Հայաստանի Հանրապետությունն այս տարի նշելու է իր անկախության 24-ամյակը, սակայն չես գտնի մի քաղաքացու, որը վստահաբար կասի, որ Հայրենիքում ինքը պաշտպանված է անարդարություններից կամ գոնե այդպես է իրեն զգում: Տարիներն անցնում են, իսկ Հայաստանի արդարադատության համակարգը գնալով դառնում է ավելի վատը:
Հայաստանում բոլոր հնարավոր եւ անհնարին դժբախտությունների մեղավորը, արդարացիորեն, համարվում են իշխանությունները, որոնք իրենց բնույթով արդեն մոտ երկու տասնամյակ է՝ հանցավոր են, եւ կապ չունի, թե նախագահականում ով է նստած, կամ Կառավարության շենքն ու խորհրդարանը ովքեր են տնօրինում: Միանշանակ կարող ենք ասել, որ դատաիրավական համակարգը այն միակ կառույցն է, որն իշխանության փոփոխության արդյունքում չի կարող փոխվել: Իշխանափոխության արդյունքում դատաիրավական համակարգը գուցե մի պահ դադար վերցնի եւ կարճ ժամանակով չհոշոտի իր իրավունքների համար պայքարող քաղաքացիներին, բայց դա ընդամենը ժամանակավոր բնույթ կկրի: Իսկ մեկ կամ երկու տարի հետո դատաիրավական համակարգը կսկսի «ծառայություններ» մատուցել իշխանություններին, եւ ամեն ինչ նորից կկրկնվի: Դատաիրավական համակարգը նորից կսկսի խժռել ռեժիմի դեմ խոսողներին` առավել վտանգավորներին փակելով զնդաններում: Հայաստանը նման շրջան մեկ անգամ արդեն ունեցել է՝ անկախության առաջին տարիները:
Լավ, իսկ ինչո՞ւ դատաիրավական համակարգն ինքնուրույն չի փոխվում, ինչպես է ստացվում, որ տարիներն անցնում են, բայց մի ամբողջ համակարգ իր բնույթով եւ էությամբ մնում է նույնը: Ի վերջո, ժամանակը ցույց է տվել, որ այդ նույն համակարգը իր մասնիկներին` դատավորներին, դատախազներին եւ քննիչներին եւս չի խնայում, անհրաժեշտության դեպքում նրանց եւս «խժռում» է:
Բայց մյուս կողմից էլ՝ ինչու պետք է դատաիրավական համակարգը փոխվի: Խորհրդային Միության գոյության ժամանակաշրջանում յոթանասուն տարի շարունակ դատաիրավական համակարգի առաջնային խնդիրը եղել է ռեժիմի պահպանումը, իսկ հանցագործության դեմ պայքարը երկրորդ խնդիրն է եղել: Տասնամյակներով այդ համակարգը բուծել եւ կազմավորել է իր ապագա փոխարինողներին: Ավելին՝ ԽՍՀՄ-ում այդ գործելոճն ամրագրված է եղել նաեւ օրենսդրությամբ, խորհրդային օրենքներով հանցագործներն այդքան վտանգավոր չեն համարվել, որքան այլախոհները: Հայաստանի անկախանալուց հետո օրենքները փոխվեցին, բայց դատաիրավական համակարգը անձերի մակարդակում մնաց նույնը:
Օրինակ՝ Աղվան Հովսեփյանն ինչու պետք է փոխվեր, նա իր կարիերայի առաջին իսկ օրվանից` հեռավոր 70-ական թվականներից, մարդկանց իրենց գաղափարների համար զնդանն է գցել, դրա համար նրանից ոչ ոք հաշիվ չի պահանջել, նույնիսկ նրանք, ում նա ժամանակին զնդանել է: Ստացվում է, որ նա ժամանակին ճիշտ է վարվել եւ պետք է շարունակեր նույն կերպ գործել: Նման օրինակները կարելի է անվերջ շարունակել:
Ինչու պետք է Գեւորգ Կոստանյանն այսօր քաղաքացիների իրավունքները համարի առաջնային, երբ նա մեծացել է եւ իր ծնողի` հոր օրինակով, համոզվել է, որ դատաիրավական համակարգի առաջնային խնդիրը իշխող ռեժիմի պահպանմանը ծառայելն է, եւ անկախ նրանից, թե իշխանություններն ինչ անուն կունենան` կոմունիստ, ՀՀՇ, թե ՀՀԿ, էականը դա չէ: Նույն դատաիրավական համակարգի ներկայացուցիչները տասնամյակներով համոզվում են, որ ռեժիմին ծառայելով՝ իրենք հնարավորություն ունեն մինչեւ վերջ պաշտոնավարել եւ թոշակի անցնելով՝ ապահովված ծերություն ունենալ իրենց կողմից հանիրավի զնդանները գցված մարդկանց եւ նրանց ժառանգների վճարած հարկերի հաշվին:
Այսինքն՝ Հայաստանում արդարադատության համակարգը չի գործի, կամ նույն է թե՝ տեղ-տեղ կգործի այնքան ժամանակ, քանի դեռ ներկա իշխանությունները գոյություն կունենան: Իսկ նրանց անկումից հետո արդարադատության համակարգը կարող է գործել եւ քաղաքացիներին ծառայել միայն մեկ դեպքում, եթե որեւէ օրգանական կամ ժառանգական կապ չունենա Հայաստանում նախկինում գործած դատաիրավական համակարգի հետ: Նրանց պետք է փոխարինեն այդ համակարգի հետ նախկինում երբեւէ կապ չունեցած երիտասարդներ: Սա արդարադատություն ունենալու միակ տարբերակն է, եւ վաղ թե ուշ Հայաստանը ստիպված է լինելու այդ ճանապարհով գնալ:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ
Վերջին շրջանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունը շրջանառվում է որպես 2018թ. նախագահի ընտրություններում իշխանության հնարավոր թեկնածու: Ու նման ենթադրությունները գնալով իրատեսական են դառնում: Արարատյան Հայրապետական թեմը, ինչպես ամեն տարի, այս տարի եւս Սուրբ Զատիկին նվիրված միջոցառումներ էր կազմակերպել: Այդ բոլոր միջոցառումներին որպես «գլխավոր հյուր» հրավիրված էր Սեյրան Օհանյանը: Նախագահ դառնալու հավակնություններ ունեցող Սեյրան Օհանյանը սկսել է միջոցառումներին ներկայանալ իր կնոջ հետ՝ այդ կերպ բոլորին ցույց տալով երկրի ապագա առաջին տիկնոջը:
ՀԵՔԻԱԹՆ Է ԿԱՆՉՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ նախքան ԱԺ քառօրյայի մեկնարկը, խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստում իր կուսակիցներին բացատրել է, թե լրագրողների հետ շփումներում նրանք ինչպես պետք է ներկայացնեն անցած շաբաթ օրը կին ՀՀԿ-ականների՝ Ծիծեռնակաբերդում դրսեւորած անհասկանալի վարքը: Նաղդալյանն ասել է, թե իբր լուսանկարներն արվել են նախապատրաստական փուլում, երբ իրենք տարբեր համայնքներից եկող ՀՀԿ կանանց սպասելիս են եղել: Իսկ ծիծաղել են, որովհետեւ իրենց է մոտեցել գյուղից Երեւան ժամանած մի երեխա եւ պատմել է, թե ինչքան է երազել Ծիծեռնակաբերդում լինելու եւ հեռուստացույցով երեւացող ՀՀԿ-ականների տեսնելու մասին: Նաղդալյանը կուսակիցներին հորդորել է լրագրողների հետ զրույցում տեղի ունեցածը հենց այսպես էլ ներկայացնել, առանց շեղումների:
ՄԵՔԵՆԱ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ
ՀՀ Կառավարությունն իր՝ վաղը կայանալիք նիստում պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նվիրել ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանն ամրացված 5 մլն 995 հազար դրամ արժողությամբ, 2010 թվականի արտադրության «Հունդաի էլանտրա» մակնիշի ավտոմեքենա: Մեծ եղբորից՝ փոքր եղբորը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՏՔԸ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների երեկվա ձերբակալություններին, կարծիք է հայտնել, որ տեղի ունեցածը կապ ունի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Մոսկվա կատարած այցի հետ: «Միգուցե, այսօրվա (երեկվա) գործողությունը կապված է նրա հետ, որ Նալբանդյանն այնտեղ խոսելու է Պուտինի գալու, անվտանգության խնդիրների մասին` խոստանալով, որ ապրիլի 24-ին խժդժություններ չեն լինի: Սա արվեց, որ ցույց տան, թե իրավիճակը տնօրինվում է: Որքան ես եմ տեղեկացված, երկուստեք պետք է քննարկվի Սերժ Սարգսյանի այցը մայիսի 9-ին, Վլադիմիր Պուտինի այցը` ապրիլի 24-ին: Նրանք կասեն, թե մենք հերոսաբար վնասազերծեցինք` նույնիսկ չկարեւորելով իրավական հիմնավորումները»,- ասել է Ա. Կարապետյանը` հավելելով, որ ի սկզբանե իշխանության քարոզչությունն այն էր, որ «Հիմնադիր խորհրդարան»-ն ավելի շատ հակառուսական կառույց է` արեւմուտքից ֆինանսավորվող:
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ
Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանին Կոտայքի մարզպետ նշանակելուց հետո նշվում էր, որ նա իր պաշտոնը ստացել է աներոջ` Գագիկ Ծառուկյանի եւ հոր` պատգամավոր Մուրադ Գուլոյանի շնորհիվ: Վերջինս, սակայն, երեկ խորհրդարանում, լրագրողների հարցին ի պատասխան, նշել է, որ իր որդու աշխատանքը գնահատելով են պաշտոն տվել: «Ծառուկյանը բացարձակապես կապ չունի»,- հավաստիացրել է Գուլոյանը:
ԱՆՀԵԹԵԹ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ
Երեւանի ավագանու՝ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանն Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ-ական կանանց՝ Ծիծեռնակաբերդ կատարած այցին եւ մեծ աղմուկ հանած լուսանկարներին, ասել է. «Լուսանկարներն արվել են ոչ թե միջոցառման ժամանակ, այլ նախապատրաստական աշխատանքների, երբ մասնակիցները Հայաստանի տարբեր ծայրերից հավաքվում էին հուշահամալիրի մոտ, ծաղիկներ եւ իրենց իսկ կողմից պատրաստված շարֆեր էին բաժանում ժամից ավելի: Եվ կարծում եմ՝ մարդկային է, որ որոշ ժամանակ միմյանց չտեսած մարդիկ նախապատրաստական մեկ ժամում շփվում էին: Սխալ, կողմնակալ լուսաբանում եղավ, ինչը ճիշտ չէր»: Փաստորեն, Ծիծեռնակաբերդում ծաղիկներ դնելու համար էլ է Հանրապետական կուսակցությունը «նախապատրաստական աշխատանքներ» տանում: Հավանաբար ՀՀԿ «տիկնայք փափկասուն» Ծիծեռնակաբերդի ծառուղին շփոթել էին «պոդիումի» հետ, լավ է դեռ նախապատրաստական նպատակներով մի քանի անգամ չեն գնում, ծաղիկները դնում, ապա վերցնում, հետ վերադառնում արդեն բուն միջոցառման համար:
ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հուսով ենք՝ կողմերը կհարգեն հրադադարի ռեժիմի պահպանումն առաջիկա տոների, հիշատակի արարողությունների եւ տարածաշրջանում միջազգային միջոցառումների ընթացքում», – ադրբեջանական APA լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա նաեւ տեղեկացրել է, որ տարեվերջին ակնկալում են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպում։ «Այժմ դիտարկում ենք արտգործնախարարների հետ հանդիպման հնարավորությունները՝ քննարկելու համար նախագահների քննարկումների օրակարգն ու սահմանելու տարածաշրջան մեր հաջորդ այցի ժամկետները», – ասել է ամերիկացի միջնորդը։
ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ԳԱԼԻՍ Է
Նախօերին Հայաստան է ժամանել Քիմ Քարդաշյանի «Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի աշխատակազմը, ինքը` 34-ամյա հեռուստաստղը, Հայաստան կգա ապրիլի 8-ին՝ ամուսնու՝ ռեփեր Քանիե Ուեսթի եւ քույրերի հետ։ news.am-ի փոխանցմամբ` Քիմը Հայաստան կատարած այցի 7 օրերի ընթացքում գնալու է Գյումրի, Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Ազգային արխիվ, ինչպես նաեւ՝ Երեւանի կենտրոնում գտնվող շատ այլ հաստատություններ։