«ՀԽ անդամների ձերբակալության որևէ իրավական հիմք չկա, դա հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող մարդու որոշում էր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալության վերաբերյալ որևէ իրավական փաստաթուղթ, բացի Քննչական կոմիտեի լրատվական ծառայության հրապարակած հայտարարության, չկա, որի հիման վրա կարող ենք ասել, թե որոնք էին իրավական հիմնավորումները, որոնց վրա Քննչական կոմիտեն և ԱԱԾ-ն առավոտ համատարած օպերատիվ-հետախուզական գործողություն սկսեցին իրականացնել ՀԽ-ի նույնիսկ մարզային կառույցներում: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Իսկ հայտարարության մեջ այն, ինչ որ ներկայացված է, բացառապես չի համապատասխանում ՀԽ-ի ներկայացուցիչների հայտարարություններին, որը վերաբերում էր նրանց առաջիկա գործողություններին: Նույնիսկ, ապրիլի 24-ին Ազատության հրապարակում իրենց հանրահավաքի դիմումն էին ներկայացրել քաղաքապետարան, որը մերժվել էր ու քաղաքապետարանն առաջարկել էր Էրեբունու թանգարանի տարածքը, նշանակում էր, որ իրենք համաձայնվլե էին: Այսինքն` չկար որևէ հիմք, հիմնավոր կասկած, թե «Հիմնադիր խորհրդարանի» անդամները զանգվածային անկարգություններ էին նախապատրաստում ապրիլի 24-ին:

Հետևաբար` մտացածին ենթադրյալ գործողությունների համար խուզարկություն իրականացնել, ձերբակալել, դա չլսված բան է: Դա իրապես հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող մարդու որոշում էր, որը կայացրել է Սերժ Սարգսյանը: Բացի իրենից ոչ մեկը նման հրաման չէր տա: Պրոֆեսիոնալ, խելքը գլխին իրավապահ մարմնի որևէ ներկայացուցիչ հիմք չէր կարող ունենալ նման գործողության համար»,- մանրամասնեց Արթուր Սաքունցը:

Վերջինս ասաց` սա բացահայտ քաղաքական հետապնդում է, նպատակն է հերթական մի նախաձեռնությանը, որի անդամները չեն վերահսկվում Սերժ Սարգսյանի քաղաքական իշխանության կողմից, լռեցնելը, ենթարկեցնելն ու սաստելն է:
Սաքունցը համամիտ չէ այն գնահատականների հետ, որ իշխանությունները խուճապի մեջ են կամ վախեցան ՀԽ-ից: «Այստեղ իրենք իրենց իշխանությունն են պարտադրում: Այստեղ ՀԽ-ն չէր, ոչ էլ դրանից առաջ ԲՀԿ-ն: Խնդիրը հայկական իրականությունն է, երբ իշխանությունը հասկանում է, որ ինքը որևիցե բան չունի առաջարկելու: Տնտեսական, սոցիալական իրավիճակը բավական լուրջ է, անվտանգության հետ կապված բազմաթիվ վկայակոչումները իրականությանը չեն համապատասխանում: Տվյալ պարագայում, ցանկացած ակտիվ նախաձեռնություն, որը կարող է դետոնատրի դեր խաղալ, իշխանությունը տեսում է վտանգը դետոնատրի տեսակետից:

Իշխանությունը լավ գիտի, որ դժգոհությունը մեծ է, Սերժ Սարգսյանն է ասում, որ 80 տոկոսը դեմ է, բայց պետք է անեն: Ինչ քայլեր, որ կատարում են, վիճակը շատ ավելի է վատացնում: Իրավիճակը պայթյունավտանգ է: Բոլոր բնագավառներում մարդիկ դժգոհ լինելով` պատրաստ են ինչ-որ մի պահի դուրս գալ: Կրիտիկական էներգիա է կուտակված: Ցանկացած նման ակտիվ նախաձեռնություն կարող է շղթայական ռեակցիա առաջացնել: Դրանից են վախենում»,- իր խոսքը եզրափակեց Արթուր Սաքունցը:




Լրահոս