Նոր ուսումնական տարի, կրկին սեպտեմբերի 1: Ոմանց համար սպասված, ոմանց համար` ոչ: Թե որքան գումար է ծախսում հայ ընտանիքն իր երեխային դպրոց ուղարկելու համար, այդպես էլ հստակ չկարողացանք պարզել: Համաքաղաքացիների շրջանում կատարած փոքրիկ հարցման արդյունքում պարզ դարձավ, որ միջինը 30.000-50.000 դրամ է անհրաժեշտ երեխային նոր հագուստ, կոշիկ, պայուսակ ու գրենական պիտույքներ գնելու համար:
Ինչեւէ, սեպտեմբերի 1-ին բավական հետաքրքիր կերպով են պատրաստվում նաեւ մեր զրուցակիցները` երգչուհի Դալիթա Ավանեսյանը եւ երեք տղաների հայր, դերասան Կարեն Մկրտչյանը:
ԴԱԼԻԹԱ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Մինչ դասերի սկսվելը Դալիթան հասցրել է մեկնել հանգստի ու վերադառնալ:
-Իմ երազանքն է եղել լինել Փարիզում, տեսնել Էյֆելյան աշտարակը, Դիսնեյլենդը, եղա նաեւ Լուվրում, շրջեցինք Սեն գետով, տեսա բազմաթիվ տեսարժան վայրեր, այնտեղից հետո էլ գնացինք ծով՝ Կոստա Բրավա, որպեսզի լիարժեք հանգստանանք: Ամբողջ շրջագայությունը տեւեց 15 օր: Շատ տպավորված եմ վերադարձել: Մեկնել էի մայրիկիս ու քեռուս հետ: Վերադարձել եմ մի քանի օր առաջ ու պատրաստվում եմ սեպտեմբերի 1-ին, շատ եմ կարոտել դպրոցը, ընկերներիս:
-Այս մի քանի օրվա ընթացքում հասցրե՞լ ես գնումներ կատարել դպրոցի համար:
-Դպրոցական իրերիս մեծ մասն էլ Բարսելոնայից ու Փարիզից եմ վերցրել: Գնել ենք պայուսակ ու գրենական պիտույքներ: Անհամբեր սպասում եմ դասերի սկսվելուն:
-Ամառային արձակուրդներից հետո երեխաները սովորաբար չեն ուզում գնալ դպրոց, քեզ մոտ հակառակն է:
-Ես չեմ ուզում, որ ամառը վերջանա, բայց դպրոց միշտ էլ սիրով եմ գնում, նույնիսկ շտապում եմ: Այս տարի ես նաեւ ավարտական 9-րդ դասարանում եմ: Սովորում եմ “Ալմանախ” կրթահամալիրում:
-Կհիշե՞ս քո առաջին սեպտեմբերի 1-ը:
-Իհարկե հիշում եմ, մամայիս, տատիկիս ու պապիկիս հետ ծաղկեփնջով բոլորով գնացինք դպրոց, շատ ուրախ էի: Չէի վախենում, ուղղակի հուզվում էի, որ առաջին անգամ դպրոց եմ գնալու:
-Ի՞նչն է ամենաուրախ բանը, որ ամենից շատ գրավում է քեզ դպրոցում:
-Դե ուրախը, իհարկե, դասամիջոցներն են (ծիծաղում է-խմբ.):
-Լա՞վ ես սովորում:
-Առաջադիմությունս, ինչպես միշտ, բարձր է: Սիրում եմ լեզուներ, պատմություն, մի քիչ էլ մաթեմատիկա:
ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Դերասանին միանշանակ կարելի է բազմազավակ հայրիկ համարել. նա ունի երեք որդի, երեքն էլ դպրոցական` մեծը 9-րդ դասարանում է, միջնեկը` 6-րդ, փոքրը` 2-րդ:
-Սեպտեմբերի 1-ին մենք պատրաստվում ենք ամբողջ ընտանիքով, բայց հիմնական բարդ գործը մամայի վրայա:
-Ի՞նչ է հասցրել գնել Ձեր կինը:
-Նա ավելի ճիշտ է որոշում, թե իր տղաներից որին ինչ պայուսակ է պետք, ով է ավելի վայրենի, ով` ավելի գլամուրնի: Էդ տեսակ զիզի-բիզի բաներ որոշում է մաման, իսկ ես որպես “օտեկա” եմ: Էն, ինչ պիտի առնեն, մի հատ ստուգում եմ որակն ու ասում, թե քանի օր կտեւի տղաների ձեռքին, բայց մեկա՝ թողնում ենք էրեխեքի ընտրության վրա:
-Հաշվե՞լ եք, թե 3 որդիներին դպրոց ուղարկելու համար ինչքան գումար է անհրաժեշտ:
-Եկե՛ք չարտահայտվենք: Սրանից կարելի է ենթադրել, որ կարգին էլ թիվ ա գնում: Բայց ես չեմ հաշվում էդ բաները: Բա մենք ինչի՞ համար ենք աշխատում: Գումար ենք վաստակում, որ ծախսենք: Շատ ավելի հաճելի է, երբ դա պիտանի բաների վրա ես ծախսում:
-Ձեր տղաները սիրո՞վ են գնում դպրոց:
-Որ հարցնում ես, կեղծավոր ժպիտով ասում են` հա, բայց ես նկատում եմ, որ այդքան էլ սրտանց չեն ասում:
-Իսկ Դուք սիրո՞վ եք գնացել դպրոց:
-Ես շատ հավեսով եմ գնացել դպրոց, նույնիսկ կարոտում էի դասերս, դպրոցական ընկերներիս: Բոլոր սեպտեմբերներն էլ հիշում եմ, գյուղից տրաքած գալիս էինք, ու սկսվում էր դասերից փախչելը, դաս չսովորելը, ընկերների հետ կենդանի շփվելը: Մեր ժամանակ շփումը շատ ավելի բնական ու ճիշտ էր: Իսկ հիմա էս մարդիկ իրար չեն կարոտում, սաղ ամառ իրար “Օդնոկլասսնիկ”-ով գրել են, էլ որտեղի՞ց կարոտեն: Ասեմ ավելին, հեսա որ նորից գնան դպրոց, էլի իրար հետ չեն խոսալու, դասից հետո գալու են տուն ու սկսեն ինտերնետով իրար գրել:
-Երեխաներին չե՞ք արգելում համակարգչին մոտենալ:
-Է՜, ինչքա՞ն, հեռախոսներով կմտնեն:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ