Քաղավիացիայի պետի խղճի՞ն է իր նախկին աշխատակցի ինքնասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, անդրադառնալով իր` ինքնասպան եղած նախկին աշխատակցի նամակին, ասաց, թե ինքը տեղյակ չէ, որ ինքնասպան լինելուց առաջ տղան նամակ է գրել:

2014թ դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Շենգավիթ համայնքում՝ Կաշեգործների փողոցում գտնվող տնակում, հայտնաբերվել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Սամվել Մարգարյանի որդու՝ 26-ամյա Սուրեն Մարգարյանի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ երիտասարդը մահացել էր երկփողանի որսորդական հրացանի կրակոցից:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երիտասարդի դին հայտնաբերվել էր նրա ընկերոջ տանը: Զարմանալին այն էր, որ լուրեր էին տարածվել, թե տղան ինքնասպան է եղել: Բայց ինչպե՞ս կարող էր Սուրենը որսորդական զենքով կրակել իր վզին, ու դեռ ձեռքն էլ մնար ձգանի վրա: Քաղավիացիայի նախկին պետի հարազատները մինչ օրս չեն հավատում, որ Սուրենը կարող էր ինքնասպան լինել:

Նշենք, որ այս ինքնասպանությունն առաջին իսկ օրվանից բազմաթիվ հարցեր է առաջացրել: Բանն այն է, որ ինքնասպան լինելուց առաջ Սուրենը նամակ էր գրել Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, արդարադատության նախարարին եւ Մարդու իրավունքների պաշտպանին՝ պատմելով, որ իրեն թույլ չեն տվել աշխատել որպես օդաչու՝ պատճառաբանելով, թե ինքը թմրանյութ է օգտագործել: Մինչդեռ այդ թմրանյութն իրեն մատակարարել էին:

Սուրենը նամակում գրել էր նաեւ, որ իր խնդրի հետ կապված «Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն պարոն Ն. Բելլույանի եւ «Արմավիայում» աշխատող օդաչուների կողմից նամակներ են ուղղվել քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին՝ խնդրելով, որ նա վերանայի իր որոշումը եւ թույլ տա, որ Սուրենը վերադառնա իր աշխատանքին: Սակայն Արտյոմ Մովսեսյանը այդպես էլ չի արձագանքել տղայի հորդորներին: Նշենք, որ տղայի ինքնասպանության գործով քննությունը շարունակվում է: Ավելին՝ մեզ տեղեկություններ են հասել, որ բացի քննիչներից՝ Սուրենի հարազատներն էլ իրենց հերթին են քննություն իրականացնում՝ տղայի մահվան պատճառները հասկանալու համար:

«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի հետ:

-Պարո՛ն Մովսեսյան, 2014թ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Սամվել Մարգարյանի որդին ինքնասպան լինելուց առաջ նամակ էր գրել, որ իրեն անհիմն են աշխատանքից ազատել, եւ այդ հարցով Ձեզ նամակ էին գրել նաեւ նրա գործընկերները, որպեսզի վերականգնեք տղայի աշխատանքը: Սակայն 2010 թվականից մինչեւ 2014 թվականն այդպես էլ չեք արձագանքել: Ու տեսանք, թե ինչ վերջաբան ունեցավ: Արդյո՞ք Ձեր խղճին չմնաց այս տղայի մահը:

-Ես այդ նամակից տեղյակ չեմ:

-Զարմանալի է, բայց նամակը նույնիսկ հրապարակվել է լրատվամիջոցներով, ավելին՝ Սուրենը նամակը ուղարկել է Սերժ Սարգսյանին, Մարդու իրավունքների պաշտպանին, արդարադատության նախարարին, ՀՀ վարչապետին: Միթե այս կառույցներից Ձեզ ոչինչ չի ուղարկվել, որ Ձեր նախկին աշխատակիցը խնդրի առաջ է կանգնել:

-Ո՛չ, այդ պատմությանը ծանոթ չեմ:

-Սուրեն Մարգարյանն իր նամակում գրել է, որ 2010 թվականից աշխատել է «Արմավիա» ավիաընկերությունում որպես A-319/320 տիպի օդանավի երկրորդ օդաչու, եւ նրան թմրանյութ օգտագործելու պատճառաբանությամբ հեռացրել եք աշխատանքից

-Այո՛, եղել է, եւ ի՞նչ:

-Այն, որ տղան տարիներ շարունակ նամակ է գրել եւ խնդրել է` լսեք իրեն, որ իրեն ստիպել են անուններ տալ, ինքը թմրանյութ չի օգտագործել:

-Դուք չեք հասկանում, որ հիմա ոչ կարեւոր թեմա եք բարձրացնում:

-Միգուցե Ձեզ համար կարեւոր չէ, բայց մեզ համար շատ կարեւոր է հասկանալ, թե ում խղճին, ի վերջո, մնաց այս տղայի մահը:

-Ես կրկնում եմ՝ նամակին ծանոթ չեմ: Ես եմ օգնել իրեն, որ գնացել, սովորել է, շատ հարգանքով եմ վերբերվել իրեն, ի հաշիվ իր հոր, քանի որ Սամվել Մարգարյանը շատ կարգին, լավ մարդ էր:

-Լավ, տղայի նամակից տեղյակ չեք, բայց նրա հեռացման պատճառը, իհարկե, գիտեք: Արդյո՞ք թմրանյութն էր պատճառը, որ հանեցիք աշխատանքից, թե՞ շան գլուխն իրականում այլ տեղ էր թաքնված:

-Չեմ ուզում անդրադառնալ այդ թեմային:

-Ինչո՞ւ, ի՞նչ խնդիր կա:

-Ինձ համար հաճելի թեմա չէ դա: Մարդու ինքնասպանության թեման չի կարելի վերցնել եւ դարձնել ինչ-որ շահարկման առարկա, դա սխալ է:

-Դեռ հարց է՝ նա ինքնասպա՞ն է եղել, թե՞ սպանել են:

-Դա չգիտեմ արդեն, ես ցավով լսել եմ այս դեպքի մասին, եւ այսքանով սահմանափակվենք:

Քնար Մանուկյան




Լրահոս