«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայերի զանգվածային սպանությունների 100-ամյակի կապակցությամբ կիրակի օրը հատուկ պատարագ կմատուցի, իսկ բոլորը համակ ուշադրությամբ կսպասեն, թե արդյոք նա կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը»,- գրում է The Economic Times-ը:
Հրատարակչությունը նշում է, որ 78-ամյա Պապը դարձել է լարախաղաց: Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ճնշում են օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը Օսմանյան կայսրության իրականացրած սպանությունները նկարագրելիս, սակայն կան մտավախություններ, որ այդ կերպ վատիկանը կնեղացնի ծայրահեղական իսլամի դեմ պայքարում հնարավոր կարևոր դաշնակցին: Այնուհետև հրատարակչությունը պատմում է, որ շատ պատմաբաններ 1915 թ-ի իրադարձությունները նկարագրում են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, սակայն այս փաստը կտրականապես ժխտում է Թուրքիան:
«Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքը պատարագ կմատուցեն, որին ներկա կգտնվի նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանը»,- գրում է հրատարակչությունը՝ շեշտելով, որ Վատիկանը պատարագը վաղն է մատուցում, որպեսզի նախագահ Սերժ Սարգսյանը կարողանա մինչ ապրիլի 24-ը վերադառնալ հայրենիք:
«Եթե Հռոմի պապը կիրառի ցեղասպանություն բառը, դա առաջին անգամը չի լինի. 2000 թ Հովհաննես Պողոս 2-րդը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ համատեղ ստորագրված հայտարարության մեջ ասել է. «Հայոց ցեղասպանությունը, որով սկսվել էր դարաշրջանը, նախաբան էր սարսափազդու իրադարձություններին, որոնք պետք է հետևեին դրան»:
«Սակայն եթե Հռոմի պապը կիրառի այդ եզրույթը , դա կլինի առաջին անգամը , որ այդ սպանությունները որպես ցեղասպանություն են բնութագրվում Սուրբ Պետրոս տաճարում»,- եզրափակում է պարբերականը՝ նշելով, որ մինչ Հռոմի պապ դառնալը Բերգոլիոն մի քանի անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն արտահայտությունը: