Արդեն հայտնի ճշմարտություն է, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում տեղի ունեցած քրեական աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանությունը փոթորկել է ոչ միայն քրեական, այլ նաեւ քաղաքական դաշտը: Ուստի զարմանալի էլ չէ, որ այս սպանության բացահայտումը հանձնարարվեց ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի լուրջ, մանրակրկիտ եւ գաղտնի քննություն իրականացնի:
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն գաղտնի պահում
Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում սպանվել էին Լեւոն Ղազարյանը՝ Երրորդմասցի Լյովիկ, Դերենիկ Թադեւոսյանը՝ Դրոն, եւ Մեսրոպ Նազարյանցը: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ սպանությունը կատարել է Շենգավիթցի Գաստրիկը, որը վրեժ է լուծել Երրորդմասցի Լյովիկից՝ իրեն նվաստացնելու եւ դաժան ծեծի ենթարկելու համար: Քրեական հեղինակության սպանությունից անցել է 10 օր, սակայն մինչ օրս այս գործով քննությունը վերջնարդյունքին մոտեցող եզրահանգումներ չի հրապարակել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ազգային անվտանգության ծառայությունում որոշում է կայացվել, որ անգամ իրավապահ մյուս կառույցների հետ համագործակցության ֆորմատով քննարկվելիք հարցերը պետք է լինեն խիստ գաղտնիության շրջանակներում: Ասել են, թե սպանության գործով որեւէ իմֆորմացիա չպետք է դուրս սպրդի որեւէ կառույցից՝ առանց նախաքննության մարմնի գիտության եւ ուղղորդման: Ու եթե այլ քրեական գործերով լրագրողները հնարավորություն են ունենում շատ արագ իմֆորմացիա ստանալ տարբեր աղբյուրներից, ապա այս գործով գրեթե բոլոր աղբյուրները «ցամաքել են»: Բայց գաղտնիության այս շղարշի ներքո «Ժողովուրդ»-ին հաջողվեց ընդամենը որոշ մանրամասներ պարզել:
Հետախուզվողները 3-ն են, կասկածյալները՝ տասնյակ
Երեկ ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) եւ 1984թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ ոստիկանության՝ վերջիններս մեղադրվում են 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած սպանության մեջ: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104` սպանություն, եւ 235` ապօրինի զենք զինամթերք կրել, պահել, հոդվածների հատկանիշներով: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ բացի այս անձանցից՝ կան եւս տասնյակ կասկածյալներ, որոնց նախաքննող մարմինը փնտրում է: Պարզապես դեռ առայժմ հետախուզում չի հայտարարվել: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԱԾ-ից պարզել, թե կոնկրետ այս անձիք ինչ գործողություն են կատարել՝ օժանադակել են սպանությա՞նը, թե հենց իրենք են եղել քրեական հեղինակություններին կրակողները, իսկ գուցե նրանց պատվիրատունե՞րն են: Ու բացի այս երեք անձանցից՝ այլ մարդիկ կա՞ն, որոնք եւս կասկածվում են: Սակայն այս հարցերի պատասխանները ստանալու մեր փորձերը ԱԱԾ-ից ապարդյուն անցան: «Նախաքննությունը շարունակվում է»,-ահա, միայն այսպիսի պատասխան ստացանք ԱԱԾ-ից:
Ովքեր են Տլեն, Ծգլը եւ Գաստիկը
Սարգիս Գրիգորյանը` Ծգլ, Սարգիս Հախանումյանը` Տլեն, որպես այդպիսին որեւէ բանով հայտնի չեն լայն հանրությանը: «Ժողովուրդ»-ը այցելեց նրանց բնակության վայր, որտեղ հարեւանները զարմացած պատմեցին, որ չեն հավատում, թե նրանք կարող էին այդպիսի համարձակություն ունենալ, քրեական հեղինակության սպանել: Հարեւաններից շատերն էլ կարծիք հայտնեցին, որ միգուցե տղաների թիկունքում այնպիսի մարդիկ են կանգնած եղել, որ նրանք առանց վախի գործել ու համարձակորեն մարդ են սպանել: Armlur.am-ի տեղեկություններով՝ իրականում Տլեն ու Ծգլը, Գաստիկի «սպասավորներն» են եւ մշտապես կատարել են նրա ցուցումները: Ի դեպ, Տլեն տարիներ առաջ սպանված, քրեական աշխարհում հայտնի հեղինակություն համարվող «երրորդմասի բազարի Կյաժի» եղբոր` Գագուլի համախոհն է: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Տլեն եւ Գագուլը նախկինում գողություն կատարելու մեջ են մեղադրվել: Սակայն այս պահին ճաղերի հետեւում միայն հայտնվել է Գագուլը: Տլեն ազատության մեջ է մնացել:
Ի՞նչ է կատարվում քրեական աշխարհում
Քրեական աշխարհից «Ժողովուրդ»-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ հանցագործ աշխարհում եւս այս օրերին լուրջ քայլեր են ձեռնարկվում՝ բացահայտելու կատարվածը: Մասնավորապես քրեական տարրերը եւս փորձում են հասկանալ, թե ում հետ է խնդիրներ ունեցել Երրորդմասցի Լյովիկը, ում է նեղացրել նա վերջին շրջանում: Քրեական աշխարհում չեն ժխտում, որ Լեւոն Ղազարյանը, իր մտերիմ ընկերը` Տույը, սովորաբար իրենց խնդիրները լուծել են դաժան ծեծի միջոցով: Ուստի հիմա փորձում են հասկանալ, թե հատկապես ում կոկորդին են մնացել Լյովիկի ծեծերը: Արդյունքում՝ մինչ այժմ կրիմինալ աշխարհում եւս չեն կարողանում հասկանալ, թե ով կամ ովքեր են իրականում հրահանգել սպանել Լեւոն Ղազարյանին եւ նրա ընկերներին: Ի դեպ, նշենք, որ Լեւոն Ղազարյանը եղել է ՀՀ իշխանությունների հովանավորյալը եւ միշտ շատ մարդկանց է նեղացրել` վստահ լինելով, որ չի պատժվելու:
Վենդետա «խոշոր ձկների» մակարդակով
Ակնհայտ է, որ կատարվածը քաղաքական վերադասավորումների արդյունք կարող է դառնալ: Ու թերեւս հենց այստեղ պետք է փնտրել այս գործի մասով «գաղտնապահության» ձգտումը: Ինչպես հայտնի է՝ Լյովիկը մշտապես եղել է իշխանության շտաբի ներկայացուցիչ եւ տարբեր ընտրություններում իշխող ՀՀԿ-ի ու նախագահին ձայն բերող մարդկանցից մեկն էր: Ուստի այս օրերին ԱԱԾ-ն հնարավոր բոլոր քայլերն իրականացնում է՝ հասկանալու համար, թե ով կարող էր իշխանության համար աշխատող քրեական հեղինակության վրա ձեռք բարձրացնել: Ու քանի որ նա ադեն չկա, աներկբա է, որ քրեական աշխարհում առաջիկայում լուրջ վերադասավորումներ են սպասվում՝ Լյովիկի բաց մնացած տեղը լրացնելու համար: Բնականաբար, քաղաքական ու իշխանական գործիչները չեն կարող անմասն մնալ այդ գործընթացից, քանի որ քրեական աշխարհն ուղղակիորեն առնչվում է մեր երկրում քաղաքական դաշտին:
Իրենց քրեական ոլորտի մասնագետ համարողները կարծիք են հայտնում, որ այս պատմությունն այսպես չի ավարտվի, եւ վենդետան անխուսափելի կլինի: Ընդ որում՝ ոչ միայն քրեական հեղինակությունների մակարդակով, այլ քրեական հեղինակությունների «պապաների»: Այս տրամաբանությամբ, թերեւս, առաջիկայում ԱԱԾ-ի տեսադաշտում կհայտնվեն առավել «խոշոր ձկներ»:
Իսկ մեզ մնում է այս իրադարձություններին հետեւել «հաց եւ տեսարան» հայտնի ճշմարտության տեսանկյունից, քանի որ մինչ այժմ եղած տեղեկություններն ու վարկածներն այնքան էլ հավատարժան չեն թվում, եւ դժվար է դրանք համարել տեղի ունեցած սպանության իրական պատճառ: Իրականությունն ավելի խճճված ու հեռու է դեռ թվում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով «Արմավիր» ՔԿՀ պետ Արսեն Խշտոյանը փոխադրման կարգով նշանակվել է «Աբովյան» ՔԿՀ պետի պաշտոնում, իսկ «Աբովյան» ՔԿՀ պետ Արամ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Հրազդան» ՔԿՀ պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը 2015 թվականի մարտի 10-ից հանձնարարվել է նույն ՔԿՀ պետի տեղակալ Լեոնիդ Մկրտչյանին, իսկ ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը փոխադրման կարգով նշանակվել է «Արմավիր» ՔԿՀ պետի պաշտոնում:
ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԻՆ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նախօրեին այցելել են ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի երկու դիվերսանտներին` Շահբազ Գուլիեւին եւ Դիլհամ Ասկերովին: Այս մասին «Արցախպրես»-ին ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը՝ նշելով, որ դա եղել է թվով 10-րդ այցելությունը։ «Այցի ժամանակ տեղի է ունեցել ընտանեկան նորությունների փոխանակում»,- հայտնել է . Մուսայելյանը։
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երեկ աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, որտեղ Աբրահամյանը մասնակցել է «Եգիպտոսի տնտեսության աջակցության եւ զարգացման» միջազգային տնտեսական համաժողովին: Այդ միջոցառմանը ներկա են եղել մոտ 100 պետություններից նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, միջազգային ֆինանսական կառույցների պատասխանատուներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նաեւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի հետ:
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Yerkir.am-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից փորձել է պարզել՝ եթե Սերժ Սարգսյանի կողմից լինի հրավեր՝ քննարկելու սահմանադրական բարեփոխումների հարցը, ՀԱԿ-ը կընդունի՞ այն: «Այս պահի դրությամբ մենք չունենք հրավեր, բայց գուշակություններով չենք էլ զբաղվում, մնացածն արդեն քննարկելու հարց է»,- նշել է Ջհանգիրյանը:
ԿՈՏՐԱԾ ՁԵՌՔԸ
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն դարձյալ հիշել է իրենց՝ «Հայաստանին մեկնած ձեռքի» մասին, որը, ըստ նրա, «տգեղ կերպով մերժվել է»: Չավուշօղլուն ասել է. «Հարավային Կովկասում բոլոր խնդիրների կենտրոնում Հայաստանն է: Բոլոր հարեւանների հետ խնդիրներ ունեցող երկիրը պետք է հայելուն նայի»:
ՄԻՆՉԵՎ ԳԱՐՈՒՆԸ ԳԱ…
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները երեկ հանդիպել են Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: Գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, սակայն, Armlur.am-ին տեղեկացրել է, որ Զախարյանը որեւէ նոր բան չի ասել: «Պարոն Զախարյանը շարունակում է պնդել, որ մեր աշխատավարձի պարտքի մարումը տեղի կունենա կա՛մ գույքի վաճառքից հետո, կա՛մ միջպետական բանկի հետ հարաբերությունների կարգավորումից հետո, որի արդյունքում «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը կվերադարձվեն ՀՀ-ին, եւ ամբողջ գույքը գրավից կհանվի»: