«Մեզ նոր բեռ են ավելացնում». վարչապետին զայրացրեց նաիրիտցիների պահանջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը բարձրացրեց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների պարտքը մարելու խնդիրը՝ նշելով, որ գործարանի աշխատակիցները չեն ցանկանում այլևս սպասել և պահանջում են իրենց աշխատավարձերի պարտքերի մարում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ զայրացավ և նշեց, որ իրենք բաժնետերեր ունեն, սա կառավարության պարտքը չի: «Ասենք, որ բոլորը հասկանան սա: Այս տնտեսական պայմաններում մեզ նոր բեռ են ավելացնում»,-հայտարարեց նա:

Զախարյանն էլ նկատեց, որ 4 տարվա ընթացքում 5.5 միլիարդի պարտք է ավելացել:
«Վերջին մի քանի ամսիների ընթացքում աշխատողների քանակը կրճատվել է: Մենք խոստացել էինք, որ աշխատակիցներին ամեն ամիս կտրվի գումար: Մեկ ամիս է անցել, և մենք այսօր և վաղը այդ գումարը վճարում ենք: Մնացած աշխատակիցների մասով մենք մի երկու ամսվա աշախատավարձ ենք տվել: Կան գույքեր, որ անգամ «Նաիրիտի» վերագործարկման համար պետք չեն լինելու: Համաշխարհային բանկի կողմից իրականացվում է տեխնիկական աուդիտ, և երկու օրից պատրաստ կլինի այդ աուդիտը և կներկայացվի կառավարությանը: Դրանից հետո նոր պարզ կլինի գործարանի ճակատագիրը՝ արդոք տեխնիկապես հնարավո՞ր է գործարանը վերագործարկել»,-ներկայացրեց նա:

Վերջինս տեղեկացրեց, որ գույքը գրավադրված է միջպետական բանկում և բանակցույթուններ են տարվում միջպետական բանկի հետ՝ այդ գույքը գրավից հանելու ուղղությամբ: «Որոշակի արդյունք չկա, բայց հույս կա, որ կկարգավորվի: Նախարարությունը անում է ամեն ինչ, որպեսզի այդ գույքի վաճառքը արագացվի, և աշխատակիցներին աշխատավարձը վճարվի»,-վստահեցրեց նա:

«Հիմա չե՞ն ուզում սպասել»,-հարցրեց վարչապետը:

«Չէ, ասում են, որ սոցիալական իրավիճակը լարված է»,-ի պատասխան՝ ասաց Զախարյանը:

«Մեր էներգետիկ համարգի բեռն է շատ, դուք լրացուցիչ բեռ եք առաջացնում: Ձեր համակարգում կան լուրջ պրոբլեմներ: Մենք դրա պարտավորությունը չունենք»,-կրկին վրդովված շարունակեց վարչապետ Աբրահամյանը և դիմելով ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ հետաքրքրվեց, թե հույս կա:

«Մենք դիմել ենք միջպետական բանկին՝ բարի կամք դրսևորելու և բաժնետոմսերն ու գույքը վերադարձնելու համար: Դիմել ենք Ռուսաստանի մեր գորընկերներին՝ այդ գործընթացն արագացնելու համար: Մեր գործընկերները խոսք են տվել, որ առաջիկա ամիսերի ընթացքում այդ գույքը կփոխանցեն Հայաստանին: Անհնարին է գործարանի կողմից այդ վարկը մարել: Ժամկետ չեմ կարող ասել, թե երբ կլինի»,- պատասախեց Ջավադյանը:

Նշենք, որ նաիրիտցիների փոքր խումբ այս պահին վարչապետի հետ հանդիպման է, իսկ մեկ այլ խումբ` պատգամավորների:




Լրահոս