ԹԱՆԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայազգի աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը youtube կայքում տեղադրել է իր ուղերձը, որով դատապարտում է Հունգարիայի կողմից մարդասպանի արտահանձնումն ու Ադրբեջանում հերոսացումը` ընդգծելով, որ դա եւս մեկ անգամ ի ցույց դրեց Ադրբեջանի միջազգային կերպարը` որպես բռնապետական ղեկավարությամբ մի ժողովուրդ, որը խրախուսում է անիմաստ բռնությունը:
«Ադրբեջանի միակ դաշնակիցը, բացի Թուրքիայից, նավթն է: Հայաստանը նման դաշնակից չունի: Այն իրականում նման հակաէկոլոգիական եւ ածխածնային դաշնակիցների կարիք ընդհանրապես չունի: Հայաստանը կարիք ունի ածխածնաչեզոք, էկոլոգիապես մշտակայուն, գյուղատնտեսական բազմազանությամբ հարուստ ապագայի՝ որպես իր դաշնակից… Հայաստանի իրական առաջընթացը եւ երկրի տնտեսական, բնապահպանական եւ սոցիալական խնդիրների լուծումը կախված են բնությանը չվնասող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մեր փոխհամաձայնեցված ջանքերից: Հարկային արտոնությունների եւ սուբսիդիաների միջոցով կառավարությունը կարող է խթանել այնպիսի ծրագրեր, որոնք կապահովեն Հայաստանի մշտակայուն զարգացումը` խթանելով աշխատատեղերի ստեղծումը եւ կանխելով երիտասարդների արտագաղթը:
Ես բարձրաձայնել եմ մտահոգությունս Թեղուտի անտառների հաշվին իրականացվող ոչ մշտակայուն հանքարդյունաբերական ծրագրի կապակցությամբ: Ըստ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի` հանքարդյունաբերությունն աղետալի ազդեցություն է ունեցել երկրի բնակչության առողջության եւ շրջակա միջավայրի վրա: Հանք շահագործողները չեն չեզոքացրել թունավոր թափոնները, որոնք ներծծվել են հողի մեջ, այնուհետեւ գյուղատնտեսական մթերքների միջոցով ներթափանցել են մարդկային օրգանիզմ, ինչը հատկապես վտանգավոր է երեխաների համար: Նույն կենտրոնի գեոքիմիայի լաբորատորիայի ղեկավարը հայտարարել է, որ հավանական է՝ Երեւանի բնակչության 57 տոկոսն ապրում է թունավոր միջավայրում հողի թունավորման պատճառով:
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետազոտությունները բացահայտել են, որ հանքարդյունաբերական խոշոր կենտրոններին, օրինակ՝ Կապանին, Քաջարանին, Ալավերդուն եւ Ախթալային հարող տարածքներում մշակվող գյուղատնտեսական արտադրանքը պարունակում է ծանր մետաղներ, ինչպիսիք են մերկուրին, մկնդեղը, կադմիումը:
Հաշվի առնելով վերը նշված փաստերը՝ կոչ եմ անում Հայաստանի կառավարությանը վերանայել կենսաբազմազանությամբ հարուստ Թեղուտի անտառներում եւ հարակից շրջաններում բացահանք շահագործելու լիցենզիան եւ զերծ մնալ հանքարդյունահանման հետագա լիցենզիաների տրամադրումից»,-ասված է ուղերձում:




Լրահոս