Դերասան ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ այն եզակի մարդկանցից է, որը կարծում է, որ մենք շատ լավ երկրում ենք ապրում: Նա չդժգոհեց նույնիսկ թատրոնի ցածր աշխատավարձից ու բավական լավատեսորեն է տրամադրված մեր վաղվա օրվա նկատմամբ:
-Չորս օր առաջ նշեցինք ՀՀ անկախության տոնը, ի՞նչ եք կարծում, Հայաստանն իսկապե՞ս անկախ է:
-Բա հռչակագիր ունենք: Հարցն այլ է, թե ինչպես ենք անցնում դեպի անկախացում ժողովրդավարության ճանապարհը: Այդ հարցի լուծման համար ժամանակ է պետք, թե չէ ուզում են մեկ օրում դառնալ լիովին անկախ: Դեռ Ամերիկան չի դարձել ամբողջովին անկախ, դուք ի՞նչ եք ուզում: Ճանապարհ է պետք անցնել: Դրա համար նոր սերունդ է պետք, ա՛յ հիմա ձերը` երիտասարդներինն է էս երկիրը: Լավ կլինի էլի:
-Բոլորս էլ այդ հույսով ենք ապրում, որ մի օր լավ կլինի:
-Ուզում եք ասել, որ էդպես չէ, հա՞: Ա՛յ հիմա անկեղծ ասում եմ՝ նայում եմ մեր երկրին, քաղաքին ու տեսնում, որ 20 տարի առաջվա երկիրը չէ: Մի ահավոր վիճակ էր, հիմա շատ ավելի լավ է: Մի քիչ ավագ սերունդը կիմանա՝ ինչ երկիր ենք եղել ու ինչ ենք դարձել հիմա:
Երբ ես համեմատում եմ այն տարիներն ու այս տարիները, ուղղակի հիացած եմ. շատ բան է փոխվել: Մտածում էի՝ այս քաղաքում ո՛չ շենք կսարքեն, ո՛չ փողոց, ո՛չ էլ թատրոն: Այսօր ամեն ինչ էլ սարքում են, քաղաքն էլ գնալով գեղեցկանում է, նույնիսկ փողոցներում են նստարաններ դրել:
Ես արդեն 60 տարեկան մարդ եմ, ու ինձ թվում է, որ այն քաղաքականությունը, ինչ վարում են, ճիշտ է, պատերազմը երկար ժամանակով քնել է, ոնց որ բարգավաճում ենք, ինստիտուտներում սովորողների քանակը շատացել է, մեր թատրոնների վիճակը բարելավվում է: Վերջերս մենք վերադարձանք Լոնդոնից, անգլիացիները հիացել էին Հայաստանի թատրոնով: Մեր սպորտսմենների՛ն նայեք, մեր դրսի արվեստագետներին: Ու տեսե՛ք, թե այս փոքրիկ պետությունը մեծ երկրագնդի վրա ինչ-որ նշմարվում է, բա դա վա՞տ է:
-Միայն լավ բաներն եք ասում, մնացածը չե՞ք նկատում:
-Ինչի՞ն նայենք, որ աշխատատեղե՞ր չկան:
-Թեկուզ հենց այդ հարցին:
-Դե գործազրկություն որտե՞ղ չկա:
-Իսկ արտագա՞ղթը:
-Արտագաղթ միշտ էլ եղել է, մենք գաղթական ժողովուրդ ենք, որ դնես, ոսկի էլ բաժանես, բայց մեկին ասես՝ աչքիդ վերեւը ունք կա, նեղանալու է, գնա կողքի երկիրը: Մեր ազգին նո՞ր եք ճանաչում: Լսե՞լ եք ճապոնական հրաշքի մասին: Հերոսիմայում եւ Նագասակիում ատոմային ռումբն ընկնելուց հետո նրանք 10 տարում կրկին երկիր դարձան` աշխարհի առաջնակարգ պետություններից մեկը: Իմացա՞ք՝ որն էր ճապոնական հրաշքը` աշխատասիրությունը: Իսկ մենք ասում ենք` ոնց ուրիշի աղբը թափենք, պետք է բոլորս բիզնեսմեններ լինենք, գազալցակայաններ ու բենզալցակայաններ ունենանք: Բայց էդպես չէ, այդ գազալցակայանին նաեւ աշխատող է պետք, բայց դա չպետք է մենք անենք, թող ուրիշներն անեն: Ա՛յ էդ տեսակ ենք մտածում: Բոլորը չգիտես ինչ գործ ու պաշտոն են ուզում, բայց առանց ճանապարհ անցնելու: Աշխատասիրության շնորհիվ կարելի է շատ բաների հասնել, կերտե՛ք ձեր ապագան աստիճանաբար:
-Այսօր բոլորիս էլ հուզում է մեր ապագան, հատկապես երիտասարդներիս:
-Թող չհուզի, ապագան ձերն է, բոլոր նախապայմանները կան՝ լավ երկիր դառնալու, ու դուք հեչ վատ երկրում չեք ապրում: Այսօր ոչ մի քաղաքում մինչեւ գիշերվա 1-2-ը չես կարող հանգիստ շրջել ու քայլել փողոցներով, ինչպես մեր Երեւանում:
Նրանք էլ, ովքեր գնում են, հետո հետ են գալու: Ինչ էլ դրսում անեն` կինո նկարեն, ներկայացում բեմադրեն, թե գիրք գրեն, էլի մեր համար են անում: Դրսում կայանա՞լն էլ հո այդքան հեշտ չէ: Նույն ԱՄՆ-ում 1 միլիարդից մեկն է կայանում, հիշե՛ք` Վիլյամ Սարոյան, Ռուբեն Մամուլյան: Ինձ համար իմ երկիրը, հայրենիքը թանկ ու կարեւոր է:
-Բավական լավատես եք:
-Ես հայրենասեր եմ, երեւանասեր եմ: Էս իմ Էրեւանն ա, էս քաղաքի համար խելքս իմը չէ: Ես ամբողջ աշխարհը ման եմ եկել, Երեւանից լավ տեղ չկա աշխարհում:
-Պարո՛ն Մարության, եթե Ձեզ լսենք, կմտածենք, թե ամեն ինչ այնքա՜ն հարթ է ու գեղեցիկ:
-Բա լսե՛ք (ծիծաղում է-Ե. Ռ.): Իհարկե, ամեն ինչ իդեալական չէ, բայց ես հույս ունեմ, որ ընթացքում ամեն ինչ կդառնա գեղեցիկ: Օպտիմիստ եմ:
-Եւ ի՞նչն է Ձեզ այսքան ուժ տալիս:
-Ես աշխատասեր մարդ եմ:
-Ինչպես արդեն հասկացա` նաեւ գոհունակ, չեք դժգոհում Ձեր կարգավիճակից, աշխատավարձից:
-Երբեք չեմ դժգոհի, որովհետեւ եթե դու ձգտող ու աշխատող ես, ուրիշ աշխատանք էլ կգտնես: Մարդ պիտի կարողանա ստեղծել իրենը:
-Ի՞նչ է Ձեզ այսօր պակասում լիարժեք երջանիկ զգալու համար:
-Ես լիարժեք երջանիկ մարդ եմ, որովհետեւ ունեմ հիանալի կին, լավ երեխաներ, սիրած աշխատանք ու 4 թոռ, որոնց համար խելքս գնում է:
-Իսկ որպես քաղաքացի՝ ինչի՞ կարիք ունեք:
-Որ իմ թատրոնի` Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոնի վիճակն ավելի բարելավվի, այն դառնա լավագույն կենտրոններից մեկն ու միշտ լեփ-լեցուն լինի, անգամ տոմս չճարվի:
«ԵՍ ԼԻԱՐԺԵՔ ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴ ԵՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ