«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-Ն ԿՍՆԱՆԿԱՆԱ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շուրջ մտահոգիչ տեղեկություններ են շրջանառվում: Դրանց համաձայն` ինչպես Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն է հայտնվել վատ վիճակում, այնպես էլ առաջիկայում նման հեռանկար է սպառնում նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին: Ավելին՝ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հնարավոր է առաջիկայում ընկերությունը բռնի սնանկացման ճանապարհը:

Տեղեկացնենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է: 2008թ. փետրվարի 13-ին Երեւանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքվել է կոնցեսիոն պայմանագիր` «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն «ՀԿԵ» ՓԲԸ-ին կառավարման հանձնելու մասին: Ըստ այդ պայմանագրի` կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է, քսան տարվա աշխատանքից հետո տասը տարի երկարաձգման իրավունքով, կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
ՀԿԵ-ի պաշտոնական կայքէջում նշված է, որ ընկերության կողմից իրականցվելիք ներդրումների չափը կազմում է 572 մլն դոլար, որից 220 մլն-ը պլանավորված էր ներդնել անցած 5 տարվա ընթացքում: Տեղեկացնենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն իր գործունեությունը սկսել է 2008 թվականի հունիսի 1-ից:
Վերջին շրջանում, սակայն, համառ տեղեկություններ են պտտվում այն մասին, որ ՀԿԵ-ն ծանր ֆինանսական վիճակում է: Ըստ այդ տեղեկությունների՝ առաջիկայում հնարավոր է, որ ՀԿԵ-ն էլ, ինչպես ՀԷՑ-ը, բռնի սնանկացման ճանապարհը, քանի որ ընկերությունն այս ընթացքում բազմաթիվ պարտքեր է կուտակել, որոնք դժվարանում է մարել:
«Ժողովուրդ»-ը ընկերության հնարավոր սնանկացման մասին տեղեկությունները ճշտելու համար դիմեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, որտեղից փոխանցեցին հետեւյալը. «Բացառվում է: Ընկերությունը ո՛չ պարտք ունի, ո՛չ էլ կսնանկանա: Ինչպես կարող է այս ընկերությունը սնանկանալ, եթե 570 մլն դոլարի ներդրում պետք է իրականացվի: Այսինքն՝ ռուսական կողմը 2008-2015 թվականների ընթացքում ներդրել է 245 մլն դոլար, մոտ 300 մլն դոլարի չափով էլ դեռ պետք է ներդնի»:
Հատկապես այս վերջին պնդումը բավականին կասկածելի է` հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության ներկայիս անմխիթար վիճակը: Ընդ որում, փորձագետների գերակշիռ մասը վստահ է, որ ռուսական տնտեսության անկումը դեռ տեւական ժամանակ կշարունակվի, եւ նման հեռանկարի պայմաններում դժվար է ակնկալել, որ Ռուսաստանի Դաշնությունն առաջիկայում մոտ 300 մլն դոլարի չափով խոստացած ներդրումը կկատարի: Առավել իրատեսական է համարվում այն տարբերակը, որ ռուսական կողմը չի կարողանա ներդրումներ իրականացնել, եւ ընկերության տնօրինությունը ստիպված կլինի ներքին ռեսուրսներով իր կարիքները հոգալ: Խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանում բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների շրջանառության ծավալներն այնքան էլ մեծ չեն, որպեսզի դրանով ընկերությունը կարողանա ծախսերն ապահովել եւ դեռ մի բան էլ եկամուտ ստանալ: Իսկ որ ՀԿԵ-ի տեխնիկական հագեցածությունը լուրջ խնդիր է, հայտնի փաստ է, հակառակ դեպքում արտաքին ներդրումների մասին խոսք լինել չէր կարող:
Ի դեպ, մոտ օրերս «Ժողովուրդ»-ը ՀԿԵ-ի աշխատակիցներից բողոքներ ստացավ այն մասին, որ ընկերության տնօրինությունը ներքին կարգով աշխատակիցներին տեղեկացրել է, որ ապրիլի 1-ից նախկին ութ ժամի փոխարեն իրենք աշխատելու են 7 ժամ եւ ըստ այդմ էլ վարձատրվելու են: Այս խնդրի հետ կապված «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից պարզաբանեցին, որ աշխատաժամերի կրճատումը վերաբերում է միայն վարչությունների աշխատակիցներին եւ այն էլ՝ միայն ուրբաթ օրերին, ինչն արվում է ընկերության դրամական միջոցները տնտեսելու նպատակով: Ամեն դեպքում փաստը, որ նույնիսկ մեկ ժամի համար աշխատակիցներին չվճարելը անհրաժեշտ միջոցառում է դիտվում, դրամական միջոցների տնտեսման համար, ցույց է տալիս, որ ընկերությունը գումար խնայելու լուրջ խնդիր ունի:

Հ.Գ. «Ժողովուրդ»-ին նաեւ հայտնի դարձավ, որ ՀԿԵ-ի տնօրինությունն աշխատակիցներին պարտադրում է, որ վերջիններս իրենց հաշվին արձակուրդի մեկնեն: Սակայն ընկերությունից «Ժողովուրդ»-ի այս հարցմանն ի պատասխան՝ փոխանցեցին, որ այն աշխատակիցները, ովքեր կուտակել են արձակուրդային օրեր, այս ընթացքում դրանք մարում են: ՀԿԵ-ից նաեւ հավաստիացրեցին, որ աշխատակիցներն ընկերության հաշվին են արձակուրդ գնում:

 

 

 
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԼԻԿԻ ԴԵՄ

Հայաստան ներմուծվող թուրքական լոլիկն ու վարունգը լուրջ վնաս են հասցնում հայ ֆերմերներին: Բանն այն է, որ լոլիկի եւ վարունգի մշակությամբ զբաղվող տնտեսվարողները չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը, քանի որ հայկական շուկան արդեն լցվել է ներկրված թուրքական լոլիկով: Խնդիրն այն է, որ ներկրված լոլիկն ու վարունգը էժան են, եւ տեղական արտադրանքը բարձր ինքնարժեքի պատճառով չի կարողանում մրցակցել թուրքականի հետ:

Երեկ ՀՀ Կառավարության շենքի մոտ հավաքվել էին Արմավիր եւ Արարատ մարզերի մի քանի գյուղերի ջերմոցատերեր, ովքեր բողոքում էին Թուրքիայից լոլիկի եւ վարունգի ներկրման դեմ: Նրանց պնդմամբ` ներկրված ապրանքատեսակների պատճառով տեղական արտադրանքը չի վաճառվում, ինչի արդյունքում տուժում է գյուղացին: Ջերմոցատերերի խոսքով՝ Թուրքիայից ներկրված լոլիկը, որը թունաքիմիկատներով է աճեցված, տեղական շուկայում նույն գնով է վաճառվում, ինչ իրենց ունեցածը: Բանն այն է, որ զգալի քանակությամբ ներկրված լոլիկի եւ վարունգի հետեւանքով հայկական շուկայում տեղական արտադրանքի լճացում է առաջանում, ինչի պատճառով էլ իրենք չեն կարողանում իրենց լոլիկն ու վարունգը իրացնեն:
Երեկ վաղ առավոտից ՀՀ Կառավարության շենքի առջեւ հավաքված ջերմոցատերերը գործադիրից պահանջեցին արգելել Թուրքիայից լոլիկի եւ վարունգի Հայաստան ներկրումը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպեց բողոքի ակցիայի մասնակից Արմավիրի, Արարատի մարզերի մի խումբ ջերմոցային տնտեսությունների սեփականատերերի հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ գյուղնախարարը հանդիպման ընթացքում լսել է ջերմոցատերերի դժգոհությունները, խոստացել ուսումնասիրել բարձրացված հարցերը եւ աջակցել առկա խնդիրների լուծմանը:
Սակայն ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերի` ծանր վիճակում հայտնված ֆերմերները նշում են, որ արդեն մի քանի տարի է` իրենք բախվում են այս խնդրին: Մինչդեռ ՀՀ Կառավարությունը տեղական արտադրողի շահերի պաշտպանության ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկում:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 
ՊՈՒՏԻՆԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Աշխատանքային այցով Երեւանում գտվող ՌԴ-ի Պետդումայի ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու գլխավորած պատվիրակությունը կիրակի այցելել է նաեւ Գյումրի, որտեղ մասնավոր հարգանքի տուրքի այցելություն է կատարել հունվարի 12-ի ոճրագործությանը զոհ գնացած Ավետիսյանների շիրիմներին եւ նշել, որ խորապես սգում է ու կիսում գյումրեցիների եւ սպանդի ենթարկված ընտանիքի հարազատների վիշտը:
«Սա մի ողբերգություն է, որը մինչ օրս չենք կարողանում լիարժեք գիտակցել»,-նշել է Լ. Սլուցկին եւ անդրադարձել գործի նախաքննության արդյունքներին: Դատավարությունը, ըստ նրա, կընթանա ռուսական 102-րդ ռազմական բազայում: Այս պահին Պերմյակովը գտնվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում: Հարուցված քրեական գործի շրջանակներում աշխատում է հայ-ռուսական քննչական համատեղ խումբը, ստեղծվել է նաեւ միջխորհրդարանական խումբ, որն ամենայն ուշադրությամբ հետեւում է ընթացող աշխատանքներին: «Այստեղ անգամ մանրադիտակային բացթողում չպետք է լինի»,-ասել է Սլուցկին: Իսկ պատվիրակության անդամ ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների գործերով, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Օլեգ Լեբեդեւն էլ հայտարարել է. «Այս գործը գտնվում է ՌԴ նախագահ Վ. Պուտինի անմիջական հսկողության ներքո, 3 օրը մեկ նախաքննական մարմինը հաղորդում է ձեռք բերված ինֆորմացիան»:
Թեեւ Գյումրու սպանդից անցել է 2.5 ամիս, սակայն հասարակությանը հստակ տեղեկատվություն չի հաղորդվում նախաքննության արդյունքների մասին: Սա նաեւ պարբերաբար բարձրաձայնում են սպանվածների իրավահաջորդները: Տեղեկատվական այս ակնհայտ թերացման մասին ռուս պատգամավորներին տեղյակ է պահել նաեւ Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանը, սակայն պատվիրակության ղեկավար Լ. Սլուցկին վստահեցրել է, որ տեղեկատվական վակուումի մասին խոսք լինել չի կարող` պարզաբանելով, որ այժմ հարուցվել են 4 այլ քրեական գործեր, որոնք փոխկապակցված են այս գործին: Դրանց շրջանակներում իրականացվել է 19 փորձաքննություն, հարցաքննվել է 4000 անձ, ռուսական զինված ուժերում տեղի են ունեցել մի շարք լուրջ պաշտոնանկություններ, ներառյալ նաեւ ռուսական ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին: Սլուցկու տեղեկացմամբ` նոր հրամանատարն այսօր կժամանի Հայաստան: Նա նաեւ նկատել է, որ թեեւ բոլոր հիմքերը կային դատավարությունն իրականացնելու ՌԴ-ում, սակայն հայկական կողմից եղել է խնդրանք դա անել Հայաստանի տարածքում, ինչին իրենք ընդառաջել են: Այդուհանդերձ, դատավարությունը կիրականացվի ռուսական ռազմական տրիբունալի կողմից՝ ռուսական օրենքների համաձայն: Օ. Լեբեդեւն էլ նշել է, որ ապրիլի 23-ից 24-ը պաշտոնական այցով Հայաստան ժամանող Վ.Պուտինը, բացի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելուց, նաեւ Ավետիսյանների սպանության հետ կապված հարցերը կքննարկի: Իսկ մինչ այդ Հայաստանում է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, որի պաշտոնական այցի շրջանակներում եւս կքննարկվեն Գյումրու սպանդի հետ կապված շատ հարցեր:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի




Լրահոս