ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեցել եմ գազի պարտք՝ 180.000 դրամ, եւ որոշ ժամանակ անց մուծել եմ այն: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ մեր տան գազն անջատված է: Տեսուչը չի միացնում այն՝ պատճառաբանելով, որ ես անպարտաճանաչ հաճախորդ եմ: Խնդրում եմ՝ ասե՛ք, թե ինչ պետք է անեմ, եւ արդյոք այդպիսի օրենք կա:

Ամալյա Աբգարյան, Արարատի մարզ,
գյուղ Նորաբաց, Երիտասարդական 19

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամալյա Աբգարյանի հարցմանն ի պատասխան` տեղեկացնում ենք, որ 2011թ. սեպտեմբերի 13-ին «Հայռուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի ԳԳՄ-ն հայցադիմում է ներկայացրել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` Ամալյա Աբգարյանի հետ կնքված պայմանագիրը լուծելու վերաբերյալ, քանի որ բաժանորդը պարբերաբար խախտել է պայմանագրային պարտավորությունները՝ չկատարելով վճարումներ մատակարարված բնական գազի դիմաց, ինչը համարվում է պայմանագրի պայմանների էական խախտում:
Դատարանը, հիմք ընդունելով «Հայռուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի ԳԳՄ-ի կողմից ներկայացված բոլոր ապացույցները, հայցը բավարարել է, եւ 2011թ. հոկտեմբերի 27-ին լուծվել է բաժանորդի հետ 24.12.2009թ. կնքված թիվ 012266 պայմանագիրը:
Արտաշատի ԳԳՄ-ն պատշաճ կերպով տեղեկացրել էր Ամալյա Աբգարյանին պայմանագիրը լուծելու վերաբերյալ հայցադիմումով դատարան դիմելու մասին, դատարանն էլ իր հերթին վճիռը կայացնելուց հետո ծանուցել է նրան դատական որոշման մասին:

«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի հասարակայնության
հետ կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի բան պարզ է` Հայաստանում գազն այնքան թանկ արժե, որ ցանկացած դեպքում «Հայռուսգազարդ»-ն իր բարոյական պարտքը պետք է համարի վճարման ուշացումն անտեսել: Տվյալ դեպքում գազամատակարար ընկերությունը բաժանորդի հետ (ինչ-որ օրենքներում սահմանված նորմերից անկախ) միանգամայն սխալ է վարվել, եւ ուշացումները, որոնք գազի` առաջիկայում թանկանալուց հետո ավելի են հաճախակիանալու, միանշանակորեն պետք է անտեսվեն:




Լրահոս