Սերժ Սարգսյանի` Ռուսաստանին հասցեագրված դժգոհությունը՝ այդ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստով պայմանավորված, բազմաթիվ հարցերի տեղիք տվեց:
Մասնավորապես, հիմնական հարցը, որ այս ընթացքում հնչում էր՝ ինչու Սերժ Սարգսյանը հենց հիմա հիշեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին, ինչու նա այդ մասին չէր խոսում այն ժամանակ, երբ պայմանագիրն էր ստորագրվում, երբ զենքը դեռ չէր մատակարարվել:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ՝ արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանն ասել էր. «Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը, ելնելով տարբեր դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին: Եվ այստեղ խնդիրը նույնիսկ սպառազինության որակը չէ: Խնդիրն այն է, որ մեր սահմանին կամ շփման գծում կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով»:
Այս հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Եվրասիական տնտեսական միության անդամ չորս երկրներից երեքի` Ռուսաստանի, Բելոռուսի եւ Ղազախստանի նախագահները որոշել են առանձին հանդիպել եւ ԵՏՄ շրջանակներում իրենց տնտեսական հարաբերությունների հարցերը քննարկել: Ավելին՝ սկզբում այդ հավաքույթը նախատեսված էր մարտի 13-ին, բայց հետագայում այն հետաձգվեց մարտի 20-ին, եւ կրկին առանց Սերժ Սարգսյանի: Ավելին՝ երեկ էլ հայտնի դարձավ, որ եռյակի անդամներով որոշել են մայիսի 8-ին կրկին հանդիպել, այս անգամ արդեն Մոսկվայում:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ԵՏՄ-ի շրջանակներում Սերժ Սարգսյանի մասին բոլորը մոռացել են եւ ոչ էլ ուզում են հիշել, նույնիսկ այն բանից հետո, երբ նա իր մասին հիշեցրեց: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը փորձում է ռուսներին «ատամ ցույց տալ» կամ գոնե նեղացածի կերպար ընդունել: Ու եթե վերհիշենք միայն վերջին երեք ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները, կհամոզվենք, որ դրա համար նա բազմաթիվ պատճառներ ունի: Փոխարենը ուշագրավ է ռուսական կողմի պատասխանը, որը երեկ հնչեց պաշտոնական Կրեմլի հիմնական քարոզիչի՝ Դմիտրի Կիսելյովի շուրթերից:
Վերջինս «Կովկասի լրատու» լրատվական կայքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի մասին ասել էր. «Նա իր խոսքը միշտ պահում է: Մեր օրերում նույնիսկ մեծ երկրների ղեկավարները չունեն այդ որակը: Ալիեւը ցույց է տալիս այն, ինչից կարող են շատերը սովորել: Ես կարծում եմ, որ դա նախանշում է Պուտինի եւ Ալիեւի ընկերական եւ հավատարիմ հարաբերությունների բնույթը: Նրանք երկուսն էլ գիտեն, որ կարող են միշտ հույս դնել միմյանց վրա փոխադարձ պարտավորությունների ըմբռնման եւ կատարման առումով: Ալիեւի կարծրությունը եւ, ես կասեի, աշխարհը Ադրբեջանում պահելու ռազմավարական խելամտությունը ապահովում են շատ լավ հեռանկարներ այդ երկրի եւ ազգի համար»:
Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի հակառուսական հայտարարությունը կարելի է դիտարկել նաեւ Եվրոպա կատարելիք այցից առաջ նախապատրաստություն, քանի որ նա դրանից ընդամենը մեկ օր անց մեկնեց Բրյուսել, որտեղ մասնակցեց ԵԺԿ գագաթնաժողովին: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի տնտեսությունում առկա ճգնաժամը գնալով վատթարանում է, եւ եթե առաջիկայում ՀՀ իշխանությունները չկարողանան ֆինանսական միջոցներ ներգրավվել` մոտ մեկ միլիարդ դոլարի չափով, ապա առկա ճգնաժամը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Ուստի ՀՀ իշխանությունները վերջին շրջանում հնարավոր բոլոր ձեւերով փորձում են եվրոպական կառույցներին համոզել, որ նրանք շարունակեն Հայաստանին գումարներ տրամադրել:
Իսկ ինչու Սերժ Սարգսյանը մինչ այս չէր համարձակվում ռուսներին հակաճառել, ռուսական կողմը ինչպես ուզում, այնպես վարվում էր նրա հետ, բայց նա չէր համարձակվում ծպտուն անգամ հանել եւ հնազանդ տանում էր բոլոր «դժվարությունները»: Բանն այն է, որ մինչեւ փետրվարյան հայտնի իրադարձությունները, ոչ իշխանական ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը դարձել էին Սերժ Սարգսյանի գլխին կախված մահակ: Նա շատ լավ գիտեր, որ եթե իրեն հնազանդ չպահի, ապա ռուսական կողմը կարող է տարբեր կարգի խառնակչություններով նշված երկու ուժերին իշխանության բերել:
Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը փաստացի քաղաքական գործոն չեն, ուստի Սերժ Սարգսյանն այլեւս ազատ է գործելու այնպես, ինչպես ինքն է ցանակնում: Եւ հիմա, առավել քան երբեւէ, ամուր կանգնած է իշխանության ղեկին եւ փորձում է Ռուսաստանին հասկացնել, որ ինչպես նախկինում, այժմ էլ նրանք Հայաստանի հետ կապված ծրագրերը միայն իր հետ կարող են իրագործել: Ուստի այս փուլում էլ Սարգսյանը փորձում է ռուսներից նեղացածի կեցվացք ընդունելով՝ ետ բերել վերջին մեկուկես տարում կորցրած իր դիրքերը: Իսկ թե ռուսական կողմը նրա այս պահվածքին ինչպես կարձագանքի, ցույց կտա ժամանակը:
Վահագն Հովակիմյան