Այնպես չի, որ խորհրդարանական համակարգում ամեն ինչ լավ է, Սերժ Սարգսյանը շանս է տալիս. ՀՀԿ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը Armlur.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին: Պատգամավորի խոսքով, պետք է շեշտը դնել ոչ թե կառավարման համակարգի փոփոխության, այլ փոփոխություններով սահմանադրությամբ առկա իրավունքների լիակատար կատարման վրա:

– Պարո՛ն Հարությունյան, ԱԺ պատգամավորներին արդեն բաժանվել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Ինչպիսին է հայեցակարգի վերաբերյալ ձեր տեսակետը:

– Հանրային կարծիքը սևեռվել է միայն կառավարման համակարգի վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների վրա, մինչդեռ այդ փոփոխությունները հետևանք են, իսկ պատճառը` բոլորովին այլ բան է: Պետք է այնպես անել, որ այն իրավունքներն ու ազատությունները, որ մենք սահմանել ենք քաղաքացու համար, իրականում կիրառվեն, սակայն այժմ դրանք իրականում կիրառելու գործիքակազմ Սահմանադրությունը չի նախատեսում:

Սահմանադրական բարեփոխումների առանցքային մասը ոչ թե իշխանության կառավարման համակարգն է, այլ իշխանությունը և պատասխանատվությունը: Այսինքն` որևէ իշխանություն պետք է սահմանափակված լինի քաղաքացու իրավունքներով և ազատություններով: Ընդ որում, այս թեզը պետք է գործնականում իր արտացոլումը գտնի սահմանադրական դրույթներում:

Այս կոնտեքստում առանձնահատուկ կարևորություն է ստանում իշխանությունների տարանջատման սկզբունքը: Եթե կառավարման համակարգում իրական հակակշռում և փոխադարձ զսպումների համակարգ չկա, և իշխանության թևերից մեկը դառնում է իշխող, ապա քաղաքացու իրավունքները պաշտպանել հնարավոր չէ:

Խնդիրն այս կոնտեքստում է նայվում, ապա նոր խոսվում, որ այս կիսանախագահական համակարգը որքան էլ մենք փորձում ենք հանրապետության նախագահին վերագրել Սահմանադրության երաշխավորագրի կարգավիճակ, այդուհանդերձ, այդ իրականությունից հեռու է: Ինչու՞, որովհետև նույն Սահմանադրությամբ նույն նախագահին վերագրում ենք պատասխանատվություն արտաքին քաղաքականության ոլորտում, ուժային կառույցների ոլորտում, որոնք բնորոշ են գործադիր մարմնին: Այսինքն, դե ֆակտո հանրապետության նախագահը դառնում է գործադիր իշխանության ղեկավար: Եվ այս ամեն ինչը մեղմելու համար որպես տարբերակ առաջարկվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին:

– Դուք կողմ եք խորհրդարանական համակարգի՞ն:

– Ես կողմ եմ այն համակարգին, որը առավելագույնս կարող է ապահովել իշխանությունների տարանջատման սկզբունքը: Էնպես չի, որ խորհրդարանական համակարգում ամեն ինչ լավ է, էտպես չի, այնտեղ էլ խնդիրներ կան: Բայց քննարկման խնդիր է սա, և այո´, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն այս թեզն է զարգացնում: Առանցքը ոչ թե իշխանության կառավարման համակարգի բարեփոխումն է, այլ քաղաքացու իրավունքների կատարման աներկբա երաշխիքների ձևավորումը:

– Հայեցակարգում, սակայն դեռևս անորոշ է կառավարման համակարգի հարց է: Չի բացառվում նաև, որ մնա կիսանախագահական կառավարման համակարգը:

– Հանրապետության նախագահն ասում է` եկեք, խոսենք իրական, արդյունավետ կառավարման մոդելի մասին, ո՞րն է արդյունավետ, դա էլ քննարկենք  և ընդունենք: Նախագահն ասում է` ինձ համար նախապատվելի համակարգեր գոյություն չունեն: Օրինակ` նույն մեր պարագայում խորհրդարանական կառավարման համակարգը գերագույն գլխավոր հրամանատարի խնդիր է դնում, որոշումներ կայացնելն այդ պարագայում ո՞ւմ ենք վերապահում` վարչապետին, թե նախագահին, սրանք կարևոր  հարցեր են: Թեպետ մենք կարող ենք բերել Իսրայելի օրինակը, որը խորհրդարանական հաջող պետություն է:

– Իսկ, ըստ Ձեզ, մեզ մոտ ո՞րը հաջող կլինի:

– Դժվար է ասել, ավանդույթի խնդիր է: Պետականաշինության ավանդույթներ գոյություն ունի, սրանք երկրորդական խնդիրներ չեն, որովհետև սովորույթն ամենամեծ ուժն է: Դրա համար էլ հանրապետության նախագահը չի փորձում կանխորոշել որևէ զարգացում, ինքը դրա համար էլ ազատ է թողնում: Նա շանս է տալիս, որպեսզի իր քաղաքական կեցվածքը չդառնա կաշկանդող բոլորի համար: Սա առավելագույնն է, որ կարելի է սպասել նախագահից այս սահմանադրական բարեփոխումների ընթացքում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս