ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովում երեկ, կարելի է ասել, ավարտվեց Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի, կամ այլ կերպ ասած՝ «գազային հանձնաժողովի» կազմած եզրակացության քննարկումը: Այսպիսով՝ կարող ենք թվարկել այն բոլոր փաստերը, որոնք հնարավորություն ունենք արձանագրելու այս փաստաթղթի եւ դրա շուրջ քննարկումների արդյունքում:

Ըստ այդմ, քննարկումների ընթացքում նույնիսկ իշխանական պատգամավորները չհերքեցին այն հանգամանքը, որ եզրակացությունում ներկայացված փաստերից մի քանիսը հանցագործության մասին հաղորդումներ են: Մասնավորապես, այս քննարկումների արդյունքում պարզվեց, որ տարիներ շարունակ, եւ հատկապես նախընտրական շրջանում, երբ նախընտրական խոստումների հիման վրա Հայաստանի համայնքները գազաֆիկացվել են, դրա արդյունքում պետությունը կրկնակի տուժել է: Նախ՝ գազաֆիկացումն իրականացվել է պետական բյուջեի եւ ոչ թե «Հայռուսգազարդի» (ներկայիս՝ «Գազպրոմ Արմենիայի») միջոցներով: Սակայն հետագայում այդ գազատարները մտցվել են «Հայռուսգազարդի» հաշվեկշռի մեջ` դրանց արժեքի չափով ավելացվել է ՀՀ Կառավարության 20 տոկոս բաժնեմասի հաշվեկշռային արժեքը (սա այն բաժնեմասն է, որը 2013-ի դեկտեմբերին կնքած պայմանագրով վաճառվեց ռուսական «Գազպրոմին», ինչի արդյունքում էլ «Հայռուսգազարդը» դարձավ «Գազպրոմ Արմենիա»): Այնուհետեւ, գազաֆիկացման ծախսերը ձեւակերպվել են որպես «Հայռուսգազարդի» կողմից կատարված ներդրում եւ ներառվել սպառողին մատակարարվող գազի սակագնում: Արդյունքում ստացվում է, որ նախ՝ գազատարները կառուցել են հարկատուի, այսինքն՝ գազի սպառողի հաշվին, սա դեռ ոչինչ, մեկ անգամ էլ այդ նույն գումարը հարկատուներից գանձել են՝ այս անգամ էլ արդեն այն գազի սակագնի մեջ ներառելով: Սա խարդախության դասական օրինակ է: Սակայն ինչպես հայտարարեցին իշխանական պատգամավորները, այդ թվում նաեւ՝ «գազի հանձնաժողովի» նախագահ Վարդան Այվազյանը, իրենք չեն ուզում իրենց ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված չարաշահումները պաշտոնապես ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացնել:
Հաջորդ փաստը, որն արձանագրվեց ԱԺ-ի քննարկումների ընթացքում, այն է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպառողին մատակարարվող գազի սակագները հաշվարկելիս ի վիճակի չէ իր հաստատմանը ներկայացված սակագնից ցածր գին սահմանել: Այլ կերպ ասած՝ ՀԾԿ հանձնաժողովն ընդամենը դակողի գործառույթ է կատարում: ՀԾԿՀ-ն գործում է հետեւյալ սխեմայով` ստուգում է՝ արդյոք իր հաստատման ներկայացված սակագնի հիմքում դրված թվերը ճիշտ են հաշվարկված, թե ոչ: Եթե հաշվարկը ճիշտ է կատարված լինում, ապա հաստատում է: ՀԾԿՀ-ն իր հաստատմանը ներկայացված սակագնի թիվը փոխում է միայն այն դեպքում, եթե հաշվարկներում սխալ է հայտնաբերում: Արդյունքում՝ «Գազպրոմ Արմենիան» (նախկինում՝ «Հայռուսգազարդը») ինչ թիվ ցանկանում է, ներառում է գազի սակագնի մեջ: Ասենք՝ որոշում են, որ իրենց աշխատողների աշխատավարձը սակագնում պետք է ներառեն միջինը 227 հազար դրամ հաշվարկով: Իհարկե, «Գազպրոմ Արմենիայի» 5 հազարից ավել աշխատողների մոտ 70 տոկոսն այդ թվից անհամեմատ քիչ աշխատավարձ է ստանում, փոխարենը տնօրինության աշխատավարձերը տասնյակ հազարավոր դոլարներով են հաշվարկվում: Եթե դա տեղի ունենար ընկերության շահույթի հաշվին, ապա ոչ մեկին դա չէր հետաքրքրի, բայց 45 հազար դրամ թոշակ ստացող թոշակառուից գանձած գումարներով 40 հազար դոլար աշխատավարձ ստանալ, մեղմ ասած, անբարոյականություն է: Իսկ ամենակարեւորն այն է, որ այդ անբարոյականությունն արտոնում եւ թույլ է տալիս, որ իրագործվի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ: ԱԺ քննարկումների արդյունքում պարզ դաձավ, որ Հայաստանի Հանրապետության իրավական պետության դառնալու դեպքում Ռոբերտ Նազարյանը պոտենցիալ դատապարտյալ է:
Հաջորդ փաստը, որը ԱԺ քննարկումների արդյունքում արձանագրվեց. ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իրավունք չուներ ռուսական կողմի հետ բանակցություններ սկսել` «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ ՀՀ Կառավարությանը պատկանող 20 տոկոսով այդ ընկերության ռուսական «Գազպրոմին» կուտակած պարտքերը փոխհատուցելու շուրջ: Այլ կերպ ասած՝ որքան էլ, որ ՀՀ իշխանություններն ասեն, թե «Հայռուսգազարդի» Հայաստանին պատկանող բաժնեմասի վաճառքի հետ կապված իրավական խնդիր չկա, բայց փաստն այն է, որ այդ գործարքը եղել է անօրինական, եւ այդ փաստն այլեւս անհերքելի է: Պարզապես դրա հեղինակը ներկայիս իշխանություններն են, եւ բնական է, որ նրանք իրենք իրենց չեն դատի:
ԱԺ քննարկումների արդյունքում արձանագրվեց նաեւ, որ սպառողին մատակարարվող գազի ներկայիս սակագինը մոտ 50 դրամով ուռճացված է: Ինչպես նաեւ՝ ոչ ոք չի կարող վստահ լինել, որ ինքն իսկապես այնքան գազ է ծախսում, որքանի համար վճարում է, քանի որ գազի հաշվիչների չափագրումն իրականացվում է հենց նույն՝ «Գազպրոմ Արմենիային» պատկանող ընկերության կողմից: Ուստի բացառված չէ, որ գազի հաշվիչները կարող են իրական ծախսածից, ասենք, 20 կամ 30 տոկոսով հավելագրումով աշխատել:
Իսկ վերջին արձանագրումը, որը կարող ենք անել, դա այն է, որ «գազի հանձնաժողովի» եզրակացությունը որեւէ իրավական հետեւանք չի ունենա: Դրան ընթացք կարող է տրվել միայն իշխանափոխությունից հետո, ասել է թե՝ ընտրված ու օրինական իշխանություն ունենալու դեպքում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

ԸՆԴՈՒՆԵՑԻՆ
Երեկ խորհրդարանում լրամշակումներից հետո քվեարկության դրվեց «Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ նախագծով պարտադիր 9-ամյա կրթությունն այսուհետ լինելու է 12-ամյա: Նախագիծը պետք է քվեարկության դրվեր դեռեւս նախօրեին, սակայն ընդդիմադիր պատգամավորները հարցեր էին բարձրացրել ու նշել, որ այն դեռեւս պատրաստ չէ ընդունման: ԱԺ ՕԵԿ եւ ԲՀԿ խմբակցությունների ղեկավարները, մինչեւ քվեարկությունը, հայտարարեցին, որ իրենց պատգամավորները ձեռնպահ են քվեարկելու, իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հայտարարել է՝ իրենք կողմ են քվեարկելու, քանի որ օրինագծի 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելու մասին դրույթը ընդունվելուց հետո կիրառության մեջ կմտնի երկու տարի հետո միայն: Արդյունքում, նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց 85 կողմ, 27 ձեռնպահ եւ ոչ մի դեմ ձայներով:

 

ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ հայտարարեց, որ իրենց կուսակցությունը չի մասնակցի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ղեկավարվող կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի աշխատանքներին: «Նախնական քննարկման տվյալներով՝ կարծում եմ չենք մասնակցի: Բայց ֆորմատը, որը ձեւավորվում է, մեզ համար անընդունելի է»,- ասաց Բիշարյանը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենք Կառավարությանն առաջարկություն են ներկայացրել այդ հանձնաժողովի հետ կապված, բայց գործադիրից ոչ մի պատասխան չեն ստացել, ինչը ենթադրում է, որ իրենց կուսակցությունը եւս չի մասնակցելու վարչապետի կազմած հանձնաժողովի նիստերին: «Եթե առաջարկություններն ընդունեին, կարող էինք քննարկել ընդհանրապես ամբողջ կառուցվածքը, թե ինչ շեշտադրումներով պետք է լինի կառույցը, բայց մինչեւ այս պահը մենք չունենք որեւէ պատասխան, ենթադրելի է, որ մեր առաջարկությունները չեն ընդունվել, բնականաբար, մենք չենք մասնակցի այդ կառույցի ձեւավորմանը»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:

 

ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ՝ ԲԻԶՆԵՍ ԿԱՐԳՈՎ
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ դեպի Շանհայ-Հոնկոնգ չվերթի մեկ տոմսը ՀՀ պետբյուջեի վրա արժեցել է 1 մլն 693 հազար դրամ: Իհարկե, այդ գումարի կեսը չէր ծախսվի, եթե Էդվարդ Նալբանդյանն իր պատվից ցածր չհամարեր էկոնոմ կարգով թռչելը: Բանն այն է, որ նշված գինը բիզնես կարգի մեկ տոմսի արժեքն է, իսկ նույն չվերթի էկոնոմ կարգի ավիատոմսը արժեցել է 850 հազար դրամ: Այսինքն՝ մարդիկ իրենց գործունեությամբ ամեն ինչ անում են, որ Հայաստանը եւ նրա բնակչությունը օր օրի աղքատանան, իսկ դրա դիմաց, որպես իրենց համար պարգեւ, շրջագայում են բացառապես բիզնես կարգով:

 

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՔԻՄԸ ԳԱ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ իր անձնական էջում գրառում է կատարել. «Ժողովուրդ ջան, քանի Քիմ Քարդաշյանը դեռ չի ժամանել, մի քաղաքական հարցի շուրջ ուզում եմ գրեմ… Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից ստացվում է, որ 2008 թ. նա 10 մարդու սպանության, մի քանի հարյուր վիրավորների ու քաղբանտարկյալների բանտեր լցնելու գնով իշխանության է ԲԵՐԵԼ մի մարդու` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, որը ԻՐ ԻՍԿ ՏՐԱՄԱԲԱՆՈւԹՅԱՄԲ, ՓԱՍՏԱՑԻՈՐԵՆ ԵՐԿՐԻ ՀԵՐՆ ԱՆԻԾԵԼ Է ու հիմա էլ զբաղված է ինչ-որ անհասկանալի փոփոխություններով… Որ դա այդպես է, մենք իրենից լավ գիտենք, բայց որ դա ինքն է ասում` ՄՏԱԾՈւՄ ԵՍ…ԱՍՏՎԱԾ, ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ԳԱ…»:

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԵՆ
Երեւանի քաղաքապետարանը սահմանափակում է սահմանել ապրիլի 27-ին, 28-ին, 29-ին, 30-ին ժ. 00.00-24.00 Ազատության հրապարակում հավաք եւ հավաքի ընթացքում՝ ժ.20.30-22.00 Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վայրի նկատմամբ: Փոխարենը քաղաքապետարանն առաջարկում է հավաքն անցկացնել «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակում՝ ժ.18.00-22.00, իսկ երթը՝ հավաքի ընթացքում՝ իրազեկման մեջ նշված ժամին՝ «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակից Էրեբունի փողոց-Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց-Ազատամարտիկների փողոց – «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակ երթուղով։

 

ԿԻՍՈՒՄ ԵՆ ԵԶԴԻՆԵՐԻ ՑԱՎԸ
Հայաստանի իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում են Սիրիայի եւ Իրաքի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից կրոնական եւ ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացված զանգվածային ոճրագործությունները: Այս մասին ասված է Աժ խմբակցությունների համատեղ ընդունած հայտարարությունում։ «Խիստ մտահոգիչ են ծայրահեղականների կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացվող հանցագործություններն ու բռնությունները։ ՀՀ Աժ-ում ներկայացված խմբակցությունները կիսում են եզդի ժողովրդին պատուհասած ցավը եւ վստահեցնում, որ միջազգային բոլոր ատյաններում շարունակելու են բարձրաձայնել կատարվող բռնություններին վերջ դնելու անհրաժեշտությունը»,-ասված է հայտարարությունում:

 

ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը երեկ բողոքի ցույց է անցկացրել Էրեբունիում՝ ձերբակալված անձանց պահման վայրի մոտ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին, «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանին եւ ձերբակալված մյուս անձանց։ «Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ, իրավաբան Հայկ Գրիգորյանի խոսքով. «Խուզարկությունների ժամանակ չի հայտնաբերվել որեւէ փաստ, որ ռեժիմն առաջ քաշի իր առաջադրած հոդվածը։ Հիմք չեմ տեսնում, որ նրանց մեղադրանք առաջադրվի։ Այս պահին նրանք ձերբակալման ժամանակահատվածի մեջ են, երեք օր սպասենք, տեսնենք՝ նախաքննական մարմինը ինչ նյութեր կհրապարակի»:




Լրահոս