ԱԽՐ ԵՐՎԱՆԴՆ Ի՞ՆՉ ՍՐՏՈՎ ՏՈՒԳԱՆԻ «ԱԽԹԱԼԱՅԻ ԼՀԿ»-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը», պարզվում է, վերջին երկու տարիներին լիարժեք արտոնյալ վիճակում է հայտնվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեռեւս 2013 եւ 2014 թվականներին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն այս ընկերությունում լայնածավալ ստուգումներ է իրականացրել, որոնց արդյունքում հայտնաբերել է բազմաթիվ լուրջ խախտումներ, սակայն ընկերությունն այդպես էլ ոչ մի տույժ-տուգանքի չի ենթարկվել: Տեղեկացնենք, որ վերջին երկու տարիներին «Ախթալայի ԼՀԿ»-ը գտնվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի վերահսկողության ներքո: Իսկ անցած տարվա վերջից այդ ձեռնարկությունը, կարելի է ասել, պաշտոնապես է գտնվում նրա վերահսկողության ներքո: Մաքսիմ Հակոբյանը ՀՀ իշխանություններին հարազատ մարդ է, ի վերջո, բոլոր ընտրությունների ժամանակ նրանց համար ցանկալի նշումով քվեաթերթիկներ է ապահովել: Կասկածից վեր է, որ Մաքսիմ Հակոբյանը շատ լավ գիտի իշխանությունների եւ հատկապես ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի «սրտի լարերին» հասնելու բոլոր ուղիները, ու թերեւս դրա համար էլ խախտումները տուգանքների չեն վերածվել, այլ մնացել են օդում կախված:
Հիշեցնենք, որ «Ախթալայի ԼՀԿ»-ն մինչեւ 2011 թվականը պատկանում էր ամերիկահայ Սերոբ Տեր-Պողոսյանին, որն այդ ժամանակ զբաղեցնում էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդականի պաշտոնը: 2011-ի հունվարին 69-ամյա Սերոբ Տեր-Պողոսյանը կալանավորվեց մանկապղծության մեղադրանքով եւ հետագայում դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, իսկ 2014-ի սեպտեմբերին մահացավ քաղցկեղից:

 

 

 

 

 

Նախօրեին Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի եւ մի շարք քաղաքական ուժերի հանդիպումների շարքը, որն արդեն ստացել է «նախագահականի ֆոտոսեսիա» անվանումը, քաղաքական դաշտում տիրող անհասկանալի վիճակը իսկական խառնաշփոթի է վերածել: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարել է, թե «Սահմանադրական փոփոխություններին աջակցողները կդառնան Սերժ Սարգսյանի սպասարկուն»: ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ով եւս հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մեր իրավունքն է մասնակցել բոլոր այն բաներին, որոնց մասնակցում ենք: Քաղաքական պրոցեսին մասնակցության ձեւը ընտրում է յուրաքանչյուր քաղաքական ուժ: Նման պիտակներ տվողներն առնվազն հոգեկան խնդիրներ ունեն»: Իսկ կոնկրետ Լեւոն Զուրաբյանի հայտարարության առնչությամբ ՀՀՇ ղեկավարն ասաց. «Լեւոն Զուրաբյանը հոգեկան խանգարում ունեցող երիտասարդ է, ես դրան ի՞նչ մեկնաբանեմ»:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ի շահերը սպասարկելու համար ձեւավորված «Ազատամարտիկների դաշինք»-ը մարտի 18-ին դռնփակ նիստ է հրավիրել, որի ընթացքում կազմակերպության անդամները պետք է որոշեն իրենց հետագա անելիքները: ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «կապիտուլացիայից» եւ քաղաքականությունից դուրս գալուց հետո ազատամարտիկները մնացել են անորոշության մեջ եւ չեն պատկերացնում իրենց հետագա անելիքները: Ազատամարտիկներն իրենց գործունեությունը ծավալում են «Հայրենիք» կինոթատրոնի առաջին հարկում, որը պատկանում է Երեւանի Շենգավիթի վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանին (Կադիլակ Սերոժ): Երեկ «ժողովուրդ»-ը փորձեց Ս. Հովհաննիսյանից պարզել՝ արդյոք տարածքը շարունակելու է մնալ ազատամարտիկների տնօրինության տակ: «Այդ տարածքը մենք տվել ենք վարձակալության, ու ես տեղյակ չեմ, թե այժմ այդտեղ ինչ կազմակերպություն է աշխատում»,- պատասխանեց Վիեննայում գտնվող Սարգիս Հովհաննիսյանը:

 

 

 

 

Այն, որ ՀՀ Կառավարությունը ցանկանում է մեծ գումարներ հայթայթել, վաղուց հայտնի իրողություն է: Այս տարի վերահաս տնտեսական ճգնաժամից խուսափելու համար 800 մլն-ից մինչեւ 1 մլրդ դոլար է հարկավոր: Ընդ որում, ոչ թե վարկային գումարներ են անհրաժեշտ, այլ Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրումներ: Սակայն ներդրողներ, որպես այդպիսին, տեսադաշտում չեն երեւում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Քուվեյթ կատարած այցը հենց ներդրումներ ներգրավելու նպատակ է հետապնդում: Արաբական աշխարհի շեյխերը, որպես պոտենցիալ ներդրողներ, նույնիսկ եվրոպական երկրների համար են դարձել գրավիչ: Ուստի, կարելի է ասել, որ Հովիկ Աբրահամյանը որոշել է ինքն էլ փորձել մեկ-երկու շեյխի համոզել, մեկ էլ տեսար ստացվեց: Տեղեկություններ կան, որ Քուվեյթի գործարարներից ոմանք Աբրահամյանին խոստացել են Հայաստանի ենթակառուցվածքներում` ոռոգման համակարգերի կառուցման գործում, խոշոր ներդրումներ կատարել: Իսկ որքանով կկատարեն իրենց խոստումը, ցույց կտա ժամանակը:

 

 

 

 

ԱՌԱՆՑ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ

Երբ Սերժ Սարգսյանը մեկ գիշերում որոշեց Հայաստանի զարգացման հեռանկարը կապել ԵՏՄ-ի հետ, եւ դրանից ընդամենը մեկ օր առաջ Եվրամիության գովքն անող հանրապետականները ստիպված եղան կայծակնային արագությամբ փոխել իրենց «երգացանկն» ու ձեռնամուխ լինել արդեն եվրասիական հեռանկարների գովերգմամբ, ահա, այդ օրերին արդեն պրոֆեսիոնալ տնտեսագետները հայտարարում էին, որ ԵՏՄ-ին անդամակցելուց կարճ ժամանակ անց մենք ստիպված ենք լինելու մտնել ռուբլու գոտի: Մինչդեռ ԱԺ ՀՀԿ խմբակցության տնտեսագետ պատգամավորներն ու Կառավարության անդամները ջանք ու եռանդ չէին խնայում` համոզելու համար, թե ՀՀ դրամը փոխելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Հետագայում, երբ միասնական արժույթի մասին խոսակցությունները վերստին մտան շրջանառության մեջ, իշխանական տնտեսագետներն արդեն այդքան կտրուկ չէին հերքում ռուբլու՝ գոտի մտնելու հավանականությունը, սակայն նշում էին, թե այդ մասին հնարավոր կլինի մտածել առնվազն տասը տարի հետո:
Իսկ, ահա, միասնական արժույթի անցման հնարավորություններն ուսումնասիրելու վերաբերյալ Վ. Պուտինի` ՌԴ ԿԲ-ին օրերս տրված հանձնարարությունից հետո մեր պալատական տնտեսագետներն արդեն անթաքույց խոսում են ԵՏՄ-ում վաղ թե ուշ արժութային միություն ստեղծելու անխուսափելիության մասին: Այդպիսի տնտեսագետներից, օրինակ, Աշոտ Թավադյանը, ով հանդիսանում էր Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության հիմնական քարոզիչներից մեկը, նախօրեին արդեն խոսել է այն բոլոր քայլերի մասին, որոնք Հայաստանը պետք է իրականացնի` նախքան միասնական արժույթին անցնելը: Թե ինչու է Պուտինն այսպիսի արագությամբ փորձում կյանքի կոչել նաեւ արժութային միությունը, թերեւս բացատրելու կարիք չկա: Քաղաքակիրթ ողջ աշխարհից մեկուսացած ՌԴ ղեկավարը ցանկանում է օր առաջ հնարավորինս անդառնալի դարձնել ԵՏՄ-ի ինտեգրացիոն գործընթացները, քանզի հապաղելու դեպքում այս միությունը կարող է պարզապես փլուզվել: Իսկ թե որքանով են Բելառուսի, Ղազախստանի կամ Հայաստանի տնտեսությունները դրան պատրաստ, ամենեւին էական չէ: Ի վերջո, Ռուսաստանի համար ԵՏՄ-ն նախ եւ առաջ սեփական ռեսուրսների արտահանման շուկա է, որն էլ Պուտինը փորձում է գրավել ցանկացած եղանակով:
Իհարկե, ՀՀ ԿԲ-ն հայտարարել է, թե արժույթի փոփոխության հարցն այս պահին եւ տեսանելի առաջիկայում քննարկման օրակարգում չէ, սակայն դա որեւէ կերպ չի երաշխավորում, որ անհրաժեշտության դեպքում այդ տեսանելի առաջիկան կարող է ավարտվել հենց հաջորդ ամիս, եթե նման հրահանգ տրվի Մոսկվայից: Ի վերջո, եթե Ս. Սարգսյանը մի գիշերում կարող է վերանայել երկրի տեսանելի եւ հեռավոր ապագայի տեսլականը, ինչու պետք է ԿԲ-ն ավելի հետեւողական լինի: Էլ չասած, որ սահմանադրական բարեփոխումների նախագծում կարելի է շատ հանգիստ ներառել նաեւ ՀՀ պետական արժույթի մասին կետի փոփոխությունը եւ բոլոր հարցերը լուծել փաթեթով:




Լրահոս