Խորհրդարանում կառավարության ներկայացրած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթով հանդես եկավ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է պարտադիր կրթությունը դարձնել 12 տարի:
Նախարարն իր ելույթում անդրադարձավ պատգամավորների ելույթներին և նշեց, որ կրթության մասին խոսել և քննադատել հիշում են միայն այն ժամանակ, երբ ինքը որևէ օրենքով գալիս է խորհրդարան:
«Իրականում, կրթության ոլորտի հարցերը պետք է խորհրդարանի ուշադրության կենտրոնում լինեն: Ուզում եմ շեշտել, որ բոլոր ելույթները բաժանում եմ երեք մասի: Սկզբնականում կա համաձայնություն, որ այս նախաձեռնությունը լավն է, բայց կա նաև հարցադրումների տարափ, որ կապ չունի նախաձեռնության հետ: Այս տարիների ընթացքում խորհրդարանն ունի բազմաթիվ հնարավորություններ կրթության մասին հարցեր քննարկելու: Սիրելի´ պատգամավորներ, դուք ինքներդ հիշե,ք, երբ եք վերջին անգամ կրթության նախարարին կրթության ոլորտի մասին հարց տվել: ». – հետաքրքրվեց նա:
«Բա ո՞ւր են սրտաճմլիկ խոսքերը, վերամբարձ խոսքերը, հարևանից լսած խոսքերը: Ինչո՞ւ եք Աշոտյանին հիշում միայն այն ժամանակ, երբ այստեղ մեր հերթական օրենքն ենք ներկայացնում: Մի հատ վիճակագրություն արե´ք: Կներե´ք, ես չեմ հավատում այստեղ հնչած մտահոգություններին հենց այդ պատճառով», – հավելեց Աշոտյանը:
Նա հետաքրքրվեց, թե ինչու չեն օգտվում իրենց ամենօրյա հնարավորությունից և միայն այսօր հիշեցին կրթության ոլորտի մասին: «Վեց տարվա կրթության նախարար եմ, ես ինձ թույլ չեմ տալիս կրթության ոլորտի մասին խոսել ամենագիտական ձևով, որ խոսվում է այս ամբիոնից: Ես ինձ թույլ չեմ տալիս օբյեկտիվորեն տիրապետելով իրավիճակին», – ընդգծեց նա:
Նրա խոսքով` բոլոր երկրներում նախարարություններին քննադատում են ռեֆորմ չիրականացնելու համար և միայն մեր երկրում է, որ ԿԳՆ-ին մեղադրում են ռեֆորմներ նախաձեռնելու համար: «Սա գլխացավանք է ԿԳՆ-ի և նախարարի համար, քանի որ հսկայական աշխատանք է կատարում, ավելի հեշտ է ոչինչ չանել», – նշեց Աշոտյանը:
«Դուք մեղադրում եք իշխանական պատգամավորներին, որ իրենք քվեարկում են օրենքների համար, որոնք չեն կարդացել: Սիրելի´ժողովուրդ, տարիուկես առաջ քննարկեցիք և քվեարկեցիք «Զինապարտության մասին օրենքը», որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ եթե երեխան սովորում է դպրոցում մինչև 19 տարեկան, նա չի զորացրվում բանակ, ի՞նչ հարցեր եք տալիս, դուք եք քվեարկել, զարմանալի է, որ չեք հիշում կամ չգիտեք», – նշեց նա:
Աշոտյանն առաջարկեց բովանդակային քննարկում անել և չփնովել այն համակարգը, որից տեղյակ չեք: «Ե՞րբ եք վերջին անգամ տեսել 9-րդ դասարանից դուրս մնացած աշակերտ, ես ամեն օր եմ տեսնում: Ե՞րբ եք վերջին անգամ դպրոց մտել, մտել անձամբ, խոսել ուսուցչի հետ: Ես ի պաշտոնե պետք է անեմ, դուք դա ե՞րբ եք արել», – հետաքրքրվեց նա:
Նա պատգամավորներին խորհուրդ տվեց չքաղաքականացնել կրթական պրոցեսները: «Ես չհավատացի, որ այս բուռն քննարկումների տակ չկա իմ համեստ անձի հետ կապված սուբյեկտիվ վերաբերմունք` բացի այն, որ անտեղյակությունը համակարգից ուղղակի հորդում էր», – եզրափակեց նախարարը: