չէ: Մինչեւ հիմա մեզ ով դիմել է, փայտ ստացել է»,-հավաստիացրեց Հովհաննիսյանն ու հավելեց, որ յուրաքանչյուր ծուխ կարող է ներկայացնել անձնագիր եւ համապատասխան կտրոն ստանալով` գնալ եւ անտառից անձամբ հավաքել մինչեւ 8 խմ թափուկ փայտ: Այս մասին «Ժողովուրդ»-ն իրազեկեց համայնքապետին, որը խոստացավ գյուղացիներին «աչքալուսանք անել ու ասել, որ այս ձմեռ հաստատ չեն մրսելու»:
Գուդեմնիսի տնտեսությունն անկում է ապրել: Նախորդ տարվա համեմատ թե՛ հացահատիկի, թե՛ պտուղ-բանջարեղենի հաշվով կորուստներ են եղել: Հիմնական պատճառներն են հողերի գերակշիռ հատվածների անմշակ լինելը, գյուղտեխնիկայի բացակայությունը, աշխատուժի պակասը: «Հողերն անմշակ են, քանի որ աշխատող ուժ չի մնացել: Ծեր մարդիկ են, ո՛չ կարան ինքնուրույն մշակեն հողը, ո՛չ էլ տրակտոր կամ կոմբայն ունեն: 60 հա սեփականաշնորհված հողերից միայն տնամերձներն են մշակում: Այս տարի անձրեւներն անչափ վնասեցին խոտհարքները: Հնձում, չէին հասցնում հավաքել: Կեսից շատը փչացավ, էն էլ էն դեպքում, որ գիտեք, թե խոտի մի հակը ինչ գին է դարձել»,-նշեց գյուղապետը: Գուդեմնիսում լավ բերք է հասունացել պտղատու այգիներում եւ խաղողի դաշտերում: «Անձամբ ես խաղող եմ մշակում: Կոնկրետ հաշվել եմ. 1 հա խաղողի մշակության համար ծախսել եմ 87 հազ. դրամ: Ստացված բերքը մթերեմ, թե գինի սարքեմ՝ իմ ծախսը չի հանի: Բայց դե էլ ինչո՞վ զբաղվենք»,-մտահոգվում է Գրիգորյանը:
Համայնքում շահավետ է ոչխարաբուծությունը: Գյուղապետարանի հաշվեկշռում գրանցված է 220 մանր եղջերավոր անասուն՝ չնայած իրականում դրանց թիվն ավելին է: Լինելով դեպի Իրան սահմանին մոտ` գուդեմնիսցիները կարողանում են կազմակերպել նաեւ սեփական ոչխարների առուծախը: Փառք Աստծո, որ սահմանամերձ, լքված ու կառավարության կողմից մոռացված այս համայնքում գոնե մի լավ բան կա:
ՈՐՏԵՂ ՀԱՑ, ԱՅՆՏԵՂ ԿԱՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ