ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Երեկ՝ ապրիլի 1-ին, ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիեւյան 6 շենքի բակում կայանված Infiniti մակնիշի M 975 MP 77 համարանիշի ավտոմեքենայի թափքին դրված է սրբապատկերի նկար, ծաղիկներ, իսկ կողային հայելուց կախված է կանացի պայուսակ: Պարզվել է, որ ավտոմեքենան պատկանել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ Նաիրի Սահակյանին, ով հաստատել է այս տեղեկությունը: Իսկ թե ով, երբ եւ ինչու է մեքենայի վրա տեղադրել սգո պարագաները, հայտնի չէ: Միգուցե չար կատակ կամ նախազգուշացո՞ւմ է եղել: Ով գիտե:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանել՝ եթե քաղաքացին Ռուսատանում ռուսական համարանիշներով եւ ռուսական արտադրության մեքենա ունի, բայց որոշում է մշտական բնակություն հաստատել Հայաստանում, տվյալ դեպքում ի՞նչ պայմաններով կարող է մաքսազերծել իրեն պատկանող տրանսպորտային միջոցը:

Արամ Առաքելյան (39 տարեկան, ծրագրավորող)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 250 հոդվածի համաձայն՝ Միության անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձինք իրենց անձնական ավտոմեքենաներով ՀՀ սահմանը հատելիս մաքսային մարմիններ են ներկայացնում անձը հաստատող եւ ավտոմեքենայի հաշվառման փաստաթղթերը, որի հիման վրա մաքսային մարմինը ավտոմատ հայտարարագրման համակարգում հաշվառում է դրանց մուտքը ՀՀ տարածք: Միության անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձանց անձնական ավտոմեքենաները ՀՀ տարածքում կարող են գտնվել այդ ֆիզիկական անձանց՝ ՀՀ գտնվելու՝ օրենքով սահմանված ժամկետը չգերազանցող ժամկետով (180 օր): Հարկ է նշել, որ նշված ավտոմեքենաները կարող են ՀՀ տարածքում օգտագործվել բացառապես ավտոմեքենան ներմուծող անձի կողմից, եւ նրա մեկնելու ժամանակ ավտոմեքենաները պետք է դուրս բերվեն ՀՀ-ից: Հաշվի առնելով վերը նշվածը՝ հարկ է նշել, որ եթե ՌԴ-ում հաշվառված մեքենան ներմուծվում է ՀՀ քաղաքացու կողմից /նաեւ այն անձինք, որոնք համարվում են ՀՀ ռեզիդենտ/, այն կարող է ՀՀ-ում գտնվել անժամկետ, սակայն ներմուծողը պարտավոր է վճարել ճանապարհային վճարի մասին եւ բնապահպանական վճարի դրույքաչափերի մասին ՀՀ օրենքներով սահմանված վճարները:
Հայտնում ենք, որ Միության մաքսային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի համաձայն՝ Միության ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները ենթակա չեն մաքսազերծման: ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքի 3.1-րդ հոդվածի համաձայն՝ եթե ֆիզ. անձի կողմից ՀՀ տարածք են ներմուծվում ավտոմեքենաներ տվյալ ֆիզ. անձը կրում է ԱԱՀ-ի վճարման պարտավորություն:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ ԵՏՄ անդամ այլ երկրներում մշտապես բնակվող անձանց կողմից ավտոտրանսպորտի ներմուծվելու դեպքում առկա է ժամկետային սահմանափակում, որն ամրագրված է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 250-րդ հոդվածում: Իրականում նման սահմանափակումներ են գործում ոչ միայն այս, այլեւ այլ ոլորտներում, երբ, օրինակ, ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիները չեն կարողանում ազատ առեւտուր անել ՌԴ միջազգային օդանավակայանների «duty free»-ներից:

 

 

 

 

ՀԱՐՑ. Եթե բանկը ինձ գցել է «սեւ ցուցակ», այդ դեպքում, այսպես կոչված, սեւ ցուցակից ինչպես կարող եմ դուրս գալ: Ինձ մի անգամ ասացին, որ իմ վարկերը դասակարգված են, ի՞նչ է դա նշանակում:

Արգամ Սահակյան (36 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վարկային պայմանագրից բխող վճարումների ուշացումներ ունենալու դեպքում վարկը դասակարգվում է: Վարկի դասակարգումը վարկի խմբավորումն է հետեւյալ 5 դասերի՝ ա) ստանդարտ, բ) հսկվող, գ) ոչ ստանդարտ, դ) կասկածելի, ե) անհուսալի: Վարկերի դասակարգման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ ՀՀ ԿԲ Խորհրդի 23.04.2014թ. թիվ 63 որոշմանը ծանոթանալով: Վարկային տեղեկատվությունը դա վարկառուի վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է վարկառուի ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է վարկային պատմությունում դրանք կատարելուց հետո: Օրենսդրությունը այդ կապակցությամբ նշում է, որ վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող 5 տարուց ավել վարկային տեղեկատվություն: 5 տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է: («Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ ենթակետ):

Ֆինանսական հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2014թ. ընթացքում Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը ֆինանսական խնդիրներին վերաբերող 3244 բողոք է ստացել: Քննարկման ընդունված դիմումների թիվն աճել է 56%-ով` հասնելով մինչեւ 1277-ի: Միաժամանակ բանկերի դեմ եղել է 230 բողոք, վարկային կազմակերպությունների դեմ` 5, գրավատների դեմ` 3, 4 բողոք` դրամական փոխանցումներ իրականացրած ընկերությունների դեմ: Բանկերի դեմ բողոքների թիվը ամենաշատն է, եւ կարծես թե նվազում է բնակիչների վստահությունը բանկերի եւ վարկային կազմակերպությունների հանդեպ, թեեւ սոցիալապես ծայրահեղ վիճակում հայտնված մարդիկ ստիպված են դիմել բանկերին:




Լրահոս