ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից
Վայոց Ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը Լեհաստանի նախագահական պալատում հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Յացեկ Միխալովսկու հետ: Անդրադարձ է կատարվել Լեհաստանի հայ համայնքին եւ Լեհաստանի պատմության մեջ ունեցած հայերի կարեւոր դերակատարությանը: Որեւէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել հանդիպման ընթացքում: Պարզվում է՝ Էդգար Ղազարյանը ինչպես մարզպետի պաշտոնում, այնպես էլ դեսպանի պաշտոնում շարունակում է միայն լուսանկարվել: Ուրիշ ոչինչ:
ՀԱՐՑ. Ուզում եմ փոխել անունս: Լսել եմ, որ նման իրավունք ունեն միայն անչափահասները: Սակայն ես 40 տարեկան եմ, ինչպե՞ս կարող եմ փոխել անունս, ինչպես նաեւ՝ ազգանունս: Կցանկանայի իմանալ՝ ի՞նչ է պետք դրա համար, եւ ի՞նչ կարող եմ անել:
Հայկ Երեմյան (40 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ծննդյան ակտերի գրանցման, անվանափոխության հարցերով լիազոր մարմին է համարվում քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը: Անվանափոխության հետ կապված հարցերը կանոնակարգվում են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ Կառավարության 2005թ. հունիսի 23-ի «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 941-Ն որոշմամբ: Անվանափոխության հարցերով անհրաժեշտ է դիմել ՔԿԱԳ գործակալություն: Սահմանված կարգով անվանափոխություն կատարելուց եւ համապատասխան փաստաթուղթ ստանալուց հետո անձը դիմում է անձնագրային ծառայություն՝ նոր տվյալներով նույնականացման քարտ (անձնագիր) ստանալու համար:
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջին շրջանում մեր քաղաքացիների մոտ ի հայտ է եկել անվանափոխության նոր դրդապատճառ: Ռուսաստան մուտք գործելու իրավունքից զրկված բազմաթիվ քաղաքացիներ, հիմնականում տղամարդիկ, փորձում են փոխել իրենց անուն-ազգանունն ու նոր անձնագրերով մուտք գործել ՌԴ: Շատերն անգամ վերցնում են ռուսական անուններ` հետագայում ավելորդ խնդիրներից խուսափելու համար: Ինչպես ասում են` սա «վերջն է»:
ՀԱՐՑ. Բանկերից մեկին ունեցած պարտքը ուշացնելու պատճառով ինձ, այսպես կոչված, «սեւ ցուցակ» են գցել: Սակայն տվյալ բանկից ինձ տեղեկացրին, որ պարտքը մարելուց հետո ինձ կհանեն «սեւ ցուցակից» եւ նորից վարկ կտրամադրեն: Կցանկանայի տեղեկանալ՝ դա որեւէ օրենքո՞վ է կարգավորվում, թե՞ տվյալ բանկի հայեցողությամբ:
Կարեն Սաղաթելյան (47 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Բանկի եւ վարկառուների փոխհարաբերությունները կարգավորում են «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» օրենքը, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքը, «Վարկային տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման եւ վարկային ռեգիստրին ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության» կարգը, «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման եւ հնարավոր կորուստների պահուստների ձեւավորման» կարգը, «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների մասին» ՀՀ օրենքը, առեւտրային բանկի ներքին իրավական ակտերը եւ այլն:
Համաձայն «Վարկային տեղեկատվական համակարգի` վարկային ռեգիստրի ստեղծման եւ վարկային ռեգիստրին ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության» կարգի՝ տվյալ վարկի վերաբերյալ վարկային ռեգիստր արդեն իսկ մուտքագրված տվյալների յուրաքանչյուր փոփոխության դեպքում վարկատուն (ֆինանսական կազմակերպությունը) պարտավոր է վարկային ռեգիստր ներկայացնել այդ փոփոխությունները՝ դրանք կատարելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ տվյալ դեպքում մեր քաղաքացուն (այսինքն՝ վարկառուին) պարտքը մարելուց հետո բանկը (այսինքն՝ վարկատուն) կարող է կրկին անգամ վարկ տրամադրել՝ ցուցաբերելով անհատական մոտեցում: Այսինքն՝ բանկն իր հայեցողությամբ է տնօրինում վարկի տրամադրման կարգը՝ գնահատելով անձի վարկունակությունը: Իսկ թե ինչպե՞ս, անհայտ է: