ԱՆԴԱՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը  երեկ հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ  Վիլֆրիդ Մարտենսի հետ` անդրադառնալով Սաֆարովի արտահանձնմանը: Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել  ԵԺԿ նախագահի  նախաձեռնությամբ: Առաջին հայացքից թվում է` միանգամայն նորմալ երեւույթ է. եվրոպական կուսակցությունների միավորման ղեկավարը զանգահարել է` հետաքրքրվելու ԵԺԿ-ի անդամ ՀՀԿ, ՕԵԿ եւ «Ժառանգություն»  կուսակցություններին այս օրերին առավելապես հուզող խնդրով,  տվյալ դեպքում` մարդասպան  Սաֆարովի ազատ արձակմամբ: Սակայն այստեղ կան մի քանի  վիճահարույց պահեր: Նախ` ինչու է ԵԺԿ-ն այդպիսի ուշացմամբ արձագանքում, այն դեպքում, երբ Սաֆարովի արտահանձնմամբ Հայաստանում  կարող էին  կասկածի տակ դրվել եվրոպական արժեքներն ընդհանրապես, եւ Հայաստանի եվրոպական քաղաքականությունը` մասնավորապես: Ասել է թե` եթե ԵԺԿ-ն իրապես կարեւորում էր Հայաստանի  անդամակցությունը, ապա պետք է որ սաֆարովյան խայտառակությանն առաջինը արձագանքողներից մեկը լիներ: Երկրորդ. ինչո՞վ էր պայմանավորված  հայկական երեք կուսակցությունների   լռությունը, ինչո՞ւ նրանք մինչ օրս  որեւէ հայտարարությամբ կամ նամակով  չեն դիմել ԵԺԿ-ին: Ընդ որում, այստեղ առավել նախաձեռնող կարող էին լինել  «Օրինաց երկիր»-ը եւ «Ժառանգություն»-ը:   Եւ ի վերջո` չմոռանանք, որ ՀՀԿ-ական  Արմեն Աշոտյանը եւ Կարեն Ավագյանը բաստուրմակոնյակային դիվանագիտությամբ կարողացան   ապահովել այդ նույն Մարտենսի չափազանց օպերատիվ եւ  ցանկալի գնահատականը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:   Չենք կասկածում, որ այս հարցում նրանք  պատրաստ էին դատարկել կոնյակի գործարանի  պահոցները` ԵԺԿ-ից  անհրաժեշտ արձագանք ստանալու համար: Ինչո՞ւ ուրեմն անցած  12 օրերին որեւէ մեկը չհամարձակվեց  դիմել ԵԺԿ-ին: Այս հարցի պատասխանը երեկ տվեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` «Առավոտ»-ին  հայտնելով, որ Սաֆարովին Ադրբեջանին հանձնած Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵԺԿ փոխնախագահն է: Ասել է թե` առանցքային ֆիգուր այն կազմակերպությունում, որին անդամակցում են  ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգություն»-ը: Բնականաբար,  այդ  երեք քաղաքական ուժերը չէին կարող չիմանալ այդ մասին: Գիտեին, սակայն լռում էին: Հարց է առաջանում` ինչո՞ւ: Ի վերջո, նույն Սերժ Սարգսյանն էր, որ դիմելով   Հայաստանի միջազգային գործընկերներին,  նշեց, որ մենք սպասում ենք նրանց հստակ գործողություններին: Ինչպե՞ս կարող  էր իր քաղաքական գործընկերների շարքում ՀՀԿ ղեկավարությունը մոռանալ ԵԺԿ-ին:  Իրականում պարզ է, որ հանգիստ թողնելով ԵԺԿ-ին, ՀՀ իշխանությունները ցանկանում էին  ավելորդ անգամ չշեշտել, որ   սաֆարովյան  խայտառակ գործարքով Հայաստանին ապտակ հասցնողը հենց այն Եվրոպան էր, որին այդքան ձգտում է ՀՀ քաղաքական վերնախավը: Բայց, ինչպես հայտնի է` մախաթը պարկում չես թաքցնի: Եւ ուշագրավ է, որ երեկվա հեռախոսազրույցը կայացավ  Օրբանի` ԵԺԿ-ում ունեցած դերակատարության  բացահայտումից բառացիորեն ժամեր անց:




Լրահոս