Վ. ԱՅՎԱԶՅԱՆԻ ՑՈՒՑԱՄԱՏԸ, ՄԵՂՐԻ ՏԱԿԱՌՆ ՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում թեժ քննարկումները հաջորդում էին միմյանց: Նախ առավոտյան շարունակվեց երեկ ընդհատված գազամատակարարման հարցերով զբաղվող հանձնաժողովի ներկայացրած եզրակացության քննարկումը: Նախորդ օրն այս հարցի քննարկման ժամանակ պատգամավորներն ամբիոնից քննադատական խոսքեր էին ուղղում եւ նշում, որ հանձնաժողովը չի կատարել իր առջեւ դրված խնդիրը, եւ նրա աշխատանքը բավարար չէ:

Երեկ իր ելույթում այս քննադատություններին անդրադարձավ հանձնաժողովի նախագահ, հիմնական զեկուցող Վարդան Այվազյանը: «Այս ամբողջ խոսակցությունը զավեշտ է: Էս ամբիոնը ոնց որ մեղրի բոչկա լինի, որոշ պատգամավորներ «օբռուչով» են կուլ տալիս»: Ըստ նրա՝ ոչ ոք չի ներկայացնում հանձնաժողովի արած տիտանական աշխատանքը, որի եզրակացությունը բերում են որպես իրենց մարգարեություն ներկայացնում:
Նրա ելույթից հետո վարման կարգով ձայն խնդրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: «Իսկապես Ձեր էս կրքոտ ելույթից հետո պետքա ասեմ` չարչարանքիդ ապաշխարանք, լավ ես աշխատել: Չգիտեմ` Ձեր նյարդերն ինչու են լարված, հատկապես ցուցամատի օգտագործումով», – նշեց նա: Մինչ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ձայնի իրավունք տալը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ Վարդան Այվազյանն իր ելույթում հիշատակել է նաեւ ՀԱԿ պատգամավորին: «Ոչ միայն անունս է տվել, այլ ամբողջ ելույթի ընթացքում ձեռքն ինձ էր ուղղված», – նկատեց Մանուկյանը` հայտարարելով, որ չի եղել որեւէ դեպք, երբ ինքը չմասնակցեր հանձնաժողովի նիստերին:
Այս հարցի քննարկումն ավարտելուց հետո խորհրդարանի ներկայացուցիչներն անցան Զարուհի Փոստանջյանի հեղինակած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման նախագծի քննարկմանը, որով կոչ է արվում բոլոր երկրների խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն: Այս հարցի քննարկումը բավական թեժ ընթացք ունեցավ, սակայն հիմնականում պատգամավորները դրական էին վերաբերվում նման հայտարարության ընդունմանը: Ընդդիմադիր ելույթ ունեցավ միայն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, որին հետեւեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի պատասխանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավարն իր ելույթում նշեց, որ այս հայտարարության նախագծում հղում է արված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրին»` առաջարկելով արժեւորել նրա դրույթները: «Խնդիրը, սակայն հենց այն է, որ մենք չենք կարող արժեւորել վերոհիշյալ հռչակագրի դրույթներն առանձին վերցված կամ ամբողջությամբ, քանի որ, մեր կարծիքով, անհասկանալի ձեւաչափով ընդունված այդ փաստաթուղթը լրջորեն վտանգում է ՀՀ եւ Լեռնային Ղարաբաղի շահերը»:
Նա նաեւ նշեց, թե հռչակագրում Հայաստանն իր արտաքին քաղաքականության հիմքում դնում է Հայոց ցեղասպանության ճանաչումը, որն իրենց կարծիքով կոպտագույն սխալ է:
Ապա բավական կոշտ ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակը, ով մեղադրանքներ հնչեցրեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին: «25 տարին ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանը, ինչպես Բուրբոնների համար էին ասում, ոչինչ չի մոռացել ու ոչինչ չի սովորել: Տեր-Պետրոսյանի պարտվողական քաղաքականությունն ընդունելի չի ոչ միայն ՀՀ քաղաքական ուժերի կողմից, այլ նաեւ հայ հասարակության եւ հայ սփյուռքի կողմից: Գուցե դա է ջղաձգումների մեջ գցել հարգարժան պարոնին: Մարդիկ, որ մինչ օրս չէին խոսում ճանաչման մասին, այսօր խոսում են ուրացումից: Էլ ո՞վ է խոսում ուրացումից: Եթե դեմ ես Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, տղամարդու նման կանգնիր, ասա՝ դեմ եմ, ու էլ մի ասա, որ հաշտեցման գործընթացը եղավ ուրացում: Եթե կողմ ես Ղարաբաղը հանձնելուն, ասա՝ կողմ եմ, ու ասա՝ դա ասում եմ նրա համար, որ Թուրքիային էլ մտցնեմ էդ խաղի մեջ: Ես կարծում եմ, որ հայոց խորհրդարանում նույնիսկ նման բան մտածելը հանցագործություն է»,- եզրափակեց Շարմազանովը:
Հարցի քննարկումն ավարտվեց, նախագիծը քվեարկության է դրվելու հաջորդ քառօրյայում: Իր ելույթում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ափսոսանք հայտնեց, որ չեն կարողանա այս նախագիծն ընդունել մինչ ապրիլի 24-ը, սակայն հայտարարեց, որ նման փաստաթղթի ընդունումն իսկապես կարեւոր է:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

 
ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲՅՈՒՋԵ ԵՆ ԼՑՆՈՒՄ

Ապրիլի 20-ից ԱՊՊԱ չունեցող վարորդները կտուգանվեն 100 հազար դրամի չափով: Երեկ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը: Տպավորություն է, թե պետբյուջեի մուտքերը մեր երկրում վարորդները պետք է ապահովեն:

Այսպիսով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին եւ տրանսպորտային միջոցների սեփականատերերին մինչեւ 2015 թվականի ապրիլի 19-ը ներառյալ ունենալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր, հակառակ դեպքում, սկսած ապրիլի 20-ից, կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Էդիկ Հովհաննիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, ապրիլի 20-ից ԱՊՊԱ չունեցող վարորդները կտուգանվեն 100 հազար դրամի չափով: Ի՞նչ է սա Ձեր կարծիքով:
-Ինչու մինչեւ հիմա չէին տուգանո՞ւմ, տուգանում էին այն ժամանակ, երբ վթար էր լինում, եւ պարզվում էր, որ տվյալ մեքենան ապահովագրված չէ: Նկատվում էր, որ ապահովագրվող մեքենաների քանակը բավականին նվազել է: Եւ այս որոշման պատճառն արդեն հասկանալի է: Սա արվում է այն բանի համար, որ բոլոր տրանսպորտային միջոցներն ապահովագրվեն:
-Չե՞ք կարծում, որ 100 հազար դրամ նախատեսված տուգանքը դաժան «պատիժ» է վարորդների համար:
-Այո՛, դաժան է տուգանքի չափը: Այդպես չի կարելի: Եթե մեքենան ապահովագրելու համար վարորդը ծախսում է 30 հազար դրամ, ինչու պետք է 100 հազար դրամ տուգանվի: Չէ որ կարելի է նաեւ 10 հազար դրամի չափով տուգանել: Եթե վարորդները իմանան, որ տուգանվելու են, ապա հաստատ նրանք մեկ ժամ առաջ կապահովագրեն իրենց մեքենաները: Ըստ երեւույթին, հիմա ՃՈ-ն ունի այն վարորդների տվյալների բազան, ովքեր չեն ապահովագրել իրենց մեքենաները: Տասնյակ հազարավոր մեքենաներ չեն ապահովագրել, պատկերացրեք, եթե ուղիղ կեսին տուգանեն, ապա ինչ գումար կստացվի:
-Պարո՛ն Հովհաննիսյան, տեսակետ կա, որ ինչպես արագաչափերը, այնպես էլ հերթական որոշումը նախատեսված է այն բանի համար, որ իշխանությունները սրանով վարորդների հաշվին բյուջե լցնեն: Կիսո՞ւմ եք այս տեսակետը:
-Այո՛: Շատ էլ լավ տարբերակ է: Ժամանակ են տալիս, որ ապահովագրեն:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

ԿԻՍԱՏ ՄՆԱՑԱԾ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ»
Բուլվարային թաղամասի «Արդարամիտների պուրակ» անվանումով հայտնի տարածքը, որը թաղամասի շքամուտքն է ըստ էության, դեռ նախորդ տարվա վերջերին պետք է ունենար այլ անվանում եւ նշանակություն: Պուրակն ու այնտեղ կառուցվելիք հուշարձանը խորհրդանշելու էր հայ-ռուսական դարավոր բարեկամությունը: (Արդարամիտների պուրակ անվանումը քաղաքային ֆոլկլորի արդյունք է եւ ոչ պաշտոնական անվանում): Այստեղ կառուցվելու էր երեք կամարից բաղկացած հուշարձան, որի ճակատային մասում երկու աղավնիներ էին ուս ուսի տված կանգնելու եւ խորհրդանշելու հայ-ռուսական դարավոր բարեկամությունը:
Կամարներից երկուսն ունենալու էին մոտ 7, իսկ մեկը՝ 9 մետր բարձրություն: Բարեկարգվելու էր նաեւ պուրակը, որտեղ գտնվում է նաեւ մեծ հայորդիներից Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հուշաքարը: Սակայն, չնայած, որ նախագծի համաձայն՝ աշխատանքները պետք է ավարտվեին դեռ 2014-ի նոյեմբերին, 2015 թ. ապրիլի 9-ի դրությամբ կատարված են միայն բետոնալցման ու հիմնաքարերի տեղադրման աշխատանքները:
Տեղի բնակիչներն իրենք էլ դժվարանում են պատասխանել մեզ հետաքրքրող հարցերին: Ոմանք ասում են, որ հուշարձանը լինելու էր Հրանտ Դինքին նվիրված, ոմանք նշում են, որ պուրակն էր ուղղակի բարեկարգվելու, երրորդներն էլ կարծիք են հայտնում, որ թաղամասի երեխաների համար խաղահրապարակ էր կառուցվելու, սակայն ֆինանսավորողը մահացել է, ու շինաշխատանքները դադարեցվել են: Այն, որ հուշարձանի կառուցումը ֆինանսավորող բարերարը մահացել է, հաստատում են նաեւ քաղաքի պատասխանատուները եւ նշում, որ այս պահին բանակցություններ են վարում վերջինիս ժառանգների հետ, ովքեր թեեւ համաձայնել են շարունակել հուշարձանի շինարարական աշխատանքները, սակայն ծավալների ճշտման խնդիր կա: Ի դեպ, պուրակի բարեկարգման աշխատանքների մեջ ներառված է նաեւ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հուշաքարի վերանորոգումը:
Նշենք, որ Ռուսաստանի հայերի միության՝ Կուրսկի տարածքային բաժանմունքի նախագահի դիմում-գրության հիման վրա Գյումրու քաղաքապետարանը կայացրել է համապատասխան թույլտվության որոշում հիշյալ տարածքում բարեկարգման աշխատանքների իրականացման համար:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի




Լրահոս