Մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու փաստը մտահոգել է աշխարհի տարբեր երկրների ժողովուրդներին:
ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է արել Հունգարիայի Հանրապետությունը, որ Ադրբեջանին է հանձնել հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին, որտեղ նրան հերոսի կոչում են տվել: Ըստ Ձեզ՝ կատարվածին ինչպե՞ս պետք է արձագանքի միջազգային հանրությունը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մեր պատասխանը նույնն է, ինչ Սպիտակ տան եւ պետքարտուղարության պատասխանը: Միացյալ Նահանգները խիստ անհանգստացած է այն նորության կապակցությամբ, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայից փոխանցվելուց հետո տեղափոխվել էր Բաքու: «Սաֆարովը հունգարական բանտում ցմահ ազատազրկման պատիժ էր կրում 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար: Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանին այս քայլի առնչությամբ եւ ակնկալում ենք բացատրություններ: Մենք նաեւ լրացուցիչ տեղեկություններ ենք ակնկալում Հունգարիայից՝ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու որոշման առնչությամբ»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Պատրիկ Վենթրելը: Ստեղծված իրավիճակի հետ կապված իր մտահոգությունն է արտահայտել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Մենք կապվել ենք Ադրբեջանի ղեկավարների հետ` հայտնելու մեր հիասթափությունը Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ: Այդ արարքը հակասում է տարածաշրջանում ճնշման թուլացման եւ հաշտեցման համար գործադրվող ջանքերին»,-ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակի ս. թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունը. «Ֆրանսիան իր մտահոգությունն է հայտնում օգոստոսի 31-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ։ 2006-ին վերջինս հունգարական արդարադատության կողմից դատապարտվել էր ցմահ բանտարկության՝ 2004թ. Բուդապեշտում հայ սպայի աներեւակայելի սպանության համար։ Ֆրանսիան, ինչպես եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում խորապես ներգրավված Մինսկի խմբի այլ համանախագահները, համարում է, որ այդ որոշումը կարող է լրջորեն վնասել բանակցային ջանքերին եւ կողմերի միջեւ վստահության մթնոլորտի հաստատմանը»։
ՍԵՐԺ ՍՄԵՍՈՎ
շարունակելի
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ