ԱԺ պատգամավոր, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ չարտագաղթեն, անգամ այս ընթացքում առաջընթաց է նկատվում ամենաբարդ ոլորտներից մեկում՝ գյուղատնտեսությունում: Ըստ նրա՝ առողջապահության ոլորտում եւս ջանք չեն խնայում, որպեսզի ՀՀ քաղաքացու համար բուժօգնությունը մատչելի լինի:
-Պարո՛ն Բաբլոյան, տեղեկություններ էին շրջանառվում, որ Ձեզ նշանակելու են առողջապահության նախարար: Ի վերջո, ի՞նչն էր պատճառը, որ այդ նշանակումը չեղավ:
-Դրանք միայն խոսակցություններ էին:
-Ինչպիսի՞ն են Ձեր փոխհարաբերությունները նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանի հետ: Հեշտ է աշխատել նախկին նախարար Հարություն Քուշկյանի՞, թե՞ Դումանյանի հետ:
-Ես երկու նախարարի հետ էլ շատ հանգիստ աշխատում եմ, որովհետեւ երկուսն էլ հանրային առողջապահական զարգացումն են առաջ տանում, երկուսի հետ էլ որեւէ խնդիր չունեմ:
-Օրեցօր աճում է արտագաղթողների թիվը, մարդիկ լքում են երկիրը, քանի որ չունեն աշխատանք, սոցիալական ծայրահեղ ծանր վիճակ է: Ովքե՞ր են այս ամենի մեղավորները, ի՞նչ պետք է արվի, որպեսզի ՀՀ քաղաքացին երկրից չհեռանա:
-Նախ՝ ես ուզում ասել, որ եթե տեղյակ եք ՀՀԿ-ի նախընտրական ծրագրին, ապա այնտեղ պետք է գտնեիք դրույթներ, որոնք մեծ նշանակություն ունեն Ձեր հարցի կանխարգելմանը մի քանի առումով: Մի կողմից ջանքերն ուղղված են, եւ պետք է իրականացվեն միջոցառումներ, որոնք կբերեն աշխատատեղերի ընդլայնմանը, մյուս կողմից տեսնում եք՝ սոցիալական ոլորտում բավական մեծ ծրագրեր են նախատեսված: Այն, որ մարդիկ կարող էին առողջապահական խնդիրների, օրինակ՝ սրտի բարդ վիրահատություններիի համար լքել երկիրը, ապա ամեն ինչ արվում է, որպեսզի անգամ այդպիսի բարդ վիրահատությունները լինեն ավելի մատչելի:
-Այժմ նախադրյալներ ստեղծվո՞ւմ են, որպեսզի արտագաղթողների թիվը չավելանա, քանի որ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ն են իրենց վրա այդ պարտավորությունը վերցրել, կնշե՞ք՝ մինչեւ այս ինչ է արվել այդ ամենի համար: Անգամ ԱԺ ձեր գործընկերները ձեր ներկայացրած ծրագրի իրագործմանը չհավատացին ու դեմ քվեարկեցին:
-Վերջերս շատ ցայտուն է, որ գյուղատնտեսությունն իսկապես նոր ու նոր արտադրական հզորություններ է բացում, սրանից լավ օրինակ ես չեմ կարող պատկերացնել: Ամենադժվար հատվածներից մեկը մեզ մոտ գյուղատնտեսությունն է, եւ, բարեբախտաբար, ամենադժվար ոլորտում մենք արդեն ունենք հաջողություններ:
-Նշեցիք, որ առողջապահության ոլորտում եւս նախատեսվում է անել այնպես, որպեսզի հասարակ քաղաքացին կարողանա «էժան» գներով իր հոգսերը հոգալ, բայց այսօրվա իրականությունն այլ է…
-Ոչ թե էժան լինի, այլ մատչելի, կարող է թանկ լինի, դա մեզանից կախված չէ, թանկությունը կախված է, թե մենք ինչ տեխնոլոգիա ենք օգտագործում: Ես բազմիցս ասել եմ՝ մենք ինչքան նոր ու նոր տեխնոլոգիաներ ենք օգտագործում, այնքան թանկանում են բուժումները: Դա մեզանից, ձեզանից կամ որեւիցե մեկից կախված չէ, որովհետեւ կապված է, թե ինչ կոմպոնենտներ ենք օգտագործում: Մենք քայլ առ քայլ գնացել ենք նրան, որ տարբեր հիվանդանոցներում սրտի վիրահատությունը մատչելի է դարձել քաղաքացիների համար:
-Դուք նշում եք, որ ամեն ինչ արվում է, որպեսզի բուժօգնությունը մատչելի դարձնեք, սակայն Ձեզ պատկանող «Արաբկիր» բժշկական կենտրոնից եւս դժգոհություններ ենք ստանում՝ ոչ մատչելի լինելու համար…
-Բացառապես չեմ հավատում նրան, ինչ ասում եք. ընդհակառակը, բոլորն ասում են, որ «Արաբկիր»-ն այն եզակի օրինակներից մեկն է, որ եթե մարդուն տրված է իրավունք, ապա անվճար բուժում ստանա: Ուրեմն ես կխնդրեմ, որ Դուք լինեք ազնիվ, եւ ես լինեմ ազնիվ. ներկայացրե՛ք մի մարդու, որ կասի՝ ա՛յ, ինձանից փող են ուզել, ու մենք դրա շուրջ կխոսենք: Բացարձակապես Ձեզ հետ համաձայն չեմ, Դուք շատ լավ գիտեք, թե «Արաբկիր» բժշկական կենտրոնի համբավն ինչպիսին է, 16 տարի է՝ դեղ չենք ուզում ոչ մեկից: «Արաբկիր»-ը մարզերում մասնաճյուղեր ունի: Ես կտրականապես դեմ եմ նման հայտարարություններին, ես չեմ հավատում այդ տեղեկություններին:
«ԵՐԿՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ ԷԼ ՀԱՆԳԻՍՏ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ