Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա անդրադարձավ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի և ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության նիստի գրանցած արդյունքներին: Նրա ելույթը ներկայացնում ենք ստորև.
«Եվս մեկ անգամ հավաստվեց մի պարզ, բայց թանկ եղելություն. Եվրոպայի դռները բաց են մեր առաջ։ Բայց ի՞նչ է սա նշանակում։ Արդյոք բոլորս՝ քաղաքական գործիչներս, քաղաքագետները ու առավել ևս հասարակ մեր քաղաքացիները, գիտակցո՞ւմ ենք սրա կարևորությունը։ Եկե´ք մի կարևոր բան հասկանանաք, քաղաքական հաջողությունն ուղղված է ազգային շահին։
Քաղաքական հաջողությունը օլիմպիական հաղթանակ չի, սպորտային ձեռքբերում չի, որից քաջալերվենք ու սպասենք հաջորդ նիստերին։ Եթե մենք չօգտագործենք այս հնարավորությունը, մեր շահերը չբավարարարենք, մեր բնակչության բարօրությունը չլավացնենք, ապա ո՞ւմ են պետք խորհրդաժողովային հաջողությունները։
Ես վաղուց հայտարարել եմ, որ բոլոր ջանքերս ներդնելու եմ Հայաստանի եվրոպական ուղղությամբ զարգացման համար։
1. Երբ ես ասում եմ, որ ցանկանում եմ տեսնել Հայաստանի ապագան եվրոպական ուղեծրում, նկատի ունեմ Հայաստանի տնտեսության ինտեգրում եվրոպականին։ Իհարկե, սա դժվարացել է, բայց դեռևս շատ հնարավորություններ կան։ Եվրոպական շուկան նշանակում է մի շուկա, որտեղ խաղի կանոնները հստակ են, որտեղ վարչական ու ուժային մեթոդներով չեն բիզնես մրցակցության հարցերը լուծում, որտեղ, երբ շահում ես տենդեր, գիտես, որ ապրանքներդ կմատակարարես ու գումարդ կստանաս, որտեղ հանգիստ նախաձեռնում ես փոքր բիզնես` առանց մտահոգվելու, որ այդ ոլորտում կա մենաշնորհ։
2. Արդարադատություն։ Այո, սրա պակասը շատ կա Հայաստանում։ Արդյունավետ, անկախ դատական համակարգ, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանություն, վստահություն ոստիկանության հանդեպ։ Ահա սա է իմ ուղին։ Ու սա այսօր տալիս է միայն եվրոպական ուղղությունը։
3. Եվս մեկ կարևոր արժեքի մասին։ Մարդու արժանապատվությունը։ Սրա գինն այստեղ դեռևս գիտակցված չէ։ Սրա կարևորությունը յուրաքանչյուրս հասկանում է, երբ ոտ է դնում Եվրոպա։ Առանց սրա մնացածը չի աշխատի։ Մենք պետք է վստահ լինենք, որ ինչպիսի հայացք էլ ունենա հայաստանի քաղաքացին, ինչպիսի շահերի նրա գործունեությունը որ հակասի, նա չի դառնա արժանապատվությունը ոտնահարելու թիրախ։ Ու սա է իմ եվրոպական ուղին։ Ես այսպիսի Հայաստան եմ ուզում։ Բերեմ թարմ օրինակ։ Վերջերս գերեվարված հայ զինվորի պատմությունը։ Քանի՞ լրատվամիջոց պահպանեց անմեղության կանխավարկածը։ Քանի՞սը դարձան ադրբեջանական քարոզչամեքենայի գործիքը Հայաստանում։
4. Ու վերջում՝ կրթությունը։ Կասեք, որ շատ տեղեր կա բարձրորակ կրթություն, ու միայն Եվրոպան չի, որ մեզ կրթական հնարավորություններ է տալիս։ Իսկ ես կրթություն ասելով նկատի ունեմ երիտասարադության կրթական ապագան։ Այն, որ երիտասարդները, ովքեր կրթություն են ստանում աշխարհի տարբեր ծայրամասերում, իրենց ապագան տեսնեն Հայաստանում։ Իրենց կրթական պոտենցիալի կիրառումը տեսնեն Հայաստանում։ Սա է իսկական կրթական արժեքը, ոչ ոքի պետք չի կթություն, որն անհնար է օգտագործել հայրենի երկրում։ Երբ ասում եմ Եվրոպական ուղի, ես միշտ սա նկատի ունեմ, որ Եվրոպան է գալու Հայաստան։
Ես հնարավորությունից օգտվելու շատ քիչ ուղիներ նախանշեցի։ Ու ես կոչ եմ անում քաղաքական ուժերին իրենց ուղին էլ նախանշել։ Թող իրենք էլ ասեն, թե ինչ ապագա են տեսնում հայերիս համար։ Ահա նշեցի 4 կետ, որով գտնում եմ մենք մեծ անելիքներ ունենք Եվրամիության հետ համագործակցելու համար։ Կոչ եմ անում առավելագույնս օգտագործել այս շանսը ու ռեֆորմների նոր փաթեթ սկսել։ Կամ էլ, եթե իմ քաղաքական օպոնենտները գտնում են, որ այլ ուղով է հնարավոր զարգանալ, թող նշեն այդ ուղին»։