Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը Նյու Յորքի դաշնային դատարանի` իր դեմ առաջ քաշված դատական հայցի մասին տեղեկացել է համացանցից: Սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը Այվազյանը նշեց, որ դատարանի կողմից իրեն ծանուցագիր չի ուղարկվել: “Ինձ համար զարմանալի է, թե ինչու է դատական հայցը հարուցվել ոչ թե Հայաստանի վարչական, այլ Նյու Յորքի հարավային շրջանի դատարանում՛”,- ասաց բանախոսը:
Նա դատական այդ հայցն անհեթեթություն համարեց, նաեւ դիտավորություն նկատեց նշված տեղեկատվության տարածման հարցում, քանի որ դատարանի` 2008-ին ընդունած որոշումը հանրության սեփականությունն է դառնում միայն 2012-ին: Միջազգային արբիտրաժային դատարանը մերժել է նշված գործում Այվազյանի` իբրեւ կողմ հանդես գալը, քանի որ ժամանակին Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը չի գործել որպես ֆիզիկական անձ, այլ ներկայացրել է ՀՀ-ն եւ պաշտպանել է պետության շահերը:
ՀՀԿ-ական պատգամավորն ամենում դիտավորություն է նկատում, սակայն վարկածների մասին չի բարձրաձայնում: Նա հավանական է համարում` կատարվող քայլերի պատճառն այն է, որ ինքը խորհրդարանում հարկային մեծ պարտավորությունների առջեւ է կանգնեցնում գունավոր մետաղ արտադրողներին. գունավոր մետաղների թափոնները մեծ վտանգ են ներկայացնում: Լրագրողների հարցին` արդյոք Այվազյանն արտերկրում ունի գույք, որը դատարանի որոշմամբ կարող է իրենից վերցվել, բանախոսը նշեց. “Եթե ունեմ, թող իրենց լինի”: Պատգամավորը նաեւ հերքեց Հանքավանի հանքավայրի մասնաբաժին ունենալու մասին լուրերը: Այվազյանը տեղեկացրեց, որ իրավաբան է գտել, ով կզբաղվի այս գործի ուսումնասիրությամբ: Նա նաեւ կոչ արեց լրագրողներին` միանալ իրեն, միացյալ ուժերով պայքարելու հանուն ճշմարտության հաղթանակի:
Սեպտեմբերի 6-ին Նյու Յորքի Դաշնային դատարանը մի վճիռ է հրապարակել, որով ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը պարտավոր է հօգուտ “Գլոբալ Գոլդ Մայնինգ” ՍՊԸ-ի վճարել 37,5 մլն դոլար: “Գլոբալ Գոլդ Մայնինգ” ՍՊԸ-ն Այվազյանին մեղադրել էր մի քանի միլիոն դոլար կաշառք պահանջելու մեջ: Նշվել է իբր 2006թ. “Գլոբալ Գոլդ Մայնինգ” ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր “կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների” Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։ Ընկերությունը տեղեկացրել էր այդ իրավիճակի մասին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին: Արդյունքում ընկերությունը Այվազյանի պատճառով կորցրել էր Հանքավանի հանքավայրի նկատմամբ հսկողությունը։