Հայաստանի հանրությունը երեկ սահմանից հերթական գույժը ստացավ՝ ադրբեջանական հատուկ նշանակության ուժեղացված ջոկատի զինյալները հարձակում էին գործել ԼՂՀ պաշտպանական դիրքերի հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ: Բռնկված մարտի ընթացքում զոհվել են Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ. ծնված), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ. ծնված) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ. ծնված): Եւս չորս զինծառայողներ վիրավորվել են, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Իհարկե, պաշտոնական հաղորդագրությունում նշված է նաեւ, որ շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատն ամբողջությամբ ոչնչացվել է, այդ թվում նրանց մի մասին` իրենց իսկ դիրքերի մատույցներում` փախչելիս, բայց միեւնույն է, հակառակորդի` մի քանի անգամ ավել կորուստների մասին լուրը մեր զինվորների կյանքը ետ չի բերի: Հայաստանի զինված ուժերի հրամանատարությունն, ի վերջո, պետք է կարողանա ադրբեջանցիների դիվերսիոն գործողություններն ի սկզբանե կանխել եւ ոչ թե հետեւանքները վերացնել:
Հ.Գ. Ընդամենը մեկ օր առաջ Սերժ Սարգսյանը արտասահմանցի լրագրողների հարցերին պատասխանելիս ասել էր. «Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը, ելնելով տարբեր դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին: Եվ այստեղ խնդիրը նույնիսկ սպառազինության որակը չէ: Խնդիրն այն է, որ մեր սահմանին կամ շփման գծում կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով»,- ասել էր Սերժ Սարգսյանը: Այս խոսքերին հետեւեց խոշոր դիվերսիան:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեռեւս անցած տարվա օգոստոսին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը լքած Էդուարդ Մանուկյանը, մինչ հեռանալը, հասցրել է սեփականաշնորհել դատարանի նախագահի համար նախատեսված ծառայողական մեքենան: Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը պարզաբանումներ խնդրեց Էդուարդ Մանուկյանից, ով ասաց, որ իր նախկին ծառայողական ավտոմեքենան ոչ թե ինքն է ձեռք բերել, այլ իր վարորդը: «Դատարանի մի շարք ծառայողական մեքենաներ հանվել էին աճուրդի, եւ իմ վարորդը իր համար ձեռք է բերել այդ ավտոմեքենան: Այս ինչ սուտ տեղեկություններ են տարածում»,- պարզաբանեց նախկին դատավորը: Դատարանի նախկին նախագահը, պարզվում է, չափից ավելի անտեղյակ է: Նա ոչ միայն չգիտի, թե որքանով է վաճառվել իր նախկին ծառայողական ավտոմեքենան, այլ նաեւ չգիտի, թե այն ինչ մակնիշի է եղել: Մարդը տարիներ շարունակ այդ մեքենայով շրջել է, բայց պնդում է, թե մակնիշն էլ չգիտի: Շատ համեստն է:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գույքի եւ եկամուտների մասին 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա անցած տարվա տարեկան եկամուտը կազմել է 13 միլիոն 503 հազար դրամ եւ մեկ հազար 440 եվրո: Այդ գումարից 12 միլիոն 498 հազար դրամը Գագիկ Հարությունյանի, որպես ՀՀ ՍԴ նախագահի, ստացած աշխատավարձն է, մնացած գումարը եւս ներկայացված է որպես աշխատավարձին հավասարեցված եկամուտ: ՍԴ նախագահը իր պաշտոնեական գործունեությունից բացի՝ իրավունք ունի զբաղվելու միայն մանկավարժական եւ գիտական վճարովի աշխատանքով: Տեղեկացնենք, որ Գագիկ Հարությունյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 6 միլիոն 300 հազար դրամ, 5 հազար 200 դոլար եւ 2 հազար 800 եվրո: Ի դեպ, ՍԴ նախագահն իր հայտարարագիրը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել փետրվարի 19-ին, իսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախորդ տարվա եկամուտների հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է:
«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը երեկ հաղորդագրություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խումբ ստեղծելու մասին: Նշվում է նաեւ, որ մշակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրության եւ ծրագրի նախագծերը, իսկ առաջիկայում կհրավիրվի նոր ստեղծվելիք կուսակցության հիմնադիր համագումար: Հաղորդագրությունում չի նշվում, թե համագումարը կոնկրետ երբ է նախատեսվում հրավիրվել: Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ կուսակցության հիմնադիր համագումար հրավիրելու օրենսդրությամբ նախատեսված գործընթացները որոշակի ժամկետ են ենթադրում` մոտ 40 օր, ուստի, ակնհայտ է, որ նոր ստեղծվելիք կուսակցության համագումարը լավագույն դեպքում կարող է տեղի ունենալ մայիսի երկրորդ կեսից ոչ շուտ: Այնպես որ, մայիսին հայաստանյան կուսակցություններին կավելանա եւս մեկը. մնում է տեսնենք՝ ինչ նոր ձեռագրով աչքի կընկնեն:
ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ` ՆՈՒՅՆ ԳԵՏՈՒՄ
Վերջին մեկ շաբաթվա լրահոսին հետեւելով` այնպիսի տպավորություն էր, որ ժամանակը հետ է շրջվել, եւ հիմա ոչ թե 2015թ. մարտն է, այլ 2013-ի, Հայաստանն էլ ոչ թե Եվրասիական տնտեսական միության անդամ է, այլ դեպի պայծառ եվրոպական ապագան սուրացող ինքնիշխան պետություն: Ընդ որում, նման տպավորության ձեւավորմանը նպաստում էր ոչ միայն եւ ոչ այնքան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստն ինքնին, որքան դրա շրջանակներում եւ դրանից դուրս ՀՀ իշխանությունների եւ ԵՄ ղեկավարության արած հայտարարությունները:
Եվ եթե առաջինները խոսում էին Հայաստանի` եվրոպական արժեքներին անմնացորդ նվիրվածության եւ եվրոպական կառավարման մոդելին ձգտելու իրենց նվիրական ցանկության մասին, ապա ԵՄ պաշտոնյաներն էլ` հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորությամբ, հայտարարում էին Հայաստանի հետ համագործակցության խորացման պատրաստակամության մասին: Մի խոսքով` «մե ծիծաղ, մե ուրախություն»… Միայն թե Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ է, որի ամենագլխավոր անդամը` Ռուսաստանը, փաստացի, չհայտարարված պատերազմի մեջ է Եվրամիության հետ: Եվ դրա արդյունքում, Սերժ Սարգսյանի ասած, «Հայաստանի եվրոպական շաբաթի» ավարտին սահմանում ունեցանք երեք զոհ:
Իհարկե, Եվրամիության պաշտոնյաները հայտարարում են, թե իրենք դասեր են քաղել անցյալի սխալներից եւ որոշել են վերանայել Եվրոպայի հարեւանության քաղաքականությունը: Ավելին` ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, օրինակ, հարկ է համարում հատուկ ընդգծել, որ ԵՄ-ն նոր ռազմավարություն է մշակում, որով երկրներից յուրաքանչյուրի հանդեպ կկիրառվի անհատական մոտեցում, եւ որը Ռուսաստանի կենսական շահերը հաշվի առնելու տեսանկյունից առավել իրատեսական կլինի, իսկ հանձնակատար Յոհաննես Հանն էլ Երեւանում հայտարարեց, թե Հայաստանի համար կմշակվեն «առանձնահատուկ պայմաններ»:
Ինչ խոսք, ԵՄ կողմից սեփական բացթողումներն ու սխալները վերանայելու այս միտումը ողջունելի է, խնդիրն այն է, սակայն, թե դա ինչ կարող է արժենալ Հայաստանի համար: Ի վերջո, այն ժամանակ, երբ Հայաստանը բանակցել եւ ավարտին էր հասցրել Ասոցացման համաձայնագիրը, Ռուսաստան-ԵՄ հարաբերություններն ամենեւին էլ այդքան լարված չէին, եւ եթե չլիներ եվրոպացիների ամբողջապաշտական մոտեցումը` «կամ, կամ» ձեւակերպմամբ, ապա Հայաստանը կկարողանար կառուցել իր համագործակցությունը երկու ուղղություններով էլ` առանց Ռուսաստանի կողմից պատժիչ գործողությունների վտանգի: Մինչդեռ այսօր դա կարող է խիստ թանկ արժենալ Հայաստանի համար, ինչը, սակայն, եվրոպացիներին դժվար թե հուզի: