Միջգերատեսչական կռվի մեկնարկը տրված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՊ 2014թ տարեկան զեկույցը հրապարակված է, եւ դատելով նախորդ տարիների զեկույցների հրապարակմանը հետեւող զարգացումներից՝ կարելի է ասել՝ միջգերատեսչական կռվի մեկնարկը տրված է:
Ինչ խախտումներ է արձանագրել ՄԻՊ-ը 2014թ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունում, հատուկ քննչական ծառայությունում, ՀՀ ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, արդարադատության նախարարությունում: Սկսենք ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նկատենք` ՄԻՊ գրասենյակն իր զեկույցում, մինչ գերատեսչություններում առկա խնդիրներին անդրադառնալը, նախ ներկայացնում է դրական տեղաշարժերը եւ նոր արձանագրում առկա խախտումները: Սակայն ՀՀ գլխավոր դատախազության դեպքում դրական տեղաշարժի մասին որեւէ տվյալ չկա, ինչը հիմք է տալիս կարծելու, որ ըստ ՄԻՊ-ի՝ ՀՀ գլխավոր դատախազությունում իրավիճակը լուրջ է` բացասական առումով:
Ըստ զեկույցի՝ դատախազությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ ազատազրկման վայրերում խոշտանգման դեպքերը վեր հանելու եւ կանխելու ուղղությամբ:

Այս խնդրի արձանագրման համար հիմք են դարձել 2014 թվականի ընթացքում ձերբակալված եւ կալանավորված անձանց մարմնական վնասվածքների դեպքերը, սակայն այդ վնասվածքների առկայության փաստով բազմաթիվ դեպքերում կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու որոշումներ: Նկատենք, որ պաշտպանն է իր զեկույցում շեշտում, որ տարիներ շարունակ դատախազության կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվում հակառակորդի գնդակից մահացած զինծառայողների քրեական գործերը բացահայտելու ուղղությամբ:

ՄԻՊ-ի կողմից ներկայացված խախտումներից մեկը վերաբերում է դատախազության ոչ պատշաճ վերահսկողությանը, որի արդյունքում քննիչների կողմից քաղաքացիներին չի տրամադրվել բնակարանի խուզարկության մասին դատարանի որոշումը, ինչը հանգեցրել է անձանց` դատարանի որոշումների բողոքարկման իրավունքի ոտնահարմանը:

Նկատենք, որ այս զեկույցը հերթական կռվախնձորն է դառնալու, քանի որ դեռեւս 2014թ մի նմանօրինակ դեպք տեղի ունեցավ, երբ ՄԻՊ vs գլխավոր դատախազություն հակամարտությունը հասավ մինչեւ անձնական վիրավորանքների դաշտ: Մասնավորապես մի կնոջ խնդրի շուրջ ՄԻՊ-ը կարծիք էր հայտնել, թե ՀՀ գլխավոր դատախազությունը դրսեւորում է իրավական անգրագիտություն, հիասթափեցնում է իր հաճախակիացած խախտումներով եւ օրենքների անգրագետ մեկնություններով: Դատախազությունը «տակ» չէր մնացել եւ իր հերթին էր արձագանքել` նշելով, թե ՄԻՊ-ի բարձր պաշտոնին հարիր չէ մասնագիտական դաշտից դուրս էմոցիոնալ եւ ջղաձիգ հայտարարությունների գործելաոճը:

Ըստ ՄԻՊ-ի տարեկան զեկույցի՝ ոչ պակաս լուրջ է իրավիճակը արդարադատության ոլորտում. 2014 թվականին ամբողջությամբ լուծում չեն ստացել ՔԿՀ-ներում գերբնակեցման, պահման, սանիտարահիգիենիկ անբավարար պայմանների խնդիրները: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձին ազատազրկվածներ հայտնել են, որ բժշկի կարիք ունենալու դեպքում վերջինս ժամանում է 3 ժամ ուշացումով: 2014 թվականին ՔԿՀ-ներում պատշաճ չի ապահովվել դատապարտյալների զբոսանքի եւ տեսակցության իրավունքը: Օրենսդրական թերի կարգավորումների հետեւանքով որոշ դեպքերում սահմանափակվել է լրագրողի՝ իր տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իրավունքը: Որպես օրինակ ներկայացված է ilur.am լրատվական կայքի եւ «Հրապարակ» օրաթերթի աղբյուրի բացահայտման դեպքը:

ՄԻՊ-ը աչքաթող չի արել նաեւ հատուկ քննչական ծառայությունում տիրող իրավիճակը: Ըստ զեկույցի` ծառայության կողմից բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն չի կատարվել պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների դեպքերով: Պաշտպանին հասցեագրված ահազանգերի եւ դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ծառայության կողմից չի ապահովվել Մարտի 1-ի 10 զոհերի մահվան վերաբերյալ գործերով հրապարակայնությունը, նաեւ կասկածահարույց է այդ գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը:

Ոստիկանությունը կրկին ֆիզիկական ուժ է գործադրում եւ սահմանափակում է խաղաղ հավաքները: Այս կարծիքն ամրագրված է ՄԻՊ-ի տարեկան զեկույցի` ոստիկանությանը վերաբերող հատվածում: Մասնավորապես նշված է, թե խաղաղ հավաքների ժամանակ բերման ենթարկված անձանց չեն ապահովում փաստաբան հրավիրելու եւ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությամբ: Իսկ ճանապարհային ոստիկանությունը մի շարք դեպքերով վարորդներին նշանակել է անհիմն տուգանքներ եւ անհիմն կատարողական վարույթներ հարուցելով՝ կրկնապատկել է տուգանքների չափը:

Իսկ հիմա հերթը հասնում է «դիվան բաշուն»` ի դեմս ազգային անվտանգության ծառայության: Ըստ զեկույցի՝ ԱԱԾ-ում դեռեւս շարունակվում են անձանց օպերատիվ հարցման կամ նրանցից բացատրություններ ստանալու նպատակով ԱԱԾ «հրավիրելու» դեպքերը, չնայած օրենսդրությամբ նման ընթացակարգի բացակայությանը: Ծառայության աշխատակիցներն առանձին դեպքերում խախտել են ձերբակալված անձանց անձնական ազատության իրավունքը` նրանց անազատության մեջ պահելով սահմանված 72 ժամից ավել:

Գրեթե ամեն տարի ՄԻՊ-ը հրապարակում է գերատեսչություններում առկա վիճակի վերաբերյալ իր զեկույցը, սակայն դրա արդյունքում, մեղմ ասած, ոչ բոլոր խնդիրներն են լուծում ստանում: Դա արձանագրում է նաեւ ինքը` ՄԻՊ-ը, ով իր զեկույցում շեշտում է, որ մի քանի տարի շարունակ բարձրաձայնում է խնդրի մասին, սակայն որեւէ տեղաշարժ չկա, եւ դեռ ավելին՝ այս զեկույցը դառնում է միջգերատեսչական թշնամանքի եւ միմյանց անձնական վիրավորանք հասցնելու առիթ: Ուստի դատելով ստեղծված իրավիճակից՝ կարելի է ասել, որ ՄԻՊ-ի տարեկան զեկույցը զուտ աշխատանքային պարտավորություն է, քանի որ դրական տեղաշարժ չկա, իսկ գերտեսչությունները շատ դեպքերում չեն կիսում զեկույցի լրջությունը:

Քնար Մանուկյան




Լրահոս