Երեւանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի 20 բնակարանի բնակիչ Արամայիս Ղազարյանը բողոքում է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Մաքուր երկաթ» ԲԲԸ-ի դեմ: Նա գրում է, որ գործարանի թունավոր արտանետումները վնասում են թաղամասի բնակիչների առողջությանը, եւ նրանց բազմաթիվ ահազանգերը մնում են օդում կախված: Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:
«Խորհրդային կայսրության վերջին մեղք. Երեւանի ՋԷԿ-ի դիմացի բնակելի թաղամասի բնակիչներն այսպես են կնքել թաղամասի անունը: Այստեղ բնակվում է շուրջ 400-450 ընտանիք: Ներկայում իշխանությունների ապաշնորհ տնտեսվարման արդյունքում խղճուկ այս անկյունի վրա դամոկլյան սրի պես կախվել են շենքերի բարձր վթարայնությունը, կոյուղագծերի անգործությունը, գարշահոտությունը եւ ընդհանրապես՝ ամենաթողությունը: Իսկ այս իրավիճակում առիթից օգտվում է մոտակա «Մաքուր երկաթ» ԲԲԸ-ն, որը, մեր տեղեկություններով, պատկանում է Ռուբեն Հայրապետյանին: Այս գործարանի գործունեությունը հովանավորվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից: Վաղուց գործարանում անցյալ է դարձել երկաթի մշակումը, եւ գրեթե 15 տարի է՝ այստեղ վերամշակվում է պղնձամոլիբդենային խտանյութ՝ մեր աղքատիկ թաղամասի բնակիչների գոյատեւումը վերածելով դժոխքի:
Առավոտյան 7-ից մինչ երեկոյան ժամը 7-ը գործարանի արդյունաբերական հատվածի վրա կախվում է դեղին, թունավոր արտանետումների ամպը: ՋԷԿ-ի բնակիչները անիծում են իրենց ծնված օրը, գլխացավից ու կոկորդի մրմուռից հուսակտոր կշտամբում են անարժան չինովնիկներին եւ ափսոսում հայի տեսակը:
Խնդրի առթիվ բազմիցս ահազանգել ենք, դիմել մասնագետների աջակցությանը: Վերջիններիս եզրակացությամբ՝ արտանետումները պարունակում են ծծմբային երկօքսիդ եւ այլեւայլ վնասակար քիմիկատներ, որոնց պատճառով թաղամասում զանազան հիվանդությունները հաճախակի են դարձել:
«Մաքուր երկաթ» ԲԲԸ-ի տնօրեն Գենյա Կարապետյանը մեր բազմաթիվ բողոքներին չի արձագանքում, աչք է փակում, քանի որ ՀՀ բնապահպանության նախարարությունն իրենց թիկունքում է: Մեզ տրված պատասխաններում նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանն ընկերության թերացումներն արդարացնում է՝ ասելով. «Հեռացվող գազերի մաքրման համակարգն անընդհատ կատարելագործվում է… Արտանետումները մթնոլորտ կատարվում են 50 մ բարձրությամբ ծխնելույզից, որն ապահովում է վնասակար նյութերի ցրումը»: Սակայն, ըստ մասնագետների, որքան էլ կատարելագործվի համակարգը, ինչքան էլ բարձրացվի գազերի արտանետման ծխնելույզը, միեւնույն է, այնքան էլ դյուրին չէ գազերի այս աստիճան վնասակարությունը թույլատրելի դիտել:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության նախկին պետ Արամ Գաբրիելյանի՝ արտանետման վնասակարության ստույգ աստիճանը որոշելու համար անհրաժեշտ է Կոմիտասի պողոտայում եւ Էրեբունի թաղամասում տեղակայված չափիչ սարքերը տեղափոխել գործարանի մոտակայք: Սակայն, անհասկանալիորեն, այդ առաջարկը մինչեւ հիմա կյանքի չի կոչվում:
Է. Փիրումյանը կողմանակալ կերպով արդարացնում է գործարանի գործունեությունը` մեկնաբանելով, որ ՋԷԿ-ի մոտակայքում վնասակար նյութեր է արտանետում ոչ միայն «Մաքուր երկաթ»-ը: Կնշանակի՝ աշխատակազմի ղեկավարը խուսափում է պատասխանատվությունից: Այլ կերպ ասած` ջանում է որսալ երկու նապաստակը մեկ փամփուշտով: Նախ՝ համահավասարեցնում է մոտակայքի բոլոր գործարանների արտանետումների չափը, հետո դրանով շեղում է հանրության ուշադրությունը: Եւս մեկ հանգամաք. ՋԷԿ-ի աշխատանքային աղմուկը խանգարում է, նյարդայնացնում թաղամասի բնակիչներին, ինչը ոչ պակաս վնասակար է, քան արտանետումները: Բնակիչների գրավոր դիմումին ի պատասխան՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից ամսական եւ տարեկան կտրվածքով իրականացվում է մոնիթորինգ: Այնուամենայնիվ, դրանց արդյունքներն արժանահավատ չեն կարող լինել, քանի որ կատարվում են ազատական սկզբունքով:
Վնասակարության ազդեցության ստույգ տվյալներն իմանալու համար, ըստ մասնագետների, պարտադիր է ուշ ժամերին ստուգել օդի աղտոտվածությունը: Սակայն նախարարությունը հակված չէ իրականացնել նախատեսված հսկողական աշխատանքները: Թաղամասի բնակիչները կրկին գրավոր դիմեցին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ խնդրելով հսկողական աշխատանքները կազմակերպել ստույգ գիշերային ժամերին: Սկզբում համաձայնեց, հետո լռության մատնեց ստուգայցի կազմակերպումը:
Բնապահպան Կարինե Դանիելյանը սա համարեց «սովորական քաշքշուկ»: «Տեսուչները զինվորների նման պարտավոր են բոլոր ժամերին ծառայել, կատարել ստուգայց՝ ինչքանով որ առկա է չարիքը»,-ասաց նա:
Աներկբա է, որ պետական չինովնիկները գլուխները ցավի տակ չեն դնում ինչ-որ արվարձանի բնակիչների իրավունքները պաշտպանելու համար: Ու բնավ էլ չեն ամաչում վայելել բնապահպանական աղետը կանխելու համար պետբյուջեից ստացած գումարները: Իսկ մեզ՝ թաղամասի անիծված բնակիչներիս, մնում է հուսալ, որ ձախորդ օրեր են, կգան ու կգնան…»:
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՄԵՂՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐԱՄԱՅԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ