«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Մուլտի Ագրո» գիտաարտադրական ՍՊԸ-ն իջեցրել է կաթի մթերման գները: Կոտայքի մարզի մի շարք բնակիչներ լրատվամիջոցին բողոքել են, որ որոշ ժամանակով կաթը իրենցից մթերել են ոչ թե 160-170 դրամով, այլ 140 -150 ՝ ըստ յուղայնության, սակայն մեծամասամբ գնահատում են 140 դրամ: Նրանք նաև ասացին, որ բողոքել են և իրենց բողոքը հասել է Ռոզա Ծառուկյանին, սակայն խնդիրը վերջնական լուծում չի ստացել. երբ ինչ գին ուզում են՝ սահմանում են: «Մի բան որ ասում ես, միանգամից իրենց պայմաններն են թելադրում՝ ասելով՝ մեր ասածով կուզեք՝ կմթերենք, չէ՝ ծավալների պակաս չունենք, դուք գիտեք, ասում են մեզ»,- բողոքեցին գյուղացիները:
Նրանք հիշեցրին, որ մթերող ՍՊԸ-ն ամեն տարի էլ նման վարքագիծ է դրսևորում ՝ իջեցնում կաթի գինը, ու դժգոհություններից հետո հայտարարում, թե նախկին գնով կմթերի, սակայն որոշ ժամանակ անց կրկին իր պայմաններն է սահմանում:
Գյուղացիների պնդմամբ՝ անկայուն գներով կաթի մթերումը իրենց ձեռնտու չէ, քանի որ արված ծախսերը չեն արդարացվում, բայց այլընտրանքային տարբերակ էլ չունեն, շուկայում մեծ ծավալով վաճառել չեն կարող: Բացի դրանից՝ խնդիր է նաև անասնակերի հարցը. ամբարված խոտը վերջանում է, անասնակերը թանկանում, իսկ կաթի գինն էլ՝ տատանվում:
Հիշեցնենք, որ կաթի մթերման հետ կապված խնդիրներ էին առաջացել նաև Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջանում: Գյուղերի բնակիչները բողոքի էին դուրս եկել, քանի որ կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են գյուղացիներից գնվող կաթի գինը՝ մեկ լիտրի դիմաց վճարվող 160-170 դրամի փոխարեն 150-160, երբեմն նաև 140 դրամ: Գյուղնախարարությունը արձագանքել էր և նշել, որ պայմանավորվածություն է ձեռք բերել մթերող ընկերությունների հետ առ այն, որ այդ ընկերությունները կշարունակեն գյուղացիական տնտեսություններից կաթ մթերել նախկին գներով:
Ինչ վերաբերում է «Մուլտի Ագրո»-ին, ապա փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասաց, որ «Մուլտի Ագրոն» քիչ ծավալներով է կաթ մթերում, նաև նշեց, որ մթերող ընկերությունների հետ հանդիպմանը Ռոզա Ծառուկյանը ևս հորդորել է ընկերություններին գինն անփոփոխ թողնել: Ռոբերտ Մակարյանը շեշտեց, որ մթերման գործընթացներին հետևում են, խնդիրներ առաջանալու դեպքում արձագանքում և կարգավորում:
Գյուղնախարարությունը 4 հանդիպում է կազմակերպել կաթ վերամշակողների և արտադրողների հետ` քննարկելու հատկապես մթերման գնի հետ կապված խնդիրները:
Նրա փոխանցմամբ՝ նախարարն անձամբ է վերամշակողներին համոզել, որ կաթի գները պահեն «խելամիտ» շրջանակներում՝ 140-150 դրամ մեկ լիտրի դիմաց. «Որ իրենց թողնենք, 110 դրամով էին ուզում կաթը մթերել»,- եզրափակեց պաշտոնյան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: