Ս.թ. մարտի 13-ին Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների պաշտոնական փաստաթուղթ ստեղծելու առաքելություն ստանձնած հանձնաժողովի առաջ ներկայացրեց իր ճանապարհային քարտեզը: «Հայեցակարգը» քաղաքական հավանությամբ օժտելով և քաղաքական խորհրդակցությունների ու քննարկումների նոր փուլ ազդարարելով՝ Սարգսյանը ուղղակիորեն մատնացույց արեց այն հիմնական ուղղությունները, որով իշխանությունն առաջ է շարժվելու: Ըստ այդմ, ակնարկվեց, որ հանրության դատին կներկայացվի ոչ թե մեկ, այլ միանգամից երկու նախագիծ, ինչը բավականին հետաքրքիր իրավիճակ կարող է առաջացնել երկրում:
Մինչ երկու փաստաթղթի հիմնահարցին անդրադառնալը, հարկ է քննարկել Սարգսյանի հետեւյալ պնդումը. «Վենետիկի հանձնաժողովը եւս գտնում է, որ կառավարման խորհրդարանական համակարգը կարող է ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում»: Մենք հետագայում ավելի մանրամասնորեն կանդրադառնանք Վենետիկի հանձնաժողովի համապատասխան եզրակացությանն ու գնահատականին, սակայն այսօր անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է թաքնված սույն հանձնաժողովի անվանական հիշատկաման ներքո: Բավական է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովն ամենեւին էլ դեմ չի արտահայտվում նախագահական կառավարման մոդելին: Հանձնաժողովի ընդհանրական տեսակետն այն է, որ կարեւոր է պահպանել գործընթացի ու կառավարման ժողովրդավարական նրբերանգները, իսկ մոդելը կարող է հարմարեցվել տեղական առանձնահատկություններին: Սարգսյանի վերոնշյալ ձեւակերպումից, սակայն, այնպիսի տպավորություն է ստացվում, որ Վենետիկի հանձնաժողովը քարոզում է խորհրդարանական համակարգը: Մինչդեռ այդպիսի պրակտիկա պարզապես գոյություն չունի:
Ի վերջո, Վենետիկի հանձնաժողովի գործառույթն իրեն մատուցված փաստաթղթի իրավական ու ժողովրդավարական հղանցքների գնահատումն է: Համեմատության համար նկատենք, որ եթե «Հայեցակարգը» նույնությամբ ուղարկվեր Վենետիկի հանձնաժողովին եւ խորհրդարանականի փոխարեն ներկայացված լիներ նախագահական մոդելը, ապա նույն եզրակացությունն էր լինելու, եւ Սարգսյանն արդեն նախագահական մոդելի համար էր քարոզչական հնարքով հիշատակելու Վենետիկի հանձնաժողովին:
Կառավարման համակարգի փոփոխության հետ կապված առանցքային նշանակություն է ստանում նաեւ պետական ինստիտուտները տրադիցիոն շաղախով պատելը: Ներկայիս ժողովրդավարական երկրների գերակշիռ մասի կառավարման համակարգի ամրությունը պայմանավորված է դրա ավանադականության հանգամանքով: Մեծ Բրիտանիայի խորհրդարանական կարգերի ինստիտուցիոնալիզացիան սկսվել է դեռ 1700-ական թթ., Գերմանիան 1871թ. հիմնադրությունից ի վեր գործել է խորհրդարանական կառավարման համակարգում, Ճապոնիայում եւս խորհրդարանական ավանդույթները գալիս են 19-րդ դարի վերջից եւ այլն:
Հատկանշական է, որ այս եւ խորհրդարանական կառավարումը որդեգրած բազմաթիվ այլ երկրներ նույնօրինակ կարգերին անցել են միապետությունների անկումից հետո, որը խիստ խորհրդանշական է ու սոցիո-հոգեբանական վիթխարի նշանակություն ունի: Ավելին՝ այս երկրներն ընտրել են կառավարման կոնկրետ համակարգ եւ փորձել ոչ թե իրենց խնդիրների իրական մեղքը բարդել դրա վրա ու շարունակական փոփոխություններով այդպես էլ ինստիտուտներ չձեւավորել, այլ դժվար ճանապարհ անցնելով՝ մշտապես բարելավել են կառավարման համակարգը բազմազան ու նորանոր լուծումներով:
Իսկ Հայաստանի գործող իշխանությունը փոխարենը աստիճանաբար ավելի կատարելագործի, նոր մտահղացումներով ու գործառույթերով վերափոխի արդեն իսկ հիմնադրված ու ավելի քան 20 տարվա փորձառություն ունեցող կիսանախագահական համակարգը, պատրաստվում է երկիրը նորանոր փորձությունների ենթարկել: Նվազագույնը մի 20 տարի հարկավոր կլինի հասկանալու համար խորհրդարանական կառավարման համակարգի էությունն ու առանձնահատկությունը տեղական պայմանների համատեքստում, եւ դրանից հետո կրկին կհիշեն ժողովրդավարության կառուցման՝ իրենց համար անհասկանալի գործում Վենետիկի հանձնաժողովին ու կիասանախագահական համակարգի առավելությունները:
Ինչեւէ, իր գործողությունների ծրագրում Սարգսյանն այսօր բավականին հետաքրքիր հանգրվանի է հասել: Իր ելույթում նա հայտարարեց. «Արդյունքում հնարավոր է ունենալ թե՛ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու, թե՛ գործող կառավարման համակարգի կատարելագործված ձեւը»: Ի դեպ, ՀՀԿ-ական պոլիտբյուրոյի նմանությամբ հերթական նիստի ավարտին Հերմինե Նաղդալյանն էլ ակնարկեց, որ հնարավոր է՝ հանրային քննարկմանը ներկայացվի երկու նախագիծ: Թվում է՝ բավականին ժողովրդավարական ու ազնիվ մոտեցում է, որը հնարավորություն կտա պարզելու քաղաքական ուժերի ու սովորական քաղաքացիների տրամադրություններն ու կողմնորոշումը թափանցիկ եղանակով:
Արտաքին շղարշը մի կողմ թողնելով՝ ակնհայտ է, որ Սարգսյանն այս քայլով միանգամից լուծում է նախ քվեարկությանը այո-ոչ ասելու, ապա և բոյկոտի հարցը: Երկու տարբեր ու տարողունակ նախագիծ մեկ քվեաթերթիկում տեղավորելով՝ նա ապահովում է մեծ աղմուկ եւ 0 տոկոս արդյունավետ քննարկում: Ըստ էության, սահմանադրական հանրաքվեն Սարգսյանը վերածում է երկու թեկնածուի «ընտրության», որտեղ նույն մեթոդներով, արդեն ավելի նվազ դիմադրությամբ ու հեշտությամբ կարող է հասնել իր նպատակին: Ի վերջո, սովորաբար այդօրինակ հանրաքվեները հիմնականում վերաբերում են մեկ նախագծի ու հիմնահարցի:
Այս դեպքում, սակայն, իշխանության համար ավելի դյուրին կլինի միջազգային հանրությանն ու տեղական շրջանակներին համոզելը, որ ժողովուրդը խորհրդարանական համակարգը «նախընտրել» է կիսանախագահականից, իսկ ընդդիմության հավանական բոյկոտը հազիվ թե հավուր պատշաճի ընկալվի նույն շրջանակների կողմից: Ծրագրի հաջողության երաշխիքը, այսուհանդերձ, կարծում ենք, կախված է ոչ այնքան ներքին, որքան արտաքին կենտրոնների կեցվածքից, եւ միգուցե Սերժ Սարգսյանի վարանումները կապված են հենց այդ ճակատում «կոնսոլիդացիայի» բացակայության հետ:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Նյութի առաջին հատվածը կարող եք ընթերցել այստեղ: