«ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ը ԿԲՈՂՈՔԱՐԿԻ ՎՃԻՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենի չինովնիկները մշտապես տեղի-անտեղի խոսում են խոսքի ազատության կարեւորության, անկախ մամուլի գոյության մասին: Բայց հենց գալիս է խոսքը գործով ապացուցելու ժամանակը, «բլբուլներն» ընդհատակ են անցնում: Ասվածի վառ վկայությունն է սեպտեմբերի 6-ին «Ժողովուրդ»-ի դեմ կայացրած դատավճիռը:  
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահությամբ դատավորներ Կարինե Հակոբյանի, Տիգրան Սահակյանի, Գոհար Մատինյանի) վճռել է ուժի մեջ թողել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ մերժելով «Ժողովուրդ» օրաթերթի բողոքը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը 2011թ. հոկտեմբերի 7-ի (թիվ 117) համարում տպագրել էր հոդված՝ մեջբերելով Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերը, որ Գեղարքունիքի արդեն նախկին մարզպետ ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանն իր վարորդի միջոցով 3000 ԱՄՆ դոլար կաշառք է վերցրել նույն գյուղի դպրոցում պատմության ուսուցչի թափուր տեղի մրցույթում մյուս թեկնածուի հաղթանակն ապահովելու համար: Ընդ որում, «Ժողովուրդ»-ը նույն հոդվածում հրապարակել էր նաեւ մարզպետի կարծիքը՝ իրեն հասցեագրված մեղադրանքների առնչությամբ: Սակայն Պողոսյանն իր կուսակցապետի մոտ վստահություն ձեռք բերելու համար հայց ներկայացրեց դատարան՝ ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի եւ Աննա Թորոսյանի` իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու նպատակով: Ընդգծենք, որ մինչ այդ Պողոսյանը հերքման տեքստ չէր ներկայացրել խմբագրություն, փոխարենը իր «պատիվն արատավորելու» համար «Ժողովուրդ»-ից պահանջում էր 2,5 մլն դրամ:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանն էլ, «հալած յուղի տեղ ընդունելով» մարզպետի հավաստիացումները, թե ինքը հանրային դեմք է, եւ թերթն իրավունք չունի իր մասին որեւէ բան գրել, վճռեց «Ժողովուրդ»-ին տուգանել 200 հազար դրամով (100 հազարը՝ փաստաբանական ծախսերի, 100 հազարը՝ Պողոսյանի արժանապատվության համար): Իսկ ՀՀ վերքաննիչ քաղաքացիական դատարանն էլ մերժել է «Ժողովուրդ»-ի ներկայացրած հայցը՝ անփոփոխ թողնելով Թամրազյանի կայացրած վճիռը:
Նկատենք, որ ապօրինի գործարքների հետ նույնացվող դատարանները վճիռ կայացնելուց առաջ հաշվի չեն առել իրողությունը, որ «Ժողովուրդ»-ը նյութը տպագրել է` պահպանելով օրենքի եւ էթիկայի բոլոր նորմերը՝ նշելով աղբյուրը: Վերաքննիչ դատարանը, մեջբերելով ՀՀ Սահմանադրության, միջազգային կոնվենցիաների մի շարք դրույթներ (որոնք ամենեւին չեն առնչվում գործին), նշել է, որ թերթը նախքան տեղեկությունները հրապարակելը պարտավոր էր ստուգել դրանց արժանահավատությունը: Անհասկանալի է, թե ինչպես պետք է թերթը դա աներ: Օպերատիվ գործողություննե՞ր աներ, փողը քիմիական փոշով մշակեր, տար վարորդին ու միանգամից նկարե՞ր, որ դա դիտվեր որպես ապացույց: Չէ՞ որ թերթը նման լիազորություն չունի, բացի այդ էլ, լրատվամիջոցն ազատվում է պատասխանատվությունից, եթե բարեխղճորեն մեջբերել է ուրիշի ուղղակի խոսքը:
Բայց միայն սա չէ զավեշտը. վերը նշված տխրահռչակ դատավորները վճռում արձանագրել են, որ ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի ավագ հետաքննիչ Ս. Վ. Խաչատրյանի՝ 14.11.2011թ.  որոշմամբ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված հոդվածի վերաբերյալ նախապատրաստված նյութերի քննարկման արդյունքում մերժվել է քրեական գործի հարուցումը Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի վերաբերյալ՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ, իսկ Աննա Թորոսյանի վերաբերյալ՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Ի՞նչ է ստացվում. քաղաքացին դժգոհել է մարզպետի գործունեությունից, թերթի միջոցով հայտնել իր ունեցած ինֆորմացիան, ոստիկանությունն էլ, որ պարտավոր էր պահպանել օրենքի տառը, անմիջապես անմեղ է համարել ինչպես Պողոսյանին, այնպես էլ Աննա Թորոսյանին, եւ ողջ «կուժն ու կուլան» կոտրվել է օրաթերթի գլխին: Իհարկե, «Ժողովուրդ»-ը կբողոքարկի այս վճիռը, բայց դրանից հայկական իրականությունը չի փոխվում: Դատարանները շարունակում են մամլիչ լինել մամուլի համար: Սակայն դա չի խանգարում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին եւ, վերջապես, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, որպեսզի դեմքի լուրջ արտահայտությամբ խոսեն արդարադատության համակարգի կայացման, բարեփոխումների եւ այլ կարեւորությունների մասին: Իսկ ո՞վ է զգում այդ փոփոխությունների արդյունքը:

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»




Լրահոս