ԵՄ երկրները Հայաստանի հետ հարաբերություններում խնդրահարույց հարցեր են տեսնում. վրացի գործիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրացի ընդդիմադիր գործիչ Դավիդ Դարչիաշվիլին Armlur.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ մի օր Մոսկվայում ամեն ինչ կփոխվի, և Հայաստանը կկարողանա ազատորեն համագործակցել ԵՄ հետ` առանց նախապայմանների: Դարչիաշվիլին նշեց, թե ԵՄ համագործակցության հետագա տարբերակը ՀՀ-ն և նախագահ Սերժ Սարգսյանը պետք է որոշեն ինքնուրույն:

– Հայաստանը, հանդիսանալով ԵՏՄ անդամ, չի ցանկանում դադարեցնել հարաբերությունները նաև Եվրոպական միության հետ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, որ Հայաստանը միաժամանակ կարող է լինել և´ ԵՏՄ անդամ, և´ շարունակել ԵՄ հետ ասոցացման գործընթացը: Դուք Սերժ Սարգսյանի հայտարարած «և´… և´»-ի քաղաքականության իրագործումը հնարավոր համարո՞ւմ եք: 

–  Բրյուսելում կային հստակ դժգոհություններ` երկու միություններում էլ լինելու հետ կապված, քանի որ մի շարք խնդիրներ են առաջանում: Հիմնական խնդիրն առևտրի հետ է կապված, որը խանգարում է: Ես այնքան էլ վստահ չեմ ԵՏՄ երկարակեցության վրա: Որքան Ռուսաստանի քաղաքականությունը հեռանում է միջազգային ստանդարտներից, այնքան այդ միության հետագա կայացումը կասկած է առաջացնում: Դա Հայաստանի սուվերենությունն է, թե ինչ որոշում կընդունի: Եվրոպական միության անդամ դառնալը, բնականաբար, Հայաստանի անվտանգությունը կբարձրացներ, բայց այժմ խոսքը միայն Ասոցացման համաձայնագրի մասին է:

-Պարո՛ն Դարչիաշվիլի, Դուք տեղյակ եք, որ Հայաստանի կառավարությունն այժմ ԵՄ հետ բանակցություններ է վարում նոր փաստաթղթի ստորագրման շուրջ: Ըստ Ձեզ՝ Ռիգայում որևէ փաստաթուղթ կստորագրվի՞:

– Ռիգայի գագաթնաժողովում կարևոր մի քանի հարց կա քննարկելու, օրինակ` առանց վիզայի ռեժիմ սահմանելու հարցը, և այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Կտեսնենք, թե Հայաստանի մասով ինչ կարող է լինել: Ինչպես ասացի, Եվրոպայի երկրները խնդրահարույց հարցեր են այստեղ տեսնում:

– Իսկ այդ դեպքում հարցի լուծումն ինչպիսի՞ն եք տեսնում:

– Ես կարծում եմ, որ Հայաստանն ինքը պետք է որոշի` ցանկանում է  ԵՄ հետ ստորագրել Ասոցացման մասին համաձայնագիրը, թե` ոչ: Անցյալ տարի Հայաստանը փոխեց իր դիրքորոշումը և հրաժարվեց, ամեն ինչ Հայաստանից է կախված: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն իսկապես ցանկանում է Հայաստանի զարգացումը, բայց Մոսկվան այլ բան չի ընդունում, իսկ ԵՄ հետ համագործակցությունը, մեղմ ասած, այնքան էլ հեշտ ձեռքբերելի չէ: Հույս ունենանք, որ մի օր ամեն ինչ կփոխվի Մոսկվայում:

– Ապրիլի 24-ը Հայոց  ցեղասպանության 100-ամյա  տարելիցի օրն է: Վրաստանը պատրաստվո՞ւմ է այդ օրը կիսել հայերի ցավը մեզ հետ միասին:

– Հայաստանի ցավն, իհարկե, հարազատ է ցանկացած վրացու, քանի որ սերտ փոխկապակցված են մեր ազգերը: Ցավոք, այդ հարցերն ունեն քաղաքական երանգներ, թե ինչ հայտարարություններ կլինեն, որ երկիրը կընդունի: Ես կարծում եմ, որ Անկարան և Երևանը պետք է ընդհանուր լեզու գտնեն:

– Հայաստանը և Վրաստանը դարերի ընկերության պատմություն ունեն: Ինչո՞ւ Վրաստանը մինչ այժմ չի ընդունել Հայոց ցեղասպանությունը:

– Վրաստանն ունի Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ: Դա մի շարք միջազգային կազմակերպություններ են ընդունել, բայց Հայաստանը չի պաշտպանում այն պահանջները, որ այդ տարածքները ճանաչվեն օկուպացված: Ես կարծում եմ, որ դա կապված չէ այն հանգամանքի հետ, որ Հայաստանին չի հետաքրքրում այդ հարցը, այլ կապված է ուրիշ հարցերի հետ, որոնք կան Երևանի և Մոսկվայի միջև:




Լրահոս