Երգչուհի Արփին (Արփի Շահնուբարյան), ով վերջերս հանդես եկավ ժողովրդական երգի այլընտրանքային մատուցմամբ, այն կարծիքին է, որ մարդու աչքը հոգնում է միանման մատուցումներից եւ դրանից խուսափելու համար հարկավոր է նորովի ներկայանալ: Ժողովրդական երգի նրա մեկնաբանությունը, ի տարբերություն նախորդ «ձախողված» փորձերի, արժանացավ գովեստների: Արփին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընդգծել է, որ երգարվեստում իր առջեւ դրված գլխավոր նախապայմանը երգի հետ անկեղծ լինելն է:
-Արփի՛, օրերս հանդիսատեսի դատին հանձնեցիք նոր տեսահոլովակ` Գուսան Շահենի «Զեփյուռի նման» երգի հիմա վրա: Այս մատուցումը, համեմատած ժողովրդական երգը նորովի ներկայացնելու նախորդ քննադատված փորձերի հետ, շատ համարձակ չէր. այս անգամ ձգտել էիք մինիմալիստական մոտեցում ցուցաբերել: Կրկին քննադատվելո՞ւց էիք խուսափել:
-Չէի ասի, թե միտումնավոր խուսափել եմ դրանից, պարզապես գալիս է մի պահ, երբ հոգնում ես, չես ուզում քննադատների հետ «գլուխ դնել», միեւնույն է` այդ խոսակցություններն անխուսափելի են: Ամեն դեպքում, փորձեցի արդիական ու տարբերվող մի գործ մատուցել:
-Որոշ քննադատներ այն կարծիքին են, որ ժողովրդական երգը պետք է պարտադիր մատուցվի առանց իմպրովիզների, իսկ ինչ վերաբերում է արտաքին տեսքին, երգիչը, ըստ նրանց, պետք է հանդես գա միայն տարազով: Ձեզ ինչ-որ չափով հաջողվե՞լ է կոտրել այս կարծրատիպը:
-Նոր տեսահոլովակի առիթով ստացած արձագանքներից կարելի է եզրակացնել, որ այո՛, ստացվել է: Ի վերջո, մարդու աչքը հոգնում է միանման մատուցումներից, այն անընդհատ ինչ-որ նոր բան է փնտրում: Եթե ես, օրինակ, տարազ հագնեի, կկրկնեի շատերին, արդեն հետաքրքիր չէի լինի: Միեւնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ նոր մատուցումը պարտադիր պետք է աչք շոյող լինի:
-Ժամանակին, երբ երգչուհու Ձեր ոչ ստանդարտ կերպարը ենթարկվեց քննադատությունների, «Իմն ես» երգի շրջանակում հանդիսատեսին ներկայանալով բոլորովին նոր ոճում` Դուք միանգամից ընդունվեցիք նրա կողմից: Էլի նման կտրուկ փոփոխություն կարո՞ղ ենք ակնկալել:
-Իմ, Դավոյի եւ Դեր Հովայի համագործակցությունը, իսկապես, պետք է համարել հաջողված: Ի դեպ, ամեն տարի պայմանավորվում ենք կրկին միասին մի նոր հիթով հանդես գալ, սակայն նախաձեռնությունը ձգձգվում է: Ամեն դեպքում, չի բացառվում, որ էլի միասին աշխատենք:
-Գիտենք, որ պատրաստվում եք թողարկել Ձեր առաջին CD-ն, որը ժողովրդական երգերի հավաքածու է` նոր ու թարմ մշակումներով: Հետաքրքիր է` դրանում եթերներում «արգելված» տեսահոլովակով «Մարտիկի երգը», քննադատությունների արժանացած այլ գործեր կընդգրկվե՞ն:
-Անպայման: Եթե «Մարտիկի երգի» տեսահոլովակը միանշանակ չընդունվեց, ապա երգի մասին դրական կարծիքները շատ էին: Նշեմ, որ փոքր նվագախումբ էինք ձայնագրել այս երգի համար: Ես, առհասարակ, կողմ եմ կենդանի ձայնագրություններին: Ընդգրկել ենք նաեւ Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգի մեկնաբանության մեր տարբերակը:
-Եթե հաշվի առնենք, որ «Hayway» խումբն այսօրվա ամենաեկամտաբեր ժանրից` ռաբիս երաժշտությունից հեռու է, հետաքրքիր է` բենդի կազմում հանդես գալով` կարողանո՞ւմ եք բավականաչափ վաստակել, այնքան, որ տեսահոլովակների թողարկումը հաճախակի բնույթ կրի:
-Պատկերացրեք` այո: Մեր ծրագրի մեջ ունենք ջազ, սոուլ, բլյուզ, փոփ, դիսկո, լատինական եւ նույնիսկ թեթեւ ռոքային ստեղծագործություններ: Մենք խմբով հաճախ ժանրային փոփոխությունների ենք դիմում, հանդես գալիս ջազայինից մինչեւ ժողովրդական կատարումներով: Գիտեք՝ մարդիկ հոգնել են նույնական երաժշտությունից եւ բենդային նոր կատարումներ են ուզում լսել:
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ «ՍԻՐՏԸ ՇԱՀԵԼ ԵՆ»
Նախօրեին ավարտվել են Համազգային պետական թատրոնի պատմության մեջ ամենամեծ հյուրախաղերը ԱՄՆ-ում եւ Կանադայում: Համազգայինի ներկայացրած «Շխոնց Միհրան», «44 աստիճանի վրա», «Փրկության կղզի» եւ «Ամենալավ տունը» ներկայացումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում: Թատրոնի այս տարվա հյուրախաղերի առանցքում, սակայն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Շխոնց Միհրան» ներկայացումն է եղել` Մեծ Եղեռնը վերապրած ընտանիքի մասին հուզիչ պատմությամբ:
Համազգային պետական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ սփյուռքի հանդիսատեսի առջեւ հանդես գալը յուրահատուկ քննությունն է եղել թատրոնի համար, քանի որ դերասանները հիմնականում սովոր են ներկայանալ հայաստանյան, երեւանյան հանդիսատեսին: Սրանք սփյուռքի հանդիսատեսի համար անցկացվող արդեն երկրորդ հյուրախաղերն էին, եւ այս անգամ հնարավոր է եղել «մինչեւ վերջ շահել հայրենակիցների սրտերը», որոնց շրջանում եղել են ԱՄՆ-ում եւ Կանադայում գործող բարձրաստիճան անձինք:
Տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ թատերախումբը այցելություններ է ունեցել հայկական դպրոցներ, մշակութային կենտրոններ, ծանոթացել է սփյուռքի հայկական մարմինների հետ: Մեր այն հարցին, թե որքանով էին սփյուռքահայ դպրոցականները ծանոթ Հայոց ցեղասպանության թեմային, Վարդան Մկրտչյանը պատասխանեց. «Սփյուռքում հայապահպանությունը սկսվում է հենց դպրոցներից: Դպրոցականները շատ լավ գիտեին հայոց պատմությունը: Մենք Տորոնտոյում այցելեցինք հայկական մի վարժարան, եւ մեզ համար երրորդ դասարանի աշակերտները պատրաստել էին ներկայացում` Վարդանանց եւ Բարեկենդանի տոների վերաբերյալ: Մի ուրախացուցիչ հանգամանք եւս. երբ Մոնրեալում էինք, նկատեցինք, որ տարբեր տարիքային խմբերին պատկանող հայ դպրոցականներ միմյանց հետ խոսում էին հայերեն»-պատմեց Վ. Մկրտչյանը:
Նշենք, որ հյուրախաղերն իրականացվել են Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախաձեռնությամբ:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
Մարտի 11-ին 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Կոջոյանը: ՀՀ նկարիչների միությունից տեղեկացնում են, որ հոգեհանգստի արարողությունը կկայանա մարտի 12-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ հուղարկավորությունը` ուրբաթ, ժամը 12:00-14:00-ին, ՀՀ նկարիչների միությունից:
Հիշեցնենք, որ Լեւոն Կոջոյանը ստեղծագործում էր հիմնականում բնանկարի եւ թեմատիկ պատկերի ոճերում:
ՔԼՈՒՆԻՆԵՐԸ` «100 LIVES»-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ
Մարտի 10-ի երեկոյան Նյու Յորքում տեղի է ունեցել «100 LIVES» նախագծի պաշտոնական մեկնարկի արարողությունը: Mediamax.am-ի փոխանցմամբ` Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի եւ Վարդան Գրեգորյանի նախաձեռնած ծրագրի բաղադրիչներից մեկն «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությունն է, որն առաջին անգամ տեղի կունենա 2016 թ. ապրիլի 24-ին, Երեւանում` Էլի Վիզելի եւ Ջորջ Քլունիի մասնակցությամբ: Հայոց ցեղասպանությունից փրկվածների պատմությունները ոգեշնչել են նախագծի նախաձեռնողներին գործարկել ամենամյա մարդասիրական մրցանակ «Aurora Prize for Awakening Humanity»: 1 մլն դոլարի չափով մրցանակն ամեն տարի Երեւանում շնորհվելու է այն մարդկանց կամ կազմակերպություններին, որոնք մեր օրերում պայքարում են դաժանության եւ անարդարության սոսկալի դրսեւորումների դեմ: «Ավրորա»-ի ժյուրիի կազմում ընդգրկված համանախագահներն են հոլիվուդյան դերասան, «Օսկար»-ի մրցանակակիր Ջորջ Քլունին եւ Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը:
Նշենք, որ Ջորջ Քլունին «100 LIVES» նախագծի շնորհանդեսին ներկայացել է կնոջ` Ամալ Քլունիի հետ, որը պաշտպանել է Հայաստանի շահերը «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործում:
ՍԿԱՆԴԱԼ ՓԱՐԻԶՈՒՄ
Փարիզում հերթական սկանդալն է բարձրացել, այս անգամ Կարա Դելեւինի ու Նաոմի Քեմփբելի մասնակցությամբ: Երկու մոդելների միջեւ վեճ է բռնկվել հայտնի երգչուհի Ռիհանայի պատճառով: Միջադեպը տեղի է ունեցել «Castel» գիշերային ակումբում, որտեղ ընթանալիս է եղել Garage ամսագրի կազմակերպած երեկոն: Քեմփբելը զայրացել է Դելեւինի վրա այն բանից հետո, երբ վերջինս տգեղ է արտահայտվել Ռիհանայի մասին: Բանը հասել է նույնիսկ հրմշտոցներին: Մոդելների ներկայացուցիչները հարթել են կատարվածը: