ՎԵՐԱՀԱՍ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԵՎՍ ՄԵԿ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան եկող ֆինանսական հոսքերը շարունակում են նվազել: Այս տարվա փետրվարի տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ Հայաստան եկած եւ գնացած գումարների դրական տարբերությունը կազմել է 27,5 միլիոն դոլար: Սակայն ամենաուշագրավն այն է, որ տրանսֆերտի ընդհանուր ծավալների անկման պայմաններում Հայաստանից գումարների ոչ առեւտրային արտահոսքի չափերը շարունակում են պահպանվել: Ավելին՝ կոնկրետ Ռուսաստանի դեպքում ոչ առեւտրային գումարների փոխանցման ծավալները շարունակում են աճել: Սա նշանակում է, որ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներից ավելի շատ մարդիկ են ֆինանսական խնդիրների առաջ կանգնում, եւ նրանց օգնության ձեռք են մեկնում Հայաստանում ապրող նրանց հարազատները: Իսկ այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը լուրջ ճգնաժամում է գտնվում, ոչ ոք չի հերքում, սակայն առավել վտանգավոր է այն փաստը, որ դրանից դուրս գալու ուղիները չեն երեւում, քանի որ ՀՀ իշխանությունները, ինչպես միշտ, զբաղված են Հայաստանի քաղաքացիների ստեղծած եւ օրեցօր պակասող բարիքները իրար մեջ կիսելով:

 

 

 

 
Տարածված լուրերի համաձայն՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 24-ին չի ժամանի Երեւան: Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ Վատիկանում Հայաստանի դեսպանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Ի՞նչ տեղեկություններ ունի ՀՀ արտգործնախարարությունը: Այս առնչությամբ «Ժողովրուրդ»-ի հարցմանը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը երեկ հետեւյալ պատասխանը տվեց. «Ապրիլի 24-ին Հայաստան ժամանող պատվիրակությունների վերաբերյալ տեղեկատվություն կհրապարակվի պատշաճ ժամկետներում: Հռոմի պապի այցելությունների օրակարգի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել Վատիկանի համապատասխան ծառայությանը»: Մենք այդպես էլ արել ենք եւ պատասխանը ստանալուն պես կհրապարակենք: Իսկ ՀՀ ղեկավարությանը մնում է սփոփվել այն փաստով, որ ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է տեղի ունենալու:

 

 

 
«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ երեկ Սերժ Սարգսյանի մոտ կայացել է փակ խորհրդակցություն՝ յուրայինների մասնակցությամբ: Սարգսյանը տեղեկացրել է մի քանի ՀՀԿ-ականների, որ Մոսկվայից եկած վերջին բանագնացներն իրենից պահանջել են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնին վերադարձնի քաղաքականությունից հեռացված Գագիկ Ծառուկյանին եւ ամեն ինչ բերի մինչ փետրվարի 12-ը եղած իրավիճակին: Մարտի 30-ին Մոսկվայից Երեւան ժամանած ՌԴ պետդումայի խոսնակ եւ Ծառուկյանի քավոր Սամվել Կարապետյանի մտերիմ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը նույնպես այդ պահանջով դիմել է Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը դեռ չի տվել իր համաձայնությունը, քանի դեռ ՀՀԿ ԳՄ նիստ չի հրավիրել: Նախատեսվում է, որ այսօր՝ երեկոյան ժամը 20:00-ին, կկայանա ՀՀԿ ԳՄ նիստը, որտեղ կքննարկվի այդ հարցը եւ կհստակեցվի ՀՀԿ դիրքորոշումը: Մեր ունեցած տեղեկություններով՝ լուրը խուճապի մեջ է գցել հատկապես ՀՀԿ երիտթեւի 40-ամյա ներկայացուցիչներին: «Կ»

 

 

 

 
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը 2014 թ. գույքի եւ եկամուտների հայտարարագրում նշել է, որ ունեցել է 34 միլիոն 127 հազար դրամի եկամուտ: Նա որպես աշխատավարձ եւ աշխատավարձին հավասարեցված միանգամից չորս առանձին գումար է հայտարարագրել` 5 մլն 57 հազ, 3 մլն, 23 մլն 520 հազ. եւ 969 հազ. դրամ: Իսկ որպես փոխառության դիմաց ստացված եկամուտ հայտարարագրել է 1 մլն 205 հազ. եւ 374 հազ. դրամ: Եկամուտի կոնկրետ աղբյուրը հրապարակված հայտարարագրերում փակվում են, ուստի անհայտ է, թե խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական պատգավորին որտեղից այդքան աշխատավարձ: Հիշեցնենք, որ պատգամավորը չի կարող կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: Սակայն Արա Բաբլոյանը հայտարարագրել է 48 մլն 851 հազ. դրամ, 57 հազա 250 դոլար, 9 հազ. 500 եվրո եւ 7 հազ. շվեյցարական ֆրանկ դրամական միջոց:

 

 

 

 
ՀԱՑԻ ԽՆԴԻՐ

Ինչպես հայտնի է` ՀՀ Կառավարությունը հաստատակամ է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը մինչեւ վերջ առաջ տանելու հարցում` դա հիմնավորելով հանրային առողջության բարելավման անհրաժեշտությամբ: Սակայն բազմաթիվ մասնագետներ դեմ են այս նորամուծությանը: Օրերս էլ ՀՀ ԱԺ-ում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հօգուտ այս նախագծի` ներկայացրեց մի շարք ցուցանիշներ` ընդգծելով, որ առհասարակ սննդի հարստացման (ինչը չի նշանակում հենց ալյուրի հարստացման) եղանակը կիրառվել է աշխարհի 82 երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում եւ Կանադայում: Մինչդեռ նախագծի ընդդիմախոսները մատնանշում են ԱՄՆ-ին կամ Կանադային իրենց զարգացվածությամբ եւ առողջապահական ցուցանիշներով չզիջող երկրների մի մեծ ցուցակ, որտեղ հրաժարվել են ալյուրի հարստացման եղանակից: Դրանց թվում են Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսրայելը, Լատվիան, Լիտվան, Հոլանդիան, Լեհաստանը, Չեխիան, Իսպանիան, Շվեդիան, Ճապոնիան եւ Կորեան: Եվ եթե ՀՀ ԱՆ պատասխանատուները մատնանշում են ԱՄՆ-ը, որտեղ այս եղանակը հաջողությամբ կիրառվում է 1946 թ-ից, ապա անկախ փորձագետներն էլ հիշեցնում են Չիլիի օրինակը, որտեղ կիրառված այս մեթոդը հանգեցրեց հաստ աղիքի քաղցկեղով հիվանդացության եռակի աճի եւ դադարեցվեց: Քաղցկեղի աճ էր գրանցվել նաեւ Նոր Զելանդիայում եւ Ավստրիայում, որտեղ եւս այդ ծրագիրը կասեցվել է:
ՀՀ ԱՆ պատասխանատուները պնդում են, որ մարդու օրգանիզմում երկաթի եւ ֆոլաթթվի պակասը հանգեցնում է սակավարյունության, իսկ ծրագրի ընդդիմախոսներն էլ հակադարձում են` նույնկերպ լուրջ հիվանդություններ կառաջանան, եթե այդ հավելանյութերը մարդու օրգանիզմում անհրաժեշտից ավել լինեն: Միով բանիվ` երկու կողմն էլ խոստանում է ազգային աղետ ե՛ւ ծրագրի ներդրման, ե՛ւ դա չանելու դեպքում: Այս իրավիճակում ցանկացած նորմալ մարդ որպես խնդրի օպտիմալ լուծում կառաջարկի տալ սպառողին ընտրության հնարավորություն, որ այդ ծրագիրն անցնի ժամանակի փորձությունը եւ ցույց տա, որ արդյունավետ է հայկական գենետիկայի եւ կենսապայմանների դեպքում:
Սակայն ՀՀ իշխանություններն այս հարցում եւս փորձում են կիրառել պարտադրանքի սկզբունքը` նախատեսելով հարստացնել ՀՀ-ում օգտագործվող ալյուրի ավելի քան 85 տոկոսը, ինչն արդեն իսկ կասկածների տեղիք է տալիս: Քանզի հայրենի իշխանություններն առաջին անգամը չէ, որ հանրության մասին «մտահոգվելով»` փորձում են պարտադրել իրենց «բարեփոխումները»: Վերջին օրինակը կուտակային համակարգն էր, որի օգուտների քարոզը արվում էր նույնքան փաստարկված` դարձյալ ներկայացնելով այլ երկրների փորձը: Սակայն եթե կուտակայինի ներդրմամբ ՀՀ քաղաքացիների մեծ մասը կորցնում է իր գումարները, ապա ալյուրի հարստացման դեպքում վտանգ կա կորցնելու առողջությունը: Հետեւաբար, այս օրենքը պետք է ընդունվի մասնագետների գրեթե հարյուր տոկոսանոց խրախուսման դեպքում միայն, այն էլ` ալյուրի ոչ ամբողջ խմբաքանակի համար:




Լրահոս