Այսպիսով` պետք է արձանագրենք, որ ՀՀ իշխանություններն այլեւս բացառում են «Նաիրիտ» գործարանի վերագործարկման տարբերակը: Բանն այն է, որ ՀՀ Կառավարության օրեր առաջ տեղի ունեցած նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ «Նաիրիտում» կատարված անձնակազմի կրճատումից հետո մնացած աշխատողների թիվը 480 է:
«Աշխատավարձի պարտքը, որը գոյացել է նախորդ տարիներին, հնարավոր կլինի վերադարձնել միայն գործարանում եղած գույքի մի մասի վաճառքից գոյացած միջոցների հաշվին: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հավաստմամբ՝ այժմ բանակցություն է վարվում այդ հարցը լուծելու ուղղությամբ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Ավելին՝ նա նաեւ հայտնել է, որ Կառավարությունը «Նաիրիտի» աշխատակիցներին որեւէ խոստում չի տվել: Սա այն դեպքում, երբ մինչեւ վերջերս ՀՀ Կառավարությունը պարբերաբար հավաստիացնում էր, թե հեսա-հեսա ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում կկատարի եւ կվերագործարկի «Նաիրիտը»:Իսկ այսօր արդեն ասում են, որ պարտքերը հնարավոր կլինի մարել միայն գործարանի գույքի մի մասը վաճառելու հաշվին:
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ՝ 2014-ի փետրվարի 24-ին, երբ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը գնացել էր Սոչի եւ այնտեղ հանդիպել էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ, այդ հանդիպումից հետո, ըստ պաշտոնական հաղորդագրության, նա ասել էր. «Մենք լսեցինք «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի հաշվետվությունը` կատարված աշխատանքների եւ իրենց ծրագրերի մասին:
Նախատեսվում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր: Մոտակա շաբաթվա ընթացքում մենք արդեն առարկայական քննարկելու ենք, թե ինչ պայմաններ պետք է ստեղծենք այդ ներդրումների համար, որպեսզի հնարավորին չափ կարճ ժամկետում դրանք դառնան իրականություն: Բնականաբար, ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին, քանի որ նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտ»-ի աշխատողները»: Հետագայում մի քանի անգամ եւս հայտարարվեց, որ «Ռոսնեֆտը» կվերաշահագործի «Նաիրիտը»: Սակայն այսօր արդեն «Ռոսնեֆտը» մի տեսակ մոռացության է մատնվել, կարծես թե նման բան չի էլ եղել:
Այն, որ ռուսական ընկերությունը «Նաիրիտում» ներդրում չէր կատարելու, ի սկզբանե պարզ էր, պարզապես ուշագրավ էր, թե ինչպես էին իշխանությունները փորձում հայ հանրությանը համոզել, թե իբր ռուսական ընկերությունը պատրաստվում է Հայաստանում ներդրում կատարել: Իրականությունն այն է, որ ռուսական ընկերությունները երբեք դրսից գումար չեն բերել Հայաստան: Սովորաբար նրանք գործել են հետեւյալ սխեմայով՝ չնչին գնով ձեռք են բերել Հայաստանի այս կամ այն ստրատեգիական նշանակության ձեռնարկությունը, որը տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դոլարների եկամուտ է ապահովել: Այդ եկամուտների մի մասը ծախսել են՝ նույն ձեռնարկության գործունեությունը պահպանելու համար եւ դա ներկայացրել են որպես ներդրում: Այս մեխանիզմն է գործել «Հայաստանի էլեկտրական ցանցերի», «Հայռուսգազարդի», «Հրազդան ՋԷԿ»-ի եւ մնացած ռուսական բաժնեմասով ընկերություններում:
Այսինքն՝ Հայաստանի որեւէ ձեռնարկությունում ռուսական կողմը երբեք երկարաժամկետ եւ, այսպես ասած, դրսից բերած գումար չի ներդրել: «Նաիրիտը» այս ֆոնին պետք է լիներ հենց այդ բացառությունը, քանի որ այն վերագործարկելու համար անհրաժեշտ էր, որ ռուսական կողմը մեծ գումարներ ներդներ: Բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, ռուսական ընկերություններն իրենց գործելաոճը չեն փոխում. նրանք երբեք Հայաստան գումար չեն բերում, նրանք այստեղից միայն տանում են:
«Ռոսնեֆտի» հետ կապված մեկ այլ ուշագրավ պահ էլ կա: Բանն այն է, որ ռուսական կողմի հետ կնքած համաձայնագրով 2014 թվականի սկզբից Հայաստանը բենզին եւ դիզելային վառելիք գնում է հենց այս ընկերությունից: Այլ կերպ ասած՝ «Ռոսնեֆտին» Հայաստանին վառելիքով ապահովելու մենաշնորհ է տրված, իսկ այդ քայլը ժամանակին պատճառաբանվում էր հենց այն հանգամանքով, որ ռուսական այդ ընկերությունը խոստացել էր վերագործարկել «Նաիրիտը»: Սակայն, ինչպես միշտ, ներդրման պահը ժամանակի ընթացքում օրակարգից անհետացավ, իսկ «Ռոսնեֆտի» մենաշնորհը մնաց:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ