Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով ընթերցողին առավել հայտնի է սերիալներից եւ գեղարվեստական ֆիլմերից, առաջիկայում հեռուստադիտողին կներկայանա նոր կերպարներով: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր ստեղծագործական պլանների մասին, խոսել է նաեւ անձնական կյանքից եւ ասել, որ ամուսնանալու մասին դեռ չի մտածում:
–Ռոզի՛, վաղուց է` Ձեզ էկրաններին չենք տեսել, հիմա ինչո՞վ եք զբաղված:
-Հ1-ը Ցեղասպանության թեմայով դոկումենտալ ֆիլմ է նկարահանում, որում ունեմ իմ զբաղվածությունը: Կա նաեւ կատակերգական ժանրում գեղարվեստական մի ֆիլմ, որի շրջանակում եւս ընդգրկված եմ, դեռեւս մանրամասներ չեմ հայտնի: Սրան զուգահեռ աշխատում եմ թատրոնից չկտրվել, ընդգրկված եմ անտերպրիզային ներկայացումներում, երբեւէ չեմ մասնակցել խաղացանկային ներկայացումների. դա, կարելի է ասել, իմ անձնական կապրիզն է:
-Հանդիսատեսը Ձեզ համարում է ազատ մտածող դերասանուհի, Դուք մեկն եք, ումից ակնկալում են համարձակ դերեր: Սպասումներն առաջիկայում կարդարացվե՞ն:
-Ես այդ հարցին նայում եմ հետեւյալ տեսանկյունից` դեր առաջարկողի մոտեցումները որքանո՞վ են պրոֆեսիոնալ, ինչպե՞ս են մոտենում հարցին, ինչպե՞ս է մատուցվելու երեւույթը: Էական է` այդ բաց տեսարանները գործի կարեւորագույն մասն են, թե՞ արվում են փիարի համար: Իհարկե, կարող են լինել առաջարկներ, որոնցից ես կհրաժարվեմ, սակայն եթե գործն արվում է պրոֆեսիոնալ կերպով, իմ անձնական կապրիզն ու մոտեցումը մղվում են երկրորդ պլան:
-Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ գեղարվեստական ֆիլմերում Ձեր կերպարները մշտապես կատակերգական են, իսկ, ահա, սերիալներում` տրագիկ, «լալկան»…
-Այդ կատակերգական ֆիլմերում իմ կերպարները շատ կոմիկական չեն: Իսկ ընդհանուր երևույթը կապված է այն հանգամանքի հետ, որ կոմեդիաները հեշտ վաճառվող են, սերիալների հերոսներն էլ, ըստ որոշ կարծիքների, որքան դժբախտ լինեն, այնքան մեծ լսարան կհավաքեն, քանի որ հեռուստադիտողը կսկսի ապրել նրանց կյանքով, հետեւաբար սերիալը կունենա բարձր վարկանիշ:
-Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ Հայաստանում տեսակ ունեցող դերասանները չեն առանձնանում ընդհանուրից: Այս առումով ձուլվելու վտանգ չկա՞:
-Մենք ունենք շնորհալի դերասաններ, սակայն չկան համապատասխան պայմաններ, որպեսզի նրանք կարողանան առանձնանալ եւ աճել: Քո առջեւ դրվում է կոնկրետ խնդիր, եւ նշվում է այն ներկայացնելու կերպը: Երկար քննարկումների ժամանակ չկա, մոտեցումն էլ մակերեսային է: Ուստի կա՛մ պետք է չհամաձայնես այն կատարել, կա՛մ պետք է ձուլվես: Այդ ձուլվելու վտանգը, միանաշանակ, կա:
Դերասաններին այս դեպքում չեմ կարող մեղադրել: Ի վերջո, տվյալ իրավիճակում նրանք չեն, որ թելադրողի դերում են:
-Փաստորեն, անելանելի վիճակ է ստեղծվել:
-Մշակույթի ոլորտի ապագան այսօր մեր երկրում չեմ տեսնում, ու չկա որեւէ ելք: Հիշում եմ, թե տասը տարի առաջ ինչ հույսեր էի կապում իմ ասպարեզի հետ, իսկ հիմա սպասելիքներս այլ են, բոլորովին այլ կերպ եմ մտածում:
Այս պայմաններում չգիտես` քեզնից հետո եկող սերնդին ինչ ասես, ոնց սփոփես…Նրանցից շատերն, օրինակ, չեն կարողանում մտնել հեռուստատեսություն, երբեմն էլ գնում են թատրոն, այնտեղից ասում են` դու ճանաչված դեմք չես, ու չեն ընդունում: Հետո էլ տեսնում են քո հուսահատությունը, իսկ դու ինչ էլ ասես` կարող ես վնասել նրանց:
-Ռոզի՛, գիտենք, որ թե՛ մինչեւ ճանաչվելը, թե՛ դրանից հետո Ձեր ուղին հեշտ չի անցնել, ստիպված եք եղել գումար վաստակելու համար մի շարք ոչ մասնագիտական գործերով զբաղվել: Կպատմե՞ք:
-Այո՛, շատ գործեր եմ արել, օրինակ` 17 տարեկանում վաճառողուհի եմ եղել. տարիքս չէր համապատասխանում, բայց ես աշխատում էի…Հետո որպես մատուցող եմ աշխատել, նոր միայն դարձել եմ բարմեն: Երբեք չեմ զլացել աշխատել: Ոչ մի տեսակի գործ անելն էլ ամոթալի չէ: Իմ ներսում այդ առումով ճանաչված լինելուց հետո ոչինչ չփոխվեց:
-Թե՛ Դուք, թե՛ Ձեր նշանածը բավական հագեցած գրաֆիկով եք ապրում, չե՞ք վախենում, որ ամուսնությունից հետո խնդիրներ կծագեն:
-Անկեղծ ասած` դեռ չենք մտածում ամուսնության մասին: Իմ նշանածը բարմեն է, փորձում ենք իրար օգնել` ինչով կարող ենք: Ինքս ընտանիքի ներսում խուճապի տրվող մարդկանցից չեմ: Գիտեք` երբեմն ծանրաբեռնված գրաֆիկ ունենալը լավ է. պարապ մարդու մոտ վատ մտքեր են գալիս…
Աննա Բաբաջանյան