ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական էջից
Երեկ՝ ապրիլի 7-ին՝ մայրության եւ գեղեցկության օրը, Երեւան քաղաքում վերագործարկվել են շատրվանները: Սակայն մեր քաղաքում տեղադրված բազմաթիվ շատրվաններ շատ ժամանակ ձեւական բնույթ են կրում: Հուսանք, որ Երեւանի քաղաքապետարանը հետեւողական կլինի ոչ միայն այս հարցում, այլ նաեւ մայրաքաղաքային բազում այլ ոլորտներում թե՛ բարեկարգման, թե՛ մաքրության եւ թե՛ այլ հարցերում: Մանավանդ այն դեպքում, երբ Երեւանն այս տարի՝ ապրիլի 24-ին, գտնվելու է ամբողջ աշխարհի ուշադրության ներքո:
ՀԱՐՑ. Աշխատել եմ ՀՀ ոստիկանության համակարգում: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրգործ, իսկ 37-րդ հոդվածի 1-ին մասով կարճվել է: Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն: Կարո՞ղ եմ վերականգնվել տվյալ համակարգում:
Արմեն Կիրակոսյան (29 տարեկան, իրավաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված են այն դրույթները, որոնց դեպքում քաղաքացին չի կարող անցնել ծառայության ՀՀ ոստիկանությունում: Այն է`
4. Ոստիկանությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին`
1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) որը դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
4) որը դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
Նույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված են այն դրույթները, որոնց դեպքում ծառայողներն ազատվում են ոստիկանությունից: Այն է`
l Պետական կառավարման մարմնի ղեկավարն իրավունք ունի նաեւ ոստիկանությունում ծառայությունից ազատելու դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած ոստիկանության այն ծառայողին, որի նկատմամբ քրգործի վարույթը կարճվել կամ քրգործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքերով:
Տվյալ դեպքում Ա. Կիրակոսյանը չի դատապարտվել, այլ քրգործի վարույթը կարճվել է մինչդատական վարույթում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետով, այն է`
1. Դատարանը, դատախազը, վերջինիս համաձայնությամբ քննիչը կարող է հարուցված քրգործի վարույթը կարճել եւ քրեական հետապնդումը դադարեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ, 73-րդ եւ 74-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում:
Որից հետո վերջինս ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից անձնական նախաձեռնությամբ: Ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերի վերլուծությունից հետեւում է, որ նման պարագայում գործող օրենսդրության սահմաններում Ա. Կիրակոսյանին ՀՀ ոստիկանությունում ծառայության վերականգնվելու համար խոչընդոտող հիմքեր առկա չեն:
ՀՀ ոստիկանություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք, որ կրկին ծառայության անցնելու դեպքում մեզ դիմած քաղաքացին այլեւս չի թերանա իր պարտականություններում:
ՀԱՐՑ. Ես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ, սակայն գտնվում եմ Վրաստանում: Վրաստանից մայրիկիս պատկանող վրացական պետհամարանիշներով մեքենայով, որը ես վարում եմ լիազորագրով, ցանկացա Հայաստան գալ, սակայն Գոգավանի մաքսակետում ինձ մերժեցին՝ պատճառաբանելով, որ երրորդ երկրից՝ Վրաստանից չի թույլատրվում անցնել: Խնդրում եմ պարզաբանել՝ պատճառը ո՞րն է, ինչպե՞ս կարող եմ գալ Հայաստան եւ ի՞նչ ձեւով:
Սուրեն Աբրահամյան (36 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է առաջնորդվել Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների եւ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին համաձայնագրի 3-րդ հավելվածի 23-րդ կետով, համաձայն որի` անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որոնք գրանցված են օտարերկրյա պետության տարածքում, ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ցանկացած միջոցով, վեց ամիսը չգերազանցող ժամկետում: Այդպիսի տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելու պայմանով` Մաքսային միության մաքսային օրենսդրության համաձայն: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման պայմանները եւ դրա կիրառման միջոցները սահմանվում են «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 16-րդ գլխով:
ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ ԵՏՄ անդամ պետության քաղաքացիները չեն կարող առանց մաքսային երաշխավորագրի երրորդ երկրից, այս դեպքում՝ Վրաստանից, մուտք գործել Հայաստան: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ԵՏՄ-ն Հայաստանի համար մի պատուհաս է դարձել, որի բացասական հետեւանքներն անմիջապես մենք՝ ՀՀ քաղաքացիներս ենք կրում թե՛ տնտեսական առումով եւ թե՛ քաղաքական: