Մինանշանակ պատասխան չկա այն հարցին, թե ինչու է փլուզվել Խորհրդային Միությունը: Անգամ պատմաբաններն են թեժ բանավեճի բռնկվում այն հարցի շուրջ, թե արդյոք ԽՍՀՄ-ի վերջը Միխայիլ Գորբաչովի անձնական որոշումների հետևանք է, թե, այնուամենայնիվ, փլուզումը հոգեվարք ապրող խորհրդային տնտեսության ներքին թուլության ու ավելի փոխկապակցված ու հարուստ դարձող աշխարհում ներգրավվելու անկարողության արդյունք էր:
ՌԴ հարցերով մասնագետ ու կառավարման հարցերով խորհրդական Մարկ Ադոմանիսը slon.ru-ում գրում է, որ անձամբ ինքը չի հերքում Գորբաչովի ու Ելցինի անձի կարևորությունն այս հարցում, սակայն ավելի շատ համաձայն է կառուցողականների հետ: «Կառուցողականությունը»՝ բավական լայն տերմին է, որը ներառում է բոլոր նրանց, ովքեր Միության փլուզումը կապում են ոչ թե կոնկրետ քաղաքական գործիչների, այլ կոմունիստական ինստիտուտների բնածին թերությունների հետ, հատկապես այն ինստիտուտների, որոնք կապ ունեն տնտեսության հետ:
«Սովետական միությունում, այնուամենայնիվ, տարբերությունների մակարդակն այնքան շատ է եղել, որ այն դժվար է չափազանցացնել: Ինչ-որ իմաստով Խորհրդային միությունը չէր կարող լինել միասնական մեկ երկիր: Եվ եթե դատենք այս տեսանկյունից, զարմանալին այն չէ, որ այն վերջ ի վերջո փլուզվել է, այլ զարմանալին այն է, որ այն այդքան երկար է գոյություն ունեցել»,- կարծիք է հայնտում վերլուծաբանը՝ առաջարկելով դիտարկել բնակչության մեկ շնչի համար ՀՆԱ-ն:
1990 թ՝ այսինքն մինչ փլուզումը, ԽՍՀՄ-ում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ու Ուզբեկստանի ՀՆԱ-ի միջև տարբերությունը կազմել է շուրջ 16 հազար դոլար, ինչն ավելի է, քան ցանկացած նախկին խորհրդային հանրապետությունում ողջ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտները: Նման տարբերություն կարելի է տեսնել Հարավային Եվրոպայի ու Տրոպիկական Աֆրիկայի միջև, այլ ոչ թե մեկ երկրի տարբեր մասերում:
Կյանքի միջին տևողության տեսանկյունից տարբերությունն այդքան ծայրահեղ չի եղել, սակայն միևնույն է, այն չափազանց նշանակալի է: 1990 թ Բելառուսում կյանքի միջին տևողությունը եղել է 70.8 տարի, մինչդեռ Թուրքմենստանում ընդամենը՝ 62.8 տարի: Ինչն ավելի հետաքրքիր է, այս տարբերությունն էլ ավելի է մեծացել հաջորդող 22 տարիների ընթացքում և 2012 թ կյանքի առավել շատ ու պակաս միջին տևողությամբ երկրների, համապատասխանաբար Հայաստանի ու կրկին Թուրքմենստանի միջև տարբերությունը կազմել է 9.1 տարի: Սա կարելի է համեմատել առաջին ու երրորդ աշխարհի երկրների միջև տարբերության հետ:
Ծնելիության պարագայում Տաջիկստանի ու Ուկրաինայի միջև տարբերությունը եղել է այնպիսին, ինչպիսին է զարգացման բացարձակ տարբեր մակարդակներում գտնվող երկրների միջև:
Ասիական երկրներում բնակչության թիվն աճում է, իսկ եվրոպականում՝ անկում ապրում: Այնպես ինչպես մնացած աշխարհում է:
Հարուստ Ռուսաստանը մեծացրել է առողջապահության վրա ծախսերը 4.9 անգամ: Իսկ հարաբերականորեն ոչ հարուստ Վրաստանը՝ 5.3 անգամ: Առաջատար է Ադրբեջանը, որը բնակչության առողջության վրա 6.6 անգամ ավելին է ծախսում, քան ԽՍՀՄ օրոք:
Պատրաստեց Տաթև Ֆռանգյանը