ՉՀԱՎԱՏԱԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ բուհերում կտրուկ նվազել են կոռուպցիոն ռիսկերը: Աշոտյանի խոսքով՝ կատարված բարեփոխումների արդյունքում այս տարվա բուհական ընդունելության քննություներն անցան աննախադեպ օբյեկտիվության, թափանցիկության եւ կոռուպցիոն նվազագույն ռիսկերով: Նախարարը, առիթից օգտվելով, դիմել է բոլոր ուսանողներին եւ ծնողներին՝ խնդրելով կանգնել նախարարության կողքին եւ օգնել կոռուպցիայի դեմ պայքարում:

ՀԱՐՑ. Հավատո՞ւմ եք նախարարի խոսքերին, որ կոռուպցիան բուհերում նվազել է:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ՝ չհավատալու հիմքեր չունեմ, իսկ ինչ վերաբերում է ծնողների աջակցության հատվածին, ապա չափազանց կարեւորում եմ դա, բայց դա կարեւորում եմ ոչ այնքան համալսարանական կրթության փուլում, որքան կարեւորում եմ ընտանեկան դաստիարակության եւ ի սկզբանե իրենց երեխաներին ճիշտ ուղղորդելու եւ ճիշտ տեղում պատկերացնելու առումով: Կարծում եմ՝ բոլոր առումներով նկատելի առաջընթաց ունենք եւ կարող ենք խոսել նվազման մասին: Քանի որ ես դասավանդում եմ Երեւանի պետական համալսարանի երկու ֆակուլտետներում, ամենալավ լակմուսի թուղթը այս առումով կարող է հանդիսանալ ուսանողների վերաբերմունքը եւ կարծիքը, քանի որ նրանք կփաստեն, որ նման երեւույթներ երբեւէ չեն նկատվել:

ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՊՀ դասախոս, ԱԺ ՀՀԿ
խմբակցության անդամ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Այն աշխատանքները, որոնք իրականացվել են, իսկապես հիմք են՝ կարծելու, որ վիճակը բարելավվել է: Մարդիկ պետք է հասկանան, որ վճարում են սովորելու, ոչ թե գիտելիք չստանալու համար: Կան որոշակի դեպքեր, երբ վճարում են չսովորելու համար, բայց ինքս դասախոս եմ եւ կարող եմ ասել, որ այդ երիտասարդները երկար ճանապարհ չեն անցնում: Իսկ եթե լինում են դեպքեր՝ անցնում են, ապա հաջորդ քայլին հաստատ սայթաքում են: Եղել են դեպքեր, երբ ուսանողը 4-րդ կուրսից դուրս է մնացել:

ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ
ԿԳ նախկին նախարար,
Լեզվի պետական տեսչության պետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես իմ ուժերի չափով շարունակում եմ իմ ու իմ աշխատանքային ընկերների ջանքերն ուղղել արդար Հայաստան ունենալուն: Ավելորդ են ընդունելության քննությունները: Մասնագիտական, այդ թվում` բարձրագույն կրթության պետական որակավորումը, որն է հավատարմաgրումը, կեղծիքի, ձեւականության, կոռուպցիայի աղբյուր է: Մասնավորն ազատ ընտրում է շրջանավարտի` առանց պետական որակավորմանը լուրջ մոտենալու, իսկ պետական կազմակերպությունը ստիպված է համակերպվել այս պարտադրանքի հետ: Ուսուցչի, դասախոսի, գիտնականի աշխատավարձերը պիտի անհապաղ եռապատկել` նաեւ նրանց քանակի կրճատման ճանապարհով: Մասնագետ է նա, ով այսօր ստացած կրթությամբ աշխատում է եւ պիտի ընտանիքն արժանապատիվ պահի իր վաստակով:

ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ
«Մխիթար Սեբաստացի»
 կրթահամալիրի տնօրեն

Հ.Գ. Երեկ խորհրդարանում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն Ա. Աշոտյանին տեղեկացրել է, որ դպրոցներում կոռուպցիան ծաղկում է: Նախարարը, ի պատասխան, ասել է, որ դպրոցն այսօր այնպիսին է, ինչպիսին է հասարակությունը, քաղաքացին, առօրեական բարքը: Նրա խոսքով՝ ներկայում հայ հասարակությունը չունի կայուն արժեքների վրա խարսխվող արժեհամակարգ, իսկ միակ փաստաթուղթը, որի շուրջ հասարակությունը կարողացել է համազգային կոնսենսուսի գալ, Սահմանադրությունն է:

Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս