Մինչև հասկանան, ուշ կլինի. ԵՏՄ-ում տնտեսությունը լուրջ վնասներ կկրի. մեկնաբանում է Ստեփան Գրիգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով ԵՏՄ անդամակցության այս մի քանի ամիսների ընթացքում Հայաստանում դրական որևէ տեղաշարժ տեղի չի ունեցել, հակառակը` տնտեսության օրեցօր վատթարացող վիճակը անդամակցության վառ ապացույցն է:

Armlur.am-ի զրուցակիցն է Ստեփան Գրիգորյանը:

-Պարո´ն Գրիգորյան, արդեն մի քանի ամիս է` Հայաստանը ԵՏՄ անդամ է: Քաղաքական տեսանկյունից ի՞նչ ենք ստացել այդ անդամակցությունից:

– Ես միշտ ասել եմ, որ մենք շտապեցինք անդամակցել այդ միությանը: Քանի որ այս միավորումները բավականին կոշտ են, մեծ պահանջներ ու պարտավորություններ են դնում երկրների վրա, պետք էր ավելի խորն ուսումնասիրել խաղի կանոնները: Ցանկացած երկիր, որը դառնում է Եվրամիության անդամ, ստանում է լուրջ կոմպենսացիաներ, որ տնտեսության զարգացած ճյուղերը մրցունակ լինեն: Իսկ այստեղ ակնհայտ է, որ մենք չենք ուսումնասիրել անդամակցության բոլոր հետևանքները: Հենց այդ շտապողականութան հետևանքն է, որ բոլոր ցուցանիշներն` առանց բացառության վատն են` առևտուրը, արտահանումը, ներկրումը, կոնյակի արտահանումը և այլն:

-Իսկ ռազմավարական տեսանկյունից ի՞նչ իրավիճակ է:

-Այս միությունում լիդերը Ռուսատանն է: Եթե մենք Ռուսաստանի հետ ենք կապում մեր շուկան, ազատ առևտուրը, որը չունի նոր տեխնոլոգիաներ, որտեղ կոռուպցիան բարձր է, որտեղ կա ռուբլու ճգնաժամ, որը սանկցիաների տակ է, ակնհայտ է, որ Ռուսաստանի տնտեսության հետ այդ կոշտ կապվածությունն իր արտահայտումը գտավ Հայաստանում: Մեզ ասում էին, որ անդամակցությունը անվտանգության խնդիր է նաև լուծում: Բայց հիմա իրավիճակը շատ է վատացել, և պետք է հաշվարկ անել` դա կապ ունի անդամակցութան հետ, թե այլ գործոններ կան: Վերջին շրջանում Ադրբեջանի էլ ավելի լկտի պահվածքը ես կապում են նաև ԵՏՄ-ին մեր անդամակցության հետ, քանի որ Ադրբեջանում հասկացան, որ Հայաստանը Ռուսաստանին հետաքրքիր չէ: Մի երկիր, որն իր տնտեսական, քաղաքական փաթեթը տալիս է Ռուսաստանին, այլևս հետաքրքիր չէ: Մենք տեսանք այս անդամակցության արդյունքները: Աստանայում հանդիպում կազմակերպեցին, մեզ չհրավիրեցին: Ճիշտ է, սկսեցին բացատրութուններ տալ, որ այնպիսի խնդիրներ են քննարկվել, որոնք անմիջական կապ չունեն Հայաստանի հետ: Մեզ փորձում էին ապացուցել, որ անվտանգության նկատառումով է հանդիպումը կայացել: Ո՞րտեղ է այդ անվտանգության նկատառումը: Ես կարծում եմ` երբ խոսում ենք անվտանգության մասին, նշանակում է մեզ պետք է հրավիրեին: Երբ այս բոլոր գործոնները նայում ես, հարց է առաջանում` ինչու մենք դարձանք ԵՏՄ անդամ:

Գլխավոր թերությունն ու պրոբլեմը, որն առաջանում է հիմա մեզ մոտ, կապված է այլ հարցի հետ: Դառնալով ԵՏՄ անդամ, երկիրը ստանձնում է լայն պարտավորություններ: Նույն է նաև Եվրոպական միությունում: Բայց, Եվրամիությունում փոքր երկրները դրա փոխարեն ստանում են շատ լուրջ փոխհատուցումներ: Մերձբալթյան երկրները, երբ դարձան Եվրոպական միության անդամ, ստացան տասնյակ միլիարդների հասնող փոխհատուցում` տնտեսությունը մրցունակ դարձնելու և այլ խնդիրներ լուծելու համար: Իսկ այստեղ մենք ստանձնեցինք պարտավորություններ, որի փոխարեն մենք որևէ բան չստացանք: Ավելին, խոսվում է, որ ռուսական կողմը պատրաստվում է գազի գինը բարձրացնել: Սա է գլխավոր վտանգը: Նաև ասեմ, նույն Եվրոպան այսօր ուզում է մեզ հետ աշխատել առևտրային ոլորտում, սակայն այստեղ մեր հնարավորությունները սահմանափակված են ստանձնած պարտավորություններով:

-Այսինքն, Եվրոպան «հանդուրժում» է Հայաստանի քաղաքականությունը:

-Շատ լավ հարց է: Ասեմ, որ Եվրոպայում տրամադրություններն այդպիսին են: Իրենք չեն ուզում կորցնել Հայաստանը: Մենք հազար թելերով կապված ենք Եվրոպայի հետ: Չեն ուզում կորցնել: Շատ գործիչներ հարգում, սիրում են Հայաստանը: Իրենք ասում են` «դուք ինչ մակարդակով եք ուզում աշխատել, ասեք` աշխատենք: Այո, իրենք հանդուրժում են ու դա հասկանալի է. այս տարածաշրջանում իրենք աշխարհաքաղաքական մեծ շահեր չունեն: Իրենք մեզ հետ հարաբերությունները կխորացնեն այնքան, ինչքան մենք պատրաստ լինենք: Պետք է ասել, որ իշխանություններն էլ այս վերջին մի ամսվա մեջ Եվրոպային դրական մեսիջներ ուղարկեցին: Ես հուսով եմ, որ մինչև Ռիգայի գագաթնաժողովը մենք կավարտենք կոնսուլտացիաները, կունենանք մեկ ամբողջական փաստաթուղթ, թե որ ոլորտներում ենք պատրաստ շարունակել համագործակցությունը: Եվ իրոք, կան ոլորտներ, որոնց համագործակցության համար խոչընդոտ չկա:

– Իսկ արժույթային միության ստեղծումն ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար:

– Դա միայն բացասական հետևանքներ կտա, քանի որ նորից կստանձնենք պարտավորություններ, կզրկվենք տարադրամից, ընդհանուր գործի մեջ կմտնես, բայց դրա փոխարեն ոչ մի բան չենք ստանա: Դրանով մեծ վտանգի տակ կդրվի բանկային համակարգը, ֆինանսական համակարգը, քանի որ էմիսիոն կենտրոնը կլինի Հայաստանից դուրս: Դա նշանակում է, որ օրինակ` այսօր Կառավարությունը կամ Կենտրոնական բանկը ֆինանսական կայունությունը պահպանում է, իսկ մտնելով այդ միության մեջ, դրանից զրկվում ես: Ես չեմ կարծում, որ դա այսօր շատ լուրջ է, քանի որ Բելառուսը և Ղազախստանը ասել են, որ դեռևս վաղաժամ է այդ հարցը քննարկելը: Ինչպես գիտեք, Ռուսաստանը կտրուկ իջեցրել է խմիչքի գները, որի մեջ է մտնում նաև հայկական կոնյակը: Կոնյակի գինը չես կարող իջեցնել, քանի որ ինքնարժեքը բավական բարձր է: Հիմա իրենք չեն թողնում մեր կոնյակը` պահանջելով իջեցնել ինքնարժեքը: Պատկերացնում եք` կոնյակը չի վաճառվի, իսկ դա ինչ հարված է մեր տնտեսությանը: Հայաստանում արտադրված կոնյակի մոտ 75 %-ն իրացվում է ռուսական շուկայում: Մեր տնտեսության մի հսկա ճյուղ տուժվում է և պարզ չէ, թե ինչով կավարտվի: Այստեղ Ռուսաստանը քայլ արեց` հաշվի չառնելով մեր կարծիքը:

-Ձեր գնահատմամբ` ժամանակ կգա՞, որ ԵՏՄ-ից դուրս գալը ռեալ կլինի:

-Դա շատ կարևոր է: Ես կարծում եմ` կլինի նույնը, ինչ ԱՊՀ երկրների հետ: Այսինքն` կա ԱՊՀ երկրների միություն, որը չի գործում: Այս միությունն էլ չի աշխատի, քանի որ այս պահին Ռուսաստանը պատրաստ չէ ստանձնել լիդերի դերը, հարևան երկրներում ներդրումներ անել և այլն: Այդ մեխանիզմով նա փորձում է մեզ իր շուրջ պահել: Մինչև որոշ ժամանակ հետո կհասկանան, մեր տնտեսությունը լուրջ վնասներ կկրի: Ես կարծում եմ` ինչ-որ ժամանակ հետո Հայաստանում կհասկանան և կհամակերպվեն, որ միությունը չի աշխատելու:

Զրուցեց Քրիստինա Աղալարյանը




Լրահոս