Սահմանադրական փոփոխություններ իրակացնելու համար «հաղթականորեն» ավարտելով համահայկական իր «կոնսոլիդացիան»՝ Սերժ Սարգսյանն առաջիկայում հավանաբար կհայտարարի գործընթացի պաշտոնական մեկնարկը: Այս համատեքստում խիստ կարեւորվում է վերոնշյալ փոփոխությունների հիմնաքարը հանդիսացող փաստաթղթի՝ «Հայեցկարագի» համապարփակ վերլուծությունը: Փաստաթղթի հեղինակներն առանձին տեղ են հատկացրել բոլոր այն սկզբունքների համար, որոնք, ըստ իրենց, պիտի ընկած լինեն Սահմանադրության նոր նախագծի հիմքում: Այսօր փորձենք հասկանալ, թե որքանով են հռչակված սկզբունքները համապատասխանում Հայաստանում ներկայումս ստեղծված իրավիճակի հետ, ինչը թույլ կտա նաեւ հասկանալ իշխանությունների իրական նպատակները:
«Հայեցկարագում» առանձնակի կարեւորություն է տրվում հետեւյալ սկզբունքին՝ «մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները պետության կողմից ճանաչվելով որպես բարձրագույն արժեք՝ պետք է պայմանավորեն իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրացումը եւ երաշխավորեն իրավունքով իշխանության սահմանափակումը»: Իրականում հար եւ նման սկզբունքների ներառումը գործնական նշանակություն ունեցող այնպիսի փաստաթղթի մեջ, ինչպիսին Սահմանադրությունն է, կարելի է ասել, հռչակագրային մակարդակից չի բարձրանում: Եթե 19-20-րդ դդ. սահմանադրության գաղափարի համատեքստում մարդը հռչակվում էր որպես գերակա արժեք, դա համարվում էր արտառոց, առաջադիմական եւ նույնիսկ հեղափոխական մոտեցում: Սակայն մեր օրերում, երբ ժողովրդավարությունը հավաստել է իր երկակիությունը, քաղաքացուն՝ մարդու արժեք լինելու առաջարկով, հազիվ թե կարողանաս մոլորեցնել: Այդօրինակ սպեկուլյացիաները հատկապես մեր երկրում ոչ ոքի հավատ չեն ներշնչում` առաջին հերթին պայմանավորված են հենց մեր երկրի անկախության շրջանի փորձով:
Ուշագրավ է, որ գործող Սահմանադրության 2-րդ գլուխը համապարփակորեն սահմանում է մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ուստի կասկածելի է, որ նոր փաստաթղթում լինեն աշխարհացունց ու աննախադեպ այնպիսի ձեւակերպումներ, որոնք ահ ու սարսափ տարածեն Հայաստանում ներկայումս տիրող այլանդակ բարքերի վրա: Ավելին՝ երբ պաշտոնական փաստաթղթում սահմանադրական նոր նախագիծ ստեղծելու առաջին սկզբունքը հռչակում ես մարդու գերակայությունը՝ նրան իսկ համոզելով, որ անցյալ տարիներին իրականացրած քո հարստահարություններին այդ թղթի ուժով վերջ ես տալու, հազիվ թե նրան համոզելու ակնկալություն ունես: Հայաստանի ցանկացած քաղաքացի, որ շփվում է իրավապահ համակարգի, պետական տարատեսակ հաստատությունների ներկայացուցիչների հետ, կփաստի, որ այդ հարաբերություններում իրեն վերաբերվում են նվազագույնը՝ անտարբեր, առավելագույնը՝ արհամարհական: Արդ, արդյո՞ք գործող Սահմանադրության մեջ արձանագրված է, որ քաղաքացուն պետական ապարատի բոլոր օղակներում պետք է լավագույն դեպքում սպասեցնեն, քաշքշեն ու զզվեցնեն:
Հատկանշական է, որ «Հայեցակարգի» հեղինակները պնդում են, թե պետությունը բարձրագույն արժեք է՝ ճանաչելու մարդու արժանապատվությունն ու իրավունքները, ինչն էլ հանգեցնելու է իրավունքի անշեղորեն իրացմանը: Եթե հայացք ձգենք առնվազն վերջին 5-7 տարիներին, կարող ենք ամբողջական պատկերացում կազմել, թե ինչպես է իշխանությունը մինչ այս մոտեցել մարդու արժանապատվությանն ու իրավունքներին: 2008թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում գնդակահարվեց առնվազն 10 մարդ, սակայն ցայսօր ոչ ոք դրա համար պատասխանատվության չի կանչվել: Տեղի ունեցած մի շարք ընտրություններում հազարավոր ընտրախախտումների համար ոչ ոք չի դատապարտվել:
Վերջին օրերին էլ պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանի ձեռքում են գտնվում «նալը, մուրճն ու մեխը» եւ նա է որոշողը՝ ով պիտի Հայաստանում քաղաքականությամբ զբաղվի: Ի դեպ, ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը պարզաբանում է. «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»: Այժմ հարկ է վերջին տողերը համեմատել Սերժ Սարգսյանի՝ ս.թ. փետրվարի 12-ի հայտնի ելույթի հետ: Ստացվում է, որ ՀՀ Սահմանադրությունն ի պաշտոնե պաշտպանելու պարտավորություն ստանձնած մարդը կոպտագույնս խախտում է այն՝ բացեիբաց արտահայտելով իր նախապատվությունը միահեծանության հանդեպ: Նույն ելույթում նա արգելում է յուրաքանչյուր քաղաքացու օգտվել իր սահմանադրական իրավունքից ու ազատությունից: Եվ այսքանից հետո խոսել մարդու արժանապատվության ու իրավունքների գերակայության մասին, մեղմ ասած, լուրջ չէ:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԳՐԻՊԸ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է
Արդեն մի քանի օր է, ինչ Երեւանի բժշկական կենտրոններն ու պոլիկլինիկաները լեփ-լեցուն են. պատճառը սուր շնչառական վարակներն են ու գրիպը:
«Ժողովուրդ»-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ երեւանյան մանկապարտեզներում նվազել է երեխաների հաճախելիությունը, փոխարենը այն պոլիկլինիկաներում է ավելացել: Երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մեկ աշխատանքային շաբաթով երկարաձգեց գարնանային արձակուրդները: Այն կտեւի մինչեւ այս տարվա մարտի 29-ը ներառյալ: Իսկ դպրոցի տնօրեններին հանձնարարվել է մինչեւ ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով:
ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, առիթից օգտվելով, բոլոր քաղաքացիներին խորհուրդ տվեց եղանակային այս պայմաններին զգոն լինել եւ ամենակարեւորը՝ խուճապի չմատնվել: «Այս պատճառով առողջապահության նախարարությունը գարնանային արձակուրդները երկարաձգելու առաջարկով դիմեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Այս պահին էլ մոնիտորինգը շարունակվում է, եւ մենք հիմա գտնվում ենք սեզոնի մեջ, դրա համար առաջին հերթին պետք է չշփվել հիվանդների հետ: Հիվանդ վիճակում դպրոց, մանկապարտեզ եւ աշխատանքի չգնալ, անմիջապես դիմել բժշկի, հակաբիոտիկներ աննպատակ չօգտագործել, որովհետեւ դրանով կարող են ավելի վատացնել օրգանիզմի վիճակը»,- խորհուրդ տվեց Թորոսյանը:
Մասնագետի խոսքերով՝ նախորդ տարվա համեմատ այս տարվա ցուցանիշները գրեթե նույնն են մնացել: «Բայց եթե նախորդ տարվա մեջ գրիպի եւ շնչառական այլ վարակների հայտնաբերումն ավելի քիչ էր, ապա այս տարի դրանք բարձր տոկոս են կազմում: Այս տարի ավելի բարդ է, որովհետեւ շրջանառվում է գրիպի Բ տեսակը, որը երկար ժամանակ՝ գրեթե 3-5 տարի, եզակի դեպքերով է արտահայտվել, իսկ այս տարի այն ավելի լայնածավալ արտահայտվածություն ունի»,-լրացրեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ դրան նպաստում են նաեւ եղանակային այս պայմանները:
Հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետի փոխանցմամբ՝ մինչեւ ապրիլ ամսվա վերջ եւ մայիսի սկիզբ մենք գտնվելու ենք «սեզոնում»: Զրույցի ավարտին Լիանա Թորոսյանը տեղեկացրեց, որ այս տարի H1N1 կամ խոզի գրիպ արձանագրվել է հինգ հոգու մոտ, որոնք ավելի թեթեւ եւ հեշտ են դուրս եկել այդ վիճակից:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԸՆԿԵՐԱԿԱՆ ՍՐՏԻ ԽՈՍՔԸ
2 շաբաթ առաջ սպանված քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի՝ Երրոդմասցի Լյովիկի մտերիմ ընկեր, ավագանի Արմեն Սահակյանը նամակ է ուղարկել Armlur.am-ին:
«Բոլորդ գրում եք քրեական հեղինակություն Երրոդմասցի Լյովիկի մասին: Ես ուզում եմ խոսել ուղղակի Լեւոն ընկերոջ, Լեւոն ամուսնու եւ հոր մասին: Ախր, այս դերերում նա այնքան նվիրված էր, այնքան ջերմ ու այնքան անզգույշ, աններելի անզգույշ: Ուզում եմ խռովել քեզանից, ինչո՞ւ մեր մասին չմտածեցիր: Բայց, ախր, ինչպես քեզանից նեղանամ, ինքդ քեզ չխնայեցիր: Մտքով կռիվ եմ տալիս հետդ, զայրանում, խորանում մտքերիս մեջ, իրականն ու անիրականը խառնվում են իրար: Աչքերդ ինչպես միշտ փայլում են, արագ-արագ ինչ-որ բան ես խոսում` դեմքիդ արտահայտությունը փոխելով, կարծես արդարանում ես, որ դու մեղավոր չես, որ դու այդպես չէիր ուզում…. Սթափվում եմ` դու չկաս, ինչքան անսպասելի եղավ ամեն ինչ: Ինչո՞ւ: Նորից զգում եմ այս կարոտը, մարմնովս դող անցավ, կարծես հենց նոր հասկացա կատարվածը, նոր հասկացա` որտեղ ես հիմա, ինչ սարսափելի է, մի չար կատակ: Աչքերիս առաջ ժպիտդ է, լի անսահման կյանքով: Ամեն ինչ անվերջ է թվում, նույնիսկ այս անձրեւը, թվում է, չի դադարի: «Աշխարհը լաց է լինում»,- մտածեցի ես: Չէ, անձրեւը փորձում է լվանալ մեղավոր հոգիները, ժխտեցի ինքս իմ մեջ: Բայց իզուր, մեղքը ձյութի հատկություն ունի, այն կպնում է մարդու հոգուն եւ սեւացնում այն, ոչ մի անձրեւ չի կարող լվանալ այն: Ամեն ինչ անվերջ է` անձրեւը, կարոտը, տառապանքը: Ամեն ինչ, բացի կյանքից, որը վերջանում է անսպասելի: Չէ որ կյանքի հետ զուգահեռ քայլել է միշտ մահը, ինչո՞ւ մարդկությունը չի կարողանում հաշտվել, ընդունել այն: Ինչո՞ւ են մարդիկ այդպես հեռանում, հեռանում են այնպես, ասես չեն էլ եղել: Որքան սարսափելի է, ինչու են մարդիկ հեռանում: Ես ինձ համար հորինել եմ պատասխանը, հորինել եմ ու հավատում եմ, որ կարողանամ ապրել: Նա կյանք էր, սեր էր ու լույս էր: Նա չափից դուրս լավն էր մի քանի հոգունը լինելու համար: Նա գնաց երկինք, որպեսզի այնտեղից ջերմացնի ու լինի բոլորինը: Հայացքս հառեցի երկնքին: Ես նորից տեսնում եմ նրա ժպիտը, նա անվերջ ժպտում է: Ընկերս, ես քեզ չեմ մեղադրում, գիտեմ, որ դու էլ ես կարոտում, գիտեմ, որ դժվար է առանց ընկերներիդ, առանց կնոջդ: Գիտեմ, որ քեզ չես կարողանում ներել՝ բալիկներիդ աչքերը հավերժ կարոտով թողնելու համար: Իմ սիրելի ընկեր, քո անունն ու կերպարը վառ է, ես քո մասին երբեք անցյալով չեմ խոսելու, դու միշտ ինձ հետ ես: Ակամայից դեմքիս ժպիտ եմ զգում եւ հասկանում, որ մեկն եմ այն երջանիկներից, ով քեզ ճանաչեց, քո ընկերը եղավ, քեզ հետ սեղան նստեց, դժվարություններ կիսեց, քեզ հետ ապագայի անելիքներ քննարկեց: Լյով, դու իմ ընկերն ես, պարզապես՝ այսօր բացակա…»: