Պետության թալան` օրը ցերեկով. ինչ վիճակ է անշարժ գույքի շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսության վիճակը բնութագրող հիմնական գործոններից մեկը անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակն է: Այսինքն՝ եթե անշարժ գույքի գները Հայաստանում անընդհատ իջնում են, ապա զարգացող տնտեսության մասին խոսելն ավելորդ է:

Հայաստանի անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակը երկու պատկեր ունի, մեկն առկա իրողությունն է, որին տիրապետում են անշարժ գույքի գործակալությունները: Բայց այս դեպքում անհնար է ամբողջական պատկեր ունենալ: Բանն այն է, որ անշարժ գույքի շուկայի խաղացողներից յուրաքանչյուրը յուրովի է իրավիճակը գնահատում եւ չի սիրում իր տիրապետած տվյալները հրապարակայնացնել:

Մյուս պատկերը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կազմած պաշտոնական վիճակագրական տվյալներն են: Բնականաբար, այդ տվյալներին կարելի է վերաբերվել շատ մեծ վերապահումներով: Մասնավորապես, ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա փետրվարին Հայաստանում անշարժ գույքի գները, անցած տարվա փետրվարի համեմատ, չեն փոխվել եւ նույնն են: Իհարկե, ով այս մեկ տարում անշարժ գույքի հետ կապված գործարքներ է կատարել, կասի, որ պաշտոնական վիճակագրության այդ մոտեցումը իրականության հետ կապ չունի:

Սակայն նույնիսկ պաշտոնական վիճակագրությունում կան տվյալներ, որոնք ուղղակի մատնում են անշարժ գույքի շուկայում առկա վիճակը: Այսպես, ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա փետրվարին Հայաստանում իրականացվել է անշարժ գույքի հետ կապված 12 հազար 49 գործարք: Անցած տարվա նույն ամսին կնքված է եղել 16 հազար 874 գործարք: Ի դեպ, հունվարին եւս անշարժ գույքի հետ կապված գործարքների թվերն անցած տարվա համեմատ նվազել էին:

Ըստ այդմ, այս տարվա առաջին երկու ամիսներին անշարժ գույքի հետ կապված գործարքների թիվը կազմել է 21 հազար 40, իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում այն եղել է 26 հազար 947: Անկումը կազմել է 5 հազար 907 գործարք, կամ նույն է թե՝ մոտ 22 տոկոս: Իսկ գործարքների կտրուկ անկումը վկայում է անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի անկման մասին: Եթե պահանջարկը նվազել է, ապա դա էլ իր հերթին նշանակում է, որ գնորդների թիվն է պակասել: Այլ կերպ ասած՝ բոլորը ցանկանում են իրենց անշարժ գույքը վաճառել, բայց գնորդ չկա:

Անշարժ գույքի շուկայի հետ կապված մեկ այլ խնդիր էլ գոյություն ունի, որը ոչ թե տնտեսությունում առկա իրավիճակն է բնորոշում, այլ Հայաստանի պետական ունեցվածքի թալանը: Այսպես՝ ըստ ԱՎԾ-ի պաշտոնական տվյալների՝ այս տարվա փետրվարին վաճառվել է 92,86 հեկտար պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղական նշանակության հողատարածք: Մասնավորապես, ամենաշատ հողատարածքները վաճառվել են Արմավիրի մարզում` 53,67 հեկտար` 14 գործարքի արդյունքում:

Այսինքն՝ մեկ գործարքի արդյունքում միջինը վաճառվել է 3,8 հեկտար պետական կամ համայնքային սեփականության հող: Պետական հողերի վաճառքի գծով երկրորդը Արարատի մարզն է, որտեղ վաճառել են 19,10 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող` 16 գործարքով: Վայոց Ձորի մարզում վաճառվել է 8,98 հեկտար պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողեր: Երեւանում եւ մնացած մարզերում վաճառված հողակտորների մակերեսները, վերը բերվածի համեմատ, շատ փոքր են:

Իսկ ամենաուշագրավն այն է, թե այդ հողերն ինչ գներով են վաճառվել: Մասնավորապես, Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում պետական հողերը վաճառվել են միջինը մեկ հեկտարը 53 հազար 100 դրամով, այսինքն՝ 1 ք/մ-ը 5,3 դրամով: Արմավիրի տարածաշրջանում 8 գործարքով սեփականաշնորհվել է 47,77 հեկտար հող: Ի դեպ, ըստ ԱՎԾ-ի՝ Արմավիրի տարածաշրջանում վաճառված պետական հողերի մեկ հեկտարի նվազագույն գինը եղել է 30 հազար 500 դրամ, կամ այլ կերպ ասած՝ 1 ք/մ-ը 3 դրամ, իսկ մաքսիմումը` 60 հազար 900 դրամ կամ 1 ք/մ-ը՝ 6 դրամ: Սա ուղղակի ծաղր է:

Կասկածից վեր է, որ եթե հնարավորություն տրվի ուսումնասիրել, թե ովքեր են եղել Արմավիրի տարածաշրջանի պետական հողերի գնորդները, ապա կպարզվի, որ նրանք բոլորը Արմավիրի մարզպետի կամ համապատասխան համայնքների ղեկավարների մերձավորներն են: Համեմատության համար նշենք, որ նույն Արմավիրի տարածաշրջանում մասնավոր հողերի վաճառքի միջին գինը եղել է մեկ հեկտարը 1 միլիոն 200 հազար դրամ: Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում երկու գործարքով 8,98 հեկտար հողը վաճառվել է մեկ հեկտարը 48 հազար 400 դրամ միջին գնով կամ 1 ք/մ-ը՝ 4,8 դրամ:

Իսկ որպեսզի առավել ակնհայտ լինի, թե ինչպես է թալանվում պետությունը, ներկայացնենք մնացած մարզերում եւ տարածաշրջաններում պետական հողերի վաճառքի միավորի` 1ք/մ-ի միջին գները.
Աշտարակ- 69,4 դրամ
Արտաշատ- 163,5 դրամ
Մասիս- 53,3 դրամ
Վեդի- 20,8 դրամ
Բաղրամյան- 121,7 դրամ
Վաղարշապատ- 48,3 դրամ
Գավառ- 200 դրամ
Տաշիր- 16,7 դրամ
Աբովյան- 269,9 դրամ
Եղվարդ- 95,6 դրամ
Հրազդան- 51,9 դրամ

Այսքանից հետո, կարծում ենք, հասկանալի է դառնում, թե ինչպես է ստացվում, որ Հայաստանի մի շարք պաշտոնյաներ, տասնյակ, իսկ երբեմն նաեւ հարյուրավոր հեկտարներով հողեր ունեն տարբեր մարզերում: Սա պետության թալան է օրը ցերեկով:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս