Հայկական իրականությանն առնչվող «Վիկիլիքսի» հրապարակած հերթական փաստաթուղթը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին ժամանակավոր հավատարամատար Ջոզեֆ Փենինգտոնը: Վերջինս պատմում է 2008թ. հուլիսի 10-ին իր եւ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի միջեւ կայացած հանդիպման մանրամասները: Կողմերը քննարկել են ներհայաստանյան իրադարձությունները, մասնավորապես՝ մարդու իրավունքների հիմնախնդիրը: Ուշագրավ է, որ ՀՀ ԱԳ նախարարը անվայելուչ արտահայտություններ է թույլ տվել նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի հասցեին: Ի դեպ, հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյայի այդօրինակ պահվածքը բավականին տհաճ տպավորություն է գործել ամերիկյան կողմի վրա:
Այսպես, քննարկելով Հայաստանի ժողովրդավարության ու մարդու իրավունքների հիմնախնդիրները՝ Փենինգտոնը ընդգծել է, որ ամենասուրը դրված է քաղբանտարկյալների հարցը: Ամերիկացին որպես ամենացայտուն օրինակ հիշատակել է ՀՀ ԱԳ նախկին նախարար, 2008թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի ազատազրկման փաստը: Փենինգտոնը արձանագրել է, որ Արզումանյանը բանտում է պահվում բավականին ծանր հոդվածներով՝ «պետական իշխանության բռնազավթում» եւ «զանգվածային անկարգությունների հրահրում», մինչդեռ մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները կասկածելի են:
Ըստ էության, Փենինգտոնը հույս է ունեցել Է. Նալբանդյանին իր կողմը հակելու, երբ հիշեցրել է Արզումանյանի կնոջ՝ Մելիսա Բրաունի ամերիկացի լինելու հանգամանքը: Նալբանդյանը, սակայն, անմիջապես կառչել է Փենինգտոնի դիվանագիտական վրիպումից եւ հպարտորեն հայտարարել, որ ոչ մեկի կնոջ կամ ամուսնու քաղաքացիությունը չի կարող նրան օրենքից վեր դասել: Ավելին՝ Նալբանդյանը սկսել է լուտանքներ տեղալ Արզումանյանի հասցեին: Դիվանագետին անվայել պահվածքով նա պնդել է, որ Ալեքսանդր Արզումանյանը «խարդախ մանիպուլյատոր է, ով թաքնվում է մարդու իրավունքների կեղծ պնդումների ներքո»: Իր հերթին Փենինգտոնը շրջանցել է խոսկացության նման ուղղությունը՝ շեշտելով, որ Արզումանյանն ընդամենը մեկն է հայտնի ընդդիմադիր գործիչներից, որ պահվում է անազատության մեջ կասկածելի մեղադրանքներով, որոնց համար իսկական ապացույցներ դեռեւս չեն հայտնաբերվել: Նկատենք, որ անկախ Արզումանյանի անձնական հատկանիշներից՝ Նալբանդյանը պարզապես իրավունք չուներ դուրս գալ էթիկետի սահմաններից ու նմանօրինակ որակումներ հնչեցնել: Հենց միայն այն հանգամանքը, որ Նալբանդյանը Արզումանյանի նախարար լինելու շրջանում եղել է ՀՀ դեսպանը Եգիպտոսում, նրա համար կաշկանդող նշանակություն պիտի ունենար: Անշուշտ, յուրաքանչյուրն ազատ է իր կարծիքն արտահայտելու հարցում, առավել եւս, որ նույն Արզումանյանն էլ է այսօր հիմնավորապես վերանայել իր հայացքները հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում ու քննադատում է այն իշխանությանը, որի մաս է եղել ինքը, բայց Նալբանդյանի պահվածքը դրանից չի դադարում տգեղ եւ ոչ ընդունելի լինել:
Փենինգտոնը հավելում է, որ Է.Նալբանդյանը շարունակել է «ձանձրալիության աստիճանի հասնող շրջապտույտը» Արզումանյանի՝ մարդու իրավունքների անվան տակ քաղաքական մանիպուլյացիաների շուրջ իր անհետաքրքիր թեմայով: ԱԳ նախարարը նույնիսկ պնդել է, թե 2007թ-ին փորձել է այն ժամանակվա նախագահ Ռ. Քոչարյանին համոզել, որ ազատ արձակի Արզումանյանին: Սակայն այս անգամ արդեն փոխելով իր հայացքը՝ Նալբանդյանը նույնիսկ ակնարկել է, որ Արզումանյանը մեղավոր է բազում չհաստատված հանցանքներում: Չբացառելով հանդերձ Նալբանդյանի պնդումների հիմնավորվածության հավանականությունը՝ անկարելի է անուշադրության մատնել այն պարագան, որ այդ խոսքերը հնչեցվել են նախարարի մակարդակով նախկին նախարարի հասցեին օտար դիվանագետի հետ զրույցի ընթացքում: Համաձայնեք, որ նման կեցվածքը հանդուրժողականության ու բարության կոչեր անող իշխանությանը հարիր չէ: Ի դեպ, հիշարժան է, որ ամերիկյան դիվանագետների հետ զրույցներից մեկում Սերժ Սարգսյանն իրեն էր վերագրել Արզումանյանի ազատումը:
Ինչեւէ: Զրույցի ընթացքում ամերիկացի դիվանագետը արտահայտել է նաեւ իրենց հիասթափությունը «Գոլոս Արմենիի» թերթի հոդվածներից մեկի կապակցությամբ, որով ԱՄՆ-ն մեղադրվում էր Հայաստանում գունավոր հեղափոխություն անելու մեջ: Ըստ հեղինակի՝ խիստ մտահոգիչ է ոչ միայն հոդվածի առկայությունը, այլեւ այն հանգամանքը, որ թերթը կապված է անձամբ Սերժ Սարգսյանի հետ: Նալբանդյանը, շրջանցելով Սերժ Սարգսյանի կապվածության հարցը, սկսել է քննադատել հայկական մամուլին ընդհանրապես, միաժամանակ խոստացել համապատասխան զրույց ունենալ թերթի խմբագրի հետ: Հետաքրքիր է, որ Նալբանդյանը չի հերքել Սերժ Սարգսյանի ու վերոնշյալ թերթի կապը, ինչը տվյալ պարագայում հավասար է հաստատման:
Զրույցի վերջում Փենինգտոնը հիշել է նաեւ ՀՀ (այժմ՝ նախկին) գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի «տարօրինակ նկատառումները», ըստ որոնց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը հիպնոսացրել են ժողովրդին՝ օգտագործելով նեյրոլինգվիստիկ տեխնիկա: Դիվանագետը հայտնել է, որ այդ թեման արեւմուտքում դիտարկվում է որպես հիմարություն, եւ լուրջ հարցեր է բարձրացնում օրինական պատճառների շուրջ, որոնցով Հայաստանի իրավապահ համակարգի բարձրագույն պաշտոնյան գործեր է ուղարկում դատարան՝ ընդդեմ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների: Նալբանդյանը, այստեղ էլ չգտնելով որեւիցե տրամաբանական պատասխան, գլխավոր դատախազի նման կեցվածքը վերագրել է նրա «պոետիկ» բնավորությանը: Հատկանշական է, որ ՀՀ ԱԳ նախարարն այս հանդիպման ընթացքում իրականում ոչինչ չի ունեցել հակադրելու ամերիկացիների հիմնավոր մեղադրանքներին: Լուրջ հակափաստարկների ու հիմնավորումների փոխարեն նա նախընտրել է անցնել անձնական վիրավորանքների հարթություն՝ անարգելով իր իսկ զբաղեցրած պաշտոնի նշանակությունը:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԿԱՆԽԱՎՃԱՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Գաղտնիք չէ, որ ձմռան, այն էլ` Գյումրիի ցրտաշունչ ձմռան ընթացքում բնակիչները մեծ ծավալներով գազ են սպառում, որի դիմաց վճարելը դառնում է իսկական գլխացավանք: Անապահով գյումրեցիները, թեեւ օգտագործում են գազը, սակայն հիմնականում դա անում են ծայրահեղ խնայողաբար, որպեսզի գարնան սկզբին չկանգնեն աստղաբաշխական գումարներ վճարելու հրամայականի առջեւ: Սակայն իբր դա քիչ է, մարտ ամսվա վերջին նոր խնդիր է առաջացել:
Շիրակի մարզի 68- ամյա բնակիչ Սուրեն Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիմա էլ տեսուչները գազի ներտնային սպասարկման գումարը պահանջում են կանխավ` առաջիկա մի քանի ամիսների համար. «Ամբողջ ամիս տնտեսեցի, մրսեցի, գազ չվառեցի, որ քիչ մուծեմ: Եկավ ամսվա վերջը, տեսուչն ասում է՝ միանգամից պետք է վճարես գազի ներտնային սպասարկման 3 ամսվա գումարը: Այսինքն՝ նախապես պետք է վճարեմ մի ծառայության համար, որը դեռ չի մատուցվել: Եթե ես պետությանը խնդրեմ իմ գազը 1 ամիս չանջատեն, քանի որ միջոց չունեմ վճարելու, կանի՞ արդյոք, կանխավ ինձ գազ կտա, որ կանխավ գումար է ուզում»,- զայրացած նշեց մեր զրուցակիցը:
Նմանատիպ բողոքներ լսեցինք բազմաթիվ այլ գյումրեցիներից, ովքեր նշում են, որ եթե ոմանց համար հավելյալ 1000 դրամը գումար չէ, ապա իրենց համար, այն էլ այս շրջանում, դա զգալի ֆինանսական բեռ է: Բնակիչների խոսքերով՝ տեսուչները պարզաբանում են, որ բյուջեի ճեղքվածքը պետությունը փորձում է այս կերպ մեղմել:
Թե ինչու են միանգամից գանձում գազի ներտնային սպասարկման եռամսյա գումարը եւ ինչ հիմունքներով, փորձեցինք պարզել՝ նախ զանգահարելով Գյումրի քաղաքի գազի գրասենյակ: Լսելով մեր հարցը` գրասենյակի պետ Գալուստ Գալստյանը զարմացավ` մեզ ուղղորդելով դիմել Շիրակի մարզի գազաֆիկացման, գազամատակարարման միավորում, քանի որ գրասենյակը վարձավճարների հարցով չի զբաղվում: Այդպես էլ վարվեցինք: Սակայն Շիրակ ԳԳՄ-ում էլ «չգիտես ինչու, նույնպես անակնկալի եկան՝ նշելով, որ իրենք իրավասու չեն մեր հարցերին պատասխանել, քանի որ հարցը «Գազպրոմ Արմենիային» է վերաբերում: Իսկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի լրատվության բաժնի հետ կապվելու մեր բոլոր ջանքերը, ցավոք, ապարդյուն անցան, քանի որ լրատվության բաժինն այդպես էլ անհաղորդ մնաց մեր հեռախոսազանգերին:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի
ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ ՄԱՏՆՎԱԾ ԵՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ
Մասնագետների մոտավոր հաշվարկներով Հայաստանի տարածքում կան ավելի քան 24 հազար հուշարձաններ, որոնք բոլորն էլ այս կամ այն չափով ունեն նորոգման, վերականգնման կամ ամրակայման կարիք: Այդ հուշարձաններից 40-ը միջնադարյան կամուրջներն են, որոնց մի մասն ավիրված է, դրանցից պահպանվել են միայն առանձին մնացորդներ: Շիրակի մարզում հայտնի են Ախուրիկի, Արփենիի, Քեթիի, Կրասարի, Ձորակապի ու Հառիճի պատմական կամուրջները, որոնք թեեւ կառուցվել են հիմնականում 18-19-րդ դարերում, սակայն առանձնակի են նրանով, որ այստեղ պահպանվել են միջնադարյան հայ կամրջաշինության բոլոր ավանդույթները:
Կրասարի պատմական կամուրջը կառուցվել է 1828 կամ 1873 թվականին եւ մինչ այսօր գործում է` իրար կապելով Կրասարը հարեւան Սեպասար համայնքի հետ: Կրասարի կողմից կամուրջն անգամ ունեցել է քսան քառակուսի մետր մակերեսով քարավանատուն դեպի Վրաստան մեկնող ճանապարհորդների համար: Կամուրջի ամրությունը հաշվի առնելով` խորհրդային տարիներին նույնիսկ որոշում է կայացվել դրա վրայով ջրագիծ անցկացնել, որը գործել է մինչեւ 70-ական թթ եւ պատճառ դարձել կամուրջի վրա մասնակի պատային փլուզումների: Գյուղացիները պնդում են, որ ջրատար խողովակները ապամոնտաժվեն կամուրջի վրայից, մասնագետներն էլ հակադարձում են` նշելով, որ ապամոնտաժումը կարող է թուլացնել կամուրջը ու վտանգավոր դարձնել այն:
Հայտնի է նաեւ Ներքին Ջրափիի կամուրջը, որը կարելի է համարել միջնադարյան Հայաստանի հիդրոինժեներիայի կոթողային կառույցներից մեկը, քանի որ ունեցել է 35 մետր թռիչք: Ի դեպ, միջնադարյան, հատկապես Բագրատունյաց շրջանի կամուրջները բոլորն էլ լայնաթռիչք են եղել, ու ինչպես պատմաբաններն են նշում՝ հենց հայ կամրջաշինական ավանդույթն ու տեխնոլոգիաներն են օգտագործվել Տրդատ ճարտարապետի կողմից Ստամբուլի Այա Սոֆիայի տաճարի գմբեթի վերականգնման ժամանակ:
Այսօր սակայն, ինչպես շատ այլ պատմական հուշարձաններ, կամուրջներն էլ մատնված են անուշադրության, ու ավելի է մոտենում այն օրը, երբ վերջնականապես կկործանվեն ու կանհետանան երկրի երեսից: Գյուղական պատմական կամուրջները անհասկանալի տրամաբանությամբ մշակույթի նախարարությունը որակել է որպես տեղական նշանակության պատմական հուշարձաններ ու կցել համայնքներին` դրանով իսկ ազատվելով որեւէ պատասխանատվությունից: Համայնքներն էլ չունեն ո՛չ համապատասխան մասնագիտական, ո՛չ նյութատեխնիկական, ո՛չ էլ ֆինանսական ռեսուրսներ, ուստի խոսել վերանորոգման կամ վերականգնման մասին, ուղղակի լուրջ չէ: Պետական մակարդակով այս անտարբերությունը փոխանցվել է նաեւ հասարակությանն, ու ինչպես ասում են` թերացողները բոլորն են, իսկ սեփական պատմական ժառանգության հանդեպ նման անտարբերությունը, ի վերջո, կհանգեցնի դրա կորստին:
ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի