Ալյուր արտադրողները վնասով են աշխատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ալյուրի արտադրությամբ եւ ներմուծմամբ զբաղվող հայ տնտեսվարողները մի շարք դժվարությունների առաջ են կանգնել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ որոշ տնտեսվարողներ այս տարվա փետրվարից սկսած մեծ քանակությամբ ալյուր են ներմուծել Հայաստան, որն ավելի էժան գնով են վաճառում: Դրա արդյունքում տուժում են տեղական արտադրողները, որոնք չեն կարողանում իրենց՝ ամիսներ առաջ պահեստավորած խմբաքնակը վաճառել:

Մասնագետների գնահատմամբ` ալյուրի գինը նախորդ տարվա համեմատ արդեն 25 տոկոսով էժանացել է, իսկ նման էժանացում վերջին 5 տարիներին չի արձանագրվել: «Ժողովուրդ»-ը ալյուրի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից տեղեկացավ, որ այսօր 50 կիլոգրամանոց 1 պարկ ալյուրը 13 հազար դրամից դարձել է 10 հազար 500 դրամ:

Մի կողմից սա, իհարկե, շարքային սպառողի համար շատ լավ է, սակայն մյուս կողմից նման աննախադեպ եւ սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված գնանկումը մեծապես հարվածում է տեղական արտադրողներին: Ալյուրի տեղական շուկայում ստեղծված այս իրավիճակի հետեւանքով որոշ տնտեսվարողներ հնարավոր է՝ առաջիկայում դադարեցնեն իրենց արտադրությունը: Բանն այն է, որ տեղական արտադրողները ցորենը ներմուծում են ու այստեղ են ալյուր պատրաստում, ինչը կապված է մեծ ծախսերի հետ, իսկ նրանք, ովքեր մեծ քանակությամբ հենց ալյուրն են ներմուծում (հիմնականում Ռուսաստանից) ավելի շատ են օգտվում: Եվ արդյունքում տեղական արտադրողները չեն կարողանում իրենց ունեցածը սպառել կամ էլ այն իրացնում են ավելի էժան գնով` այդպիսով մեծ վնասներ կրելով:

«Մանչո գրուպ»-ի սեփականատեր Իվան Մոսոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս թեմային, հայտարարեց, որ ալյուր ներմուծողները հիմնականում պատահական մարդիկ են, որոնք տեսնելով այստեղի ու ՌԴ-ի շուկաներում ստեղծված գների տարբերությունը՝ մեծ քանակությամբ ներմուծում են՝ չհասկանալով, թե ինչ են բերում:

«Ու չէի ասի, որ լավ արդյունքների են հասնում: Նախ՝ գոյություն ունի որակ հասկացողությունը: Նրանք բերում են շատ անորակ ալյուր: Իհարկե, մեր սպառողներն էլ սկզբում նկատելով ալյուրի էժան գինը՝ անմիջապես գնում են, սակայն որոշ ժամանակ անց համոզվում են, որ այն ցածրորակ է, եւ այլեւս չեն գնում: Այս ֆոնին մեր արտադրանքը շատ ենք էժանացրել եւ իր իրական արժեքից նույնիսկ ավելի էժան ենք վաճառում: Մենք ստիպված գնացինք այդ քայլին, որպեսզի շուկայում ներմուծվող ալյուրի հետ մրցունակ դառնանք»,- ներկայացրեց Մոսոյանը: Մեր զրուցակցի խոսքերով՝ ներմուծված ալյուրով հնարավոր չէ «նորմալ» հաց թխել: Նրա համոզմամբ՝ այն նույնիսկ պիտանի չէ մակարոն պատրաստելու համար:

«Իհարկե, սրա արդյունքում մենք այսօր վնասով ենք աշխատում: Այսինքն՝ ցորեն-ալյուր հարաբերությունը մեզ մոտ բավականին վնասով է ստացվում: Մենք ցորենը բերում ենք, ալյուր ենք արտադրում եւ սրանով մենք ավելի թանկ ենք վճարում, քան ալյուր ներմուծողը: Բացի այս՝ եթե մեծ քանակությամբ ալյուր են ներմուծում, ապա այն հնարավոր չէ երկար պահել: Եթե ցորենը կարողանում ենք տարիներով պահպանել համապատասխան ջերմային ռեժիմի տակ, ապա ալյուրը երբեք չենք կարող արտադրելուց հետո երկար պահել»,- տեղեկացրեց գործարարը:

Նա նշեց, որ ալյուրի գինը կախված է ՌԴ-ի շուկայում տիրող իրավիճակից: «ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ պետտուրք չի սահմանել, այսինքն՝ մենք որոշակի արտոնյալ վիճակում ենք: Եթե ցորենի գինը մյուս երկրների համեմատ ՌԴ-ում էժանացավ, ապա մեր մոտ ալյուրը չի թանկանա: Դա անկանխատեսելի է, բայց ամեն դեպքում մեծ տեղաշարժ, սթրեսային վիճակ չի լինի»,- կանխատեսեց Մոսոյանը:

«Ժողովուրդ»-ը «Մանանա Գրեյն»-ի ընկերության սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանից հետաքրքրվեց՝ այս ամենի արդյունքում հնարավո՞ր է ընկերությունում աշխատողներ կրճատվեն: «Սպասվում է, անպայման: Եթե այդ խնդիրները չկարգավորվեն, ապա պարտադիր կդիմենք այդ քայլին»,- նշեց Նիկողոսյանը: Իսկ ակնկալիքների մասին խոսելիս էլ գործարարը նկատեց, որ այս պահին ամեն ինչ կախված է Ռուսաստանի Դաշնությունից, որովհետեւ այնտեղ առկա տնտեսական ճգնաժամն իր բացասական ազդեցությունն է թողնում հայ արտադրողների գործունեության վրա: «Չեմ կարող ասել, թե ինչ կլինի, որովհետեւ դեռ հայտնի չէ:

Նախ՝ պետք է կարգավորվի Ռուսաստանի տնտեսությունը: Այդ տնտեսական ցնցումներն ազդում են մեր գործունեության վրա: Բայց մենք ոչ ոքից ոչինչ չպետք է ակնկալենք: Հակառակը՝ փնտրում ենք ավելի հարմար գներով արտադրանք, որպեսզի եթե շահույթ չենք կարողանում ապահովել, ապա գոնե զրոյականով աշխատենք»: Գործարարը նշեց, որ ալյուրի նման գին արձանագրվել է 2005, 2006 եւ 2008 թվականներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս