Միջնադարյան կամուրջները մատնված են անտարբերության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասնագետների մոտավոր հաշվարկներով Հայաստանի տարածքում կան ավելի քան 24 հազար հուշարձաններ, որոնք բոլորն էլ այս կամ այն չափով ունեն նորոգման, վերականգնման կամ ամրակայման կարիք: Այդ հուշարձաններից 40-ը միջնադարյան կամուրջներն են, որոնց մի մասն ավիրված է, դրանցից պահպանվել են միայն առանձին մնացորդներ: Շիրակի մարզում հայտնի են Ախուրիկի, Արփենիի, Քեթիի, Կրասարի, Ձորակապի ու Հառիճի պատմական կամուրջները, որոնք թեեւ կառուցվել են հիմնականում 18-19-րդ դարերում, սակայն առանձնակի են նրանով, որ այստեղ պահպանվել են միջնադարյան հայ կամրջաշինության բոլոր ավանդույթները:

Կրասարի պատմական կամուրջը կառուցվել է 1828 կամ 1873 թվականին եւ մինչ այսօր գործում է` իրար կապելով Կրասարը հարեւան Սեպասար համայնքի հետ: Կրասարի կողմից կամուրջն անգամ ունեցել է քսան քառակուսի մետր մակերեսով քարավանատուն դեպի Վրաստան մեկնող ճանապարհորդների համար: Կամուրջի ամրությունը հաշվի առնելով` խորհրդային տարիներին նույնիսկ որոշում է կայացվել դրա վրայով ջրագիծ անցկացնել, որը գործել է մինչեւ 70-ական թթ եւ պատճառ դարձել կամուրջի վրա մասնակի պատային փլուզումների: Գյուղացիները պնդում են, որ ջրատար խողովակները ապամոնտաժվեն կամուրջի վրայից, մասնագետներն էլ հակադարձում են` նշելով, որ ապամոնտաժումը կարող է թուլացնել կամուրջը ու վտանգավոր դարձնել այն:

Հայտնի է նաեւ Ներքին Ջրափիի կամուրջը, որը կարելի է համարել միջնադարյան Հայաստանի հիդրոինժեներիայի կոթողային կառույցներից մեկը, քանի որ ունեցել է 35 մետր թռիչք: Ի դեպ, միջնադարյան, հատկապես Բագրատունյաց շրջանի կամուրջները բոլորն էլ լայնաթռիչք են եղել, ու ինչպես պատմաբաններն են նշում՝ հենց հայ կամրջաշինական ավանդույթն ու տեխնոլոգիաներն են օգտագործվել Տրդատ ճարտարապետի կողմից Ստամբուլի Այա Սոֆիայի տաճարի գմբեթի վերականգնման ժամանակ:

Այսօր սակայն, ինչպես շատ այլ պատմական հուշարձաններ, կամուրջներն էլ մատնված են անուշադրության, ու ավելի է մոտենում այն օրը, երբ վերջնականապես կկործանվեն ու կանհետանան երկրի երեսից: Գյուղական պատմական կամուրջները անհասկանալի տրամաբանությամբ մշակույթի նախարարությունը որակել է որպես տեղական նշանակության պատմական հուշարձաններ ու կցել համայնքներին` դրանով իսկ ազատվելով որեւէ պատասխանատվությունից: Համայնքներն էլ չունեն ո՛չ համապատասխան մասնագիտական, ո՛չ նյութատեխնիկական, ո՛չ էլ ֆինանսական ռեսուրսներ, ուստի խոսել վերանորոգման կամ վերականգնման մասին, ուղղակի լուրջ չէ: Պետական մակարդակով այս անտարբերությունը փոխանցվել է նաեւ հասարակությանն, ու ինչպես ասում են` թերացողները բոլորն են, իսկ սեփական պատմական ժառանգության հանդեպ նման անտարբերությունը, ի վերջո, կհանգեցնի դրա կորստին:

Արման Գրիգորյան
Գյումրի




Լրահոս