ԱՐԶԱԿԱՆՑԻՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ԲԺՇԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան մեկ տարի է, ինչ ՀՀ Կոտայքի մարզի Արզական համայնքն ընտանեկան բժշկի կարիք ունի: Մեկ տարվա ընթացքում Արզականի բժշկական ամբուլատորիան հասցրել է ունենալ մի քանի տարբեր բժիշկներ, ովքեր համատեղության կարգով եղել են նաեւ ամբուլատորիայի տնօրենները: Ինչպես Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանն է «Ժողովուրդ»-ին փոխանցում, այս պահին բնակիչները բժշկի խիստ կարիք ունեն, սակայն ոչ մի բժիշկ չի ցանկանում հիմնական աշխատել Արզականի բուժամբուլատորիայում:

ՀՀ Կոտայքի մարզի Արզական համայնքի բնակիչները արդեն մեկ տարի է, ինչ առողջապահության նախարարությունից եւ Կոտայքի մարզպետարանից պահանջում են իրենց ընտանեկան բժիշկ տրամադրել, ով կկարողանա մշտապես գյուղում լինել:
Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատեց, որ գյուղացիներն այս օրերին բժշկի խիստ կարիք ունեն եւ անհանգստացած են, որ արդեն մեկ տարուց ավել է, ինչ այս խնդիրը չի լուծվում: «Ես մեծ ցավ եմ ապրում, որ գյուղում այս վիճակն է: Իսկ Հասմիկ Ազատյանը միաժամանակ Չարենցավանի բկ-ում էր աշխատում, դրա համար էլ չէր հասցնում երկար ժամանակով լինել Արզականում: Բնակիչներն էլ անհամբեր են, մեկ րոպե շուտ են ցանկանում բուժվել, առողջանալ: Անընդհատ բողոքում էին, ասում էին՝ գալիս ենք, բժիշկը տեղում չէ: Այս ամենից հետո մարզպետի մոտ քննարկում տեղի ունեցավ, որից հետո Ազատյանն ազատվեց աշխատանքից»,-ներկայացրեց գյուղապետը:
Արզականցիների պատմելով՝ բուժամբուլատորիայում ով բժիշկ է նշանակվել, անմիջապես մի քանի ամիս անց ազատվել է աշխատանքից: Կարճ ժամանակահատվածով աշխատած բժիշկներն են Սիրանույշ Զարգարյանը եւ Հասմիկ Ազատյանը: Վերջիններս միաժամանակ համատեղության կարգով աշխատել են որպես տնօրեն: Իսկ հիմա բժշկի պարտականությունները ժամանակավոր կատարում է Ժորժ Քոչարյանցը, ով նաեւ «Ալափարսի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենն է:
«Գյուղը մեծ է, հանգստի գոտու շարունակությունն է, որտեղից ամռան շրջանում մարդիկ են գալիս եւ մեր ամբուլատորիայում են սպասարկվում: Մեզ օդ ու ջրի պես բժիշկ է պետք: Իսկ մեր ամբուլատորիան ժամանակակից է, գտնվում է նորմալ վիճակում, ունի բուժանձնակազմ, որոշակի սարքավորումներ: Ուղղակի մեկ տարի է, ինչ բժիշկ չունենալու պատճառով նման խնդիրների առաջ ենք կանգնել: Միայն զարմանում եմ, թե ինչու են երիտասարդները խուսափում գյուղական վայրերում աշխատելուց»,- մտահոգվեց գյուղապետը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի հրամանով այս տարվա հունվարի 12-ին Հասմիկ Ազատյանը «Արզականի բժշկական ամբուլատորիա» ՊՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է: Ինչից հետո ընկերության տնօրենի լիազորությունների իրականացումը ժամանակավորապես դրվել է հաշվապահ Լյուդվիգ Հարությունյանի վրա:
Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ գյուղացիների՝ հիմնական բժիշկ ունենալու ցանկությունը շուտով կիրականանա: «Բոլոր պատկան կառույցներին դիմել ենք այս հարցով, բայց չկա բժիշկ, չեն գալիս Արզական: Հավանաբար չեն ցանկանում գյուղում աշխատել»,- լրացրեց տնօրենի ԺՊ-ն:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ աշխատանքից ազատված Հասմիկ Ազատյանի հետ եւ հետաքրքրվեց, թե իրականում ինչն է եղել Արզականի բուժամբուլատորիայի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից հրաժարվելու պատճառը: «Ես միաժամանակ աշխատում եմ նաեւ Չարենցավանի բժշկական կենտրոնում, այս պատճառով էլ չէի հասցնում: Ես դեռ վաղուց էի դիմել մարզպետարան՝ ինձ աշխատանքից ազատելու պահանջով: Բայց քանի որ ես ապրում եմ նաեւ Չարենցավանում, այս պատճառով էլ ինձ հարմար է մնալ եւ աշխատել այստեղ: Բացի այս՝ իմ առջեւ կտրուկ հարց դրեցին եւ ընտրելու հնարավորություն տվեցին՝ Չարենցավան կամ Արզական, դրա համար էլ ընտրեցի Չարենցավանը ու Արզականից հրաժարվեցի»,- ներկայացրեց Ազատյանը:
Զրույցի ավարտին նա ժպիտով հիշեց, որ արզականցիները մշտապես կիսվել են իր հետ ու հարգանքով են վերաբերվել իրեն. «Այդ գյուղն իրականում ունի բժշկի կարիք, որովհետեւ այն ժամանակ, երբ ես էի աշխատում այնտեղ, մարդիկ կարծես բժշկի կարոտ, չտես լինեին: Գալիս էին, լցվում գլխիդ ու հարցեր տալիս: Դժգոհ չեմ եղել նաեւ բուժանձնակազմից, ովքեր ինձ հետ հարգանքով էին»:
«Ժողովուրդ»-ը այս խնդրի շուրջ դիմեց նաեւ Կոտայքի մարզպետարան, որտեղից նշեցին, թե իրենք նույնպես մտահոգված են եւ ամեն ինչ ձեռնարկում են, որպեսզի տվյալ ամբուլատորիան հիմնական բժիշկ ունենա:
Որքան էլ որ գործող իշխանությունները հայտարարում են, թե ամեն ինչ ձեռնարկում են, որպեսզի երիտասարդ կադրերը գնան եւ գյուղերում աշխատեն, փաստացիորեն այսօր ականատես ենք լինում հակառակ գործընթացին:

 

 

 

 

 

ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԻՐԱՑՎՈՂ ՊԱՂՊԱՂԱԿԸ ԹԱ՞ՐՄ Է

Վերջին շրջանում «Ժողովուրդ»-ի խմբագրությունը քաղաքացիներից դժգոհություններ է ստանում կապված պաղպաղակի որակի հետ: Մարդկանց պնդմամբ՝ այս օրերին երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում վաճառվում է նախորդ տարի արտադրված պաղպաղակը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, այս պահին ՍԱՊԾ-ն ստուգումներ, դիտարկումներ իրականացնո՞ւմ է պաղպաղակի շուկայում:
-Կոնկրետ պաղպաղակի շուկայում նպատակային ուսումնասիրություններ, դիտարկումներ չունենք: Բայց ընդհանուր դիտարկումների ժամանակ իրացման ցանցում անդրադառնում ենք նաեւ իրացվող պաղպաղակի մակնշմանն ու պահպանման պայմաններին: Իսկ հիմնականում պաղպաղակի արտադրություններում ստուգումներ իրականացվում է տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում, այսինքն՝ հուլիս ամսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը:
-Այնուամենայնիվ, այս օրերին երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում վաճառվող պաղպաղակը թա՞րմ է, անվտա՞նգ է:
-Ցանկացած արտադրատեսակ ունի պիտանելիության որոշակի ժամկետ պահպանման պայմանների ընթացքում: Մենք ոչ մի մտահոգության առիթ չենք տեսնում:
-Քաղաքացիների մոտ կասկածներ կան, որ խանութներում իրացվող պաղպաղակը նախորդ տարվա արտադրվածն է: Այս մասին ի՞նչ կասեք:
-Այդ խոսակցություններն ընդամենը ենթադրությունների շրջանակում է: Մենք վստահաբար կարող ենք ասել, որ այս տարիների ընթացքում դեռեւս չունենք գրանցված դեպք, որ հին արտադրանքը վաճառեն թարմի փոխարեն: Եթե կան նման հիմնավոր գանգատներ, թող ծառայությանը ներկայացնեն իրենց հիմնավորումները, եւ մենք համապատասխան գործառույթ կիրականացնենք:
-Պաղպաղակի շուկայում հիմնականում ի՞նչ խախտումներ եք հայտնաբերում:
-Կոնկրետ պաղպաղակի հետ կապված դեռեւս 2015 թվականի ընթացքում մենք խախտումներ չունենք արձանագրված: Հիմա ծրագրում ենք, որ առաջիկայում հանդիպելու ենք պաղպաղակ արտադրողների հետ:
-Իսկ լցնովի պաղպաղակի մասով ի՞նչ կասեք:
-Փողոցային պայմաններում դրանց իրացումն արգելվում է, իսկ նրանք, որոնք ունեն համապատասխան սանիտարական պայմաններ, ապա թույլատրվում է նման գործունեություն իրականացնելը:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 
ՎԱՐԿԵՐ ՉԵՆ ՏԱԼԻՍ
Թեեւ պաշտոնական վիճակագրություն գոյություն չունի, անկախ հարցումների արդյունքների համաձայն` Գյումրիում վարկային պարտավորություններ ունի բնակչության ավելի քան 70 տոկոսը` միջինը 200-400 հազար դրամի չափով: Գուցե ամիսներ առաջ այս թիվը համարվեր ոչ մտահոգիչ, քանի որ գյումրեցիների զգալի մասի հույսը արտաքին տրանսֆերտներն էին, որոնք հիմնականում ՌԴ-ից էին: Սակայն ռուսական ռուբլու գահավիժման պայմաններում սա լուրջ խնդիր է ՀՀ երկրորդ քաղաքի համար. արտաքին ֆինանսական փոխանցումները կրճատվել են կրկնակի, իջել է բնակչության վճարունակությունը, իսկ նոր աշխատատեղերի բացման կամ հետզհետե ահագնացող գնաճի զսպման մասին խոսք չկա: Գյումրու ռիսկայնությամբ պայմանավորված էլ, դեռ անցյալ տարվա նոյեմբերից, ֆինանսատնտեսական ու արժութային վայրիվերումներին զուգահեռ, երբ ողջ հանրապետությունում բանկային ոլորտը սկսեց վարկային ռեսուրսների տեղաբաշխման ուղղությամբ զգուշավոր քաղաքականություն վարել, այստեղ այդ քաղաքականությունն արտահայտվեց վարկային միջոցների տրամադրման դադարեցմամբ: Բանկային ոլորտի մասնագետները պարզաբանում են, որ խնդիրը կապված է Գյումրիում առկա սոցիալական բարդ վիճակի եւ արտաքին ֆինանսական տրանսֆերտների կտրուկ կրճատման հետ: Ու թեեւ որոշ ֆինանսիստներ հույս են հայտնել, որ առաջիկայում խնդիրը կկարգավորվի, ու մինչ եռամսյակի ավարտը Գյումրիում վարկային միջոցների տրամադրումը կվերականգնվի, առայժմ այդ ուղղությամբ լավատեսական միտումները նկատելի չեն: Գյումրեցի վարկառուները բանկերի համար «պերսոնա նոն գրատա» կարգավիճակում են:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ՈՉ ՊԱՏՇԱՃ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Թովմա Մաթեւոսյանի սպանության մեջ մեղադրվող Տիգրան Մելիքյանի հոր՝ բժիշկ Նորիկ Մելիքյանի գրավոր հաղորդման հիման վրա, ըստ որի՝ 2013թ. մայիսի 15-ին կրծքավանդակի վնասվածքով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ ընդունված Թ. Մաթեւոսյանին բժշկական օգնություն ցուցաբերելիս բուժօգնություն եւ սպասարկում իրականացնողերն անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք են դրսեւորել իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ժամանակ, ինչն անզգուշությամբ առաջացրել է Թ. Մաթեւոսյանի մահը, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2015թ. մարտի 1-ին հարուցվել է քրգործ՝ Քր. օր.-ի 130-րդ հոդ. 2-րդ մասով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը՝ նկատի ունենալով, որ նյութերում առերեւույթ առկա են նշված հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ եւ գործ հարուցելու օրինական առիթ: Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 15-ին Վանաձորում «Մոտկորի» անտառապետ Թ. Մաթեւոսյանի (Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդին) եւ բնապահպանության տեսուչ Տ. Մելիքյանի վիճաբանության արդյունքում դանակահարությունից մահացել էր Թ. Մաթեւոսյանը: Սպանության մեղադրանքով անցյալ տարվա մայիսից «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանքի մեջ գտնվող բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի նախկին տեսուչ Տ. Մելիքյանը չի ընդունում իր մեղքը, որ դիտավորություն է ունեցել կյանքից զրկելու հանգուցյալին:

ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ




Լրահոս