ՓՈՇՈՏ ՓՈՂՈՑԻ ԲԱՐԵԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ 2011թ.  հունվարի 1-ից արգելվեց փողոցային առեւտուրը, վաճառականները բողոքեցին, սակայն, ի վերջո, ոստիկանների թեթեւ ձեռքով վտարվեցին փողոցից: Թերեւս, անձեռնմխելի մնացին փողոցային մարմնավաճառները եւ ապօրինի ավտոկանգառների  հսկիչները…
Հանրահայտ փաստ է, որ այսօր փողոցում հեշտ փող վաստակելու «աշխատատեղերից» մեկն էլ անօրինական ավտոկանգառներն են: Գործազուրկը, որը երկար ժամանակ աշխատանքի փնտրտուքով բախում է գործատուների դռները, այլընտրանք չունենալով, «դնում է իր սեփական գործը»: Քաղաքի տարբեր վարչական շենքերի տարածքներում հայտվում է նա եւ հայտարարում՝ աչքներդ լույս, ձեր նոր ավտոհսկիչն եմ: Թե ով, երբ  եւ ոնց է հայտնվել այդ «պաշտոնում», ո՛չ հարցնող կա, ո՛չ վերահսկող:
«Ժողովուրդ»-ն առիթ ունեցավ զրուցել նման մի «գործարարի»՝ վարորդներին «ռեկետ» անող 67-ամյա Աբոյի հետ Չայկովսկու փողոցում: Հարցին, թե ինչով է զբաղված, նա պատասխանեց՝ իբր հանգստանում է: Զարմանալի է, որ մարդը «հանգստանալու» համար ընտրել է փոշոտ փողոցը, «սկոչով» ամրացված սրճարանային աթոռակն ու կիզիչ արեւը: Մեզ հետ զրույցն ընդմիջելով՝ վերջինս վազքով հասավ կայանատեղիից շարժվող մեքենայի հետեւից ու պահանջեց իր «փարան»: Թե ինչքան վաստակեց 10 րոպեում «բիզնեսմեն» Աբոն, որպես կոմերցիոն գաղտնիք՝ չուզեց  հրապարակել: «Ռիսկդ կհերիքի՞, որ ջոջերին բան ասեք: Խեղճ մարդ եք գտել, հացին վայի՞ս եք ըլնում,-նեղսրտած ասաց հսկիչն ու անկեղծացավ,-մենակ մարդ եմ, գլուխս հազիվ եմ պահում: Ի՞նչ վատ բան եմ անում: Էս շենքի մենձը ասել է՝ ավտոներին տիրությու՛ն արա, ես էլ անում եմ: Ես հո ինքնագլո՞ւխ չեմ»:  
Պարզվեց, որ մատնանշած շենքի «մենձ»-ը ՀՀ  կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Կենտրոն» սպասարկման գրասենյակի պետ Արամ Անանյանն է: Ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցի՝ Անանյանը քմծիծաղով ասաց. «Մենք  ութ ամիս է՝ էստեղ ենք, իսկ այդ մարդը՝ արդեն երկու կամ ավելի տարի: Ես ընդամենը խնդրել եմ մեր աշխատակիցների անձնական եւ ծառայողական մեքենաներին ուշադիր լինել, ու անձամբ նրան գումար չեմ տալիս, ոչ էլ՝ պահանջում: Իսկ թե ինչու է ինքը իմ անունը տվել, իրե՛ն հարցրեք»:
Օրական 2-3 հազար դրամ վաստակող Աբոն գիտի, որ իր գործունեությունն անօրինական է, բայց դե «ճար չունի, ուտել ու հագնել է պետք»: Հիշեց, որ մի տարի առաջ քաղաքապետարանից «բռնել են» իրեն, տուգանել 30 հազ. դրամով:
Կադաստրի որոշ աշխատակիցներ բարեխոսում էին «Ժողովուրդ»-ին, որ Աբոյի «հացին վայիս չըլնի», նշում էին, որ մարդը բարեգործություն է անում: Ոգեւորված նրանց խոսքից՝  Աբոն պատմեց է, թե ինքն ինչպես է համբերատար հանդուրժում այն վարորդների հայհոյանքները, որոնք հրաժարվում են փող տալ, պահանջում են «դոշի նշանը», որը կապացուցի իր՝ հսկիչ լինելը:
Աբոն, մեզ հետ զրույցը ավարտված համարելով, բազմեց իր չարչարված աթոռակին՝ ձեռքերն արժանապատվորեն ծալելով կրծքին ու արծվի հայացքով դիտելով տարածքը, ինչպես սահմանապահ զինվորը, եւ այդպես էլ անպատասխան թողեց հարցը, թե ով է իր «տանիքը» եւ ում է հասնում հայհոյանքի ու վիրավորանքի գնով աշխատած գումարների առյուծի բաժինը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս