Հայաստանում առաջիկայում կմեկնարկի համայնքների խոշորացման գործընթացը: Ըստ ՀՀ Կառավարության՝ համայնքների խոշորացման արդյունքում էապես կտնտեսվեն ծախսերը, եւ առաջիկայում կիրականացվի համայնքների խոշորացման մի քանի պիլոտային ծրագիր՝ նախապես այդ համայնքներում անցկացնելով տեղական հանրաքվե:
Տեղեկացնենք, որ նախատեսվում է տեղական հանրաքվե նշանակել Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան եւ Ահնիձոր համայնքները Թումանյան քաղաքի կազմում միավորելու հարցով: Մյուս նախագիծը վերաբերում է Սյունիքի մարզում հանրաքվե անցկացնելուն՝ Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ եւ Քաշունի համայնքները Շինուհայրի կազմում միավորելու նպատակով: Իսկ Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան եւ Հովք համայնքներն առաջարկում են միավորել Դիլիջանի կազմում: Իսկ տեղական հանրաքվեն կանցկացվի մայիսի 17-ին:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց 84 ընտանիք ունեցող Աթանի գյուղապետ Ռոլանդ Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, Ձեր համոզմամբ՝ համայնքների խոշորացումն ինչպե՞ս կանդրադառնա գյուղի զարգացման վրա:
-Ասում են ու նաեւ խոստանում, որ լավ կլինի: Եթե այդ խոստումներն իրականանան, ուրեմն լավ կլինի:
-Կոնկրետ ի՞նչ խոստումներ են տվել:
-Խոստացել են, որ ճանապարհները կասֆալտապատեն, գյուղում ջրագիծ կքաշեն, միջհամայնքային ճանապարհները կվերանորոգեն, մանկապարտեզ կկառուցեն:
-Հավատո՞ւմ եք նրանց խոստումներին:
-Դե, ասում են, չգիտեմ: Ի՞նչ ասեմ: Սպասենք, տեսնենք:
-Իսկ գյուղի բնակիչներն ինչպե՞ս են վերաբերում համայնքների խոշորացմանը: Դե՞մ կքվեարկեն, թե՞ կողմ:
-Կարելի է ասել, որ գյուղի 50 տոկոսը կողմ է, իսկ մյուս 50 տոկոսն էլ՝ դեմ: Անկեղծ ասած՝ բնակչությունն այդքան էլ լավ տեղեկացված չէ: Մենք՝ գյուղապետերս, նույնպես: Վերջը չգիտենք, թե ոնց կլինի: Իսկ գյուղացիներին միայն մտահոգում է տեղեկանքների տրամադրման հարցը:
-Դուք մասնակցել եք համայնքների խոշորացման վերաբերյալ նախագծի քննարկմանը: Չե՞ք բարձրաձայնել Ձեզ հուզող հարցերը:
-Մտավախություն կա դպրոցների մասով: Այսինքն՝ սրա արդյունքում գյուղի դպրոցներն ի՞նչ ճակատագիր կունենան, առայժմ հայտնի չէ: Հակառակ դեպքում՝ մենք ուղղակի չենք կարող աշակերտներին 7 կմ հեռու գյուղ ուղարկել: Այն էլ՝ ձմռան ամիսներին:
-Հանդիպումներ գյուղի բնակիչների հետ կազմակերպելո՞ւ եք:
-Իհարկե, կկազմակերպենք: Ի վերջո, իրենց էլ պետք է բացատրենք, թե ինչ է կատարվելու:
-Դուք՝ որպես գյուղի բնակիչ, հանրաքվեին դե՞մ եք քվեարկելու, թե՞ կողմ:
-Եթե պատկան մարմինների խոստումներն իրականություն դառնան, ապա կողմ կքվեարկեմ: Իսկ ինչու ոչ: Այնուամենայնիվ, սա պիլոտային ծրագիր է, եւ ընթացքում միայն պարզ կլինի՝ լավ ավարտ կունենա, թե` ոչ:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ