Սյունիքի մարզի Շրվենանց գյուղն իր կենցաղավարությամբ եւ հիմնախնդիրներով չի տարբերվում Հայաստանի մյուս համայնքներից: Այս գյուղում մարդիկ ապրում են՝ դեռեւս դույլերով ջուր կրելով եւ փայտի վառարանների վրա կերակուր պատրաստելով: Համայնքում չկան երիտասարդներ, զորակոչիկներ՝ նույնպես: «Մեր գյուղերը մեռնում են, իսկ կառավարությունը դրանց անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում»,-ասում է Շրվենանց համայնքի ղեկավար Արմինե Մանուկյանը:
Շրվենանց համայնքը գտնվում է մարզկենտրոնից 20 կմ հեռավորության վրա: Այն համարվում է Սյունիքի մարզի հին բնակավայրերից մեկը? Շրվենանցը Նորաշենիկի գյուղխորհրդի կազմից տարանջատվել է 1991թ.՝ կազմավորելով ինքնուրույն վարչական միավոր:
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը եւ դաշտավարությունը: Սակայն, գյուղապետի վկայությամբ, բնակչությունը գրեթե չի զբաղվում գյուղատնտեսությամբ: Դրա հիմնական պատճառը, ըստ Մանուկյանի, գյուղտեխնիկայի բացակայությունն է: «Խորհտնտեսությունների լուծարումից հետո գյուղատնտեսական մեքենաները մասնավորեցվել են, ապա` վաճառվել: Հողը մշակում ենք հիմնականում ձեռքով կամ էլ հարեւան գյուղից` Անտառաշատից, տրակտոր խնդրելով: Հացահատիկային կուլտուրաներ չենք մշակում նույն պատճառով: Մի տրակտորի բացակայության պատճառով մեր հողերի 15%-ն էլ չենք մշակում: Թողնել էս բերրի հողերն ու հույսներս դնել Ռուսաստանի վրա՞, դրսից թանկ գնով հացահատի՞կ ձեռք բերել: Դա աշխատավոր հայ մարդու համար անպատվաբեր է: Այս տարի կառավարությանը հացահատիկի պահանջարկ չենք ներկայացրել, քանի որ ե՛ւ սերմացուի տրամադրման պայմաններն էին անտրամաբանական, ե՛ւ հողը վարելու խնդիր ունենք»,-ասում է տիկին Մանուկյանը եւ հիշատակում, որ վերջին անգամ իրենց համայնքում հացահատիկ մշակվել է 2006թ., եւ գերազանց ցուցանիշ է արձանագրվել:
Համայնքում անասնապահությունը եւս հետընթաց է գրանցել. Մանուկյանի տվյալներով՝ 2011թ. գյուղում եղել է 39 խոշոր եղջերավոր անասուն, իսկ 2012թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 26 գլուխ: «Տարեցները մեռնում են, ժառանգներն էլ գյուղ չեն վերադառնում, անասունը մորթում են, ծախում, տան դուռն էլ փակում հեռանում»,-մտահոգված նշում է համայնքապետը: Վերջինիս խոսքով՝ Շրվենանցում արդեն 5 դուռ «հավիտենական» փակվել է: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շահագործումը նպաստեց համայնքից բնակչության արտահոսքին: Գյուղում կա 4 մանկահասակ եւ վեց դպրոցական, չունեն զինակոչի տարիքի ոչ մի երիտասարդ: «Ցավալի է, որ Շրվենանցի պատմական դպրոցը փակվեց, եւ 100-ամյա դպրոցի վերջին աշակերտին, որն իմ երեխան էր, կամքիս հակառակ տարա քաղաքի դպրոց: Կարելի է ասել, որ գյուղը դպրոցի հետ էլ մարեց»,-ասում է Ա. Մանուկյանը:
Սա որպես ահազանգ պիտի հնչի կառավարություն համար, որպեսզի ի վերջո Հայաստանի գյուղերին անհատական մոտեցում ցուցաբերվի: Գուցե հենց այդ ժամանակ Սերժ Սարգսյանը առիթ չունենա վարչապետին հանդիմանելու:
«Գյուղում ամենացավոտ հարցը սոցիալական ծանր վիճակն է»,-ասում է Մանուկյանը` առանձնացնելով գազաֆիկացման հարցը: «Գազատարը գյուղից 50 մ է հեռու, սակայն այն գյուղ հասցնելու համար գազաբաշխիչ սարք է պետք, որը ձեռք բերել համայնքային միջոցներով անհնար է»,-բացատրում է Մանուկյանը եւ հավելում, որ թերեւս դրա միակ լուծումը կտա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Գյուղապետի վկայությամբ՝ ԱԺ ընտրությունների նախաշեմին Մաքսիմ Հակոբյանը, մասնակցելով որդու՝ Վահե Հակոբյանի նախընտրական քարոզարշավին, 12 համայնքների ղեկավարներին խոստացել է գնել գազաբաշխիչ սարքը եւ նրանց ղեկավարած գյուղերը գազաֆիկացնել: «Մայիսի սկզբից մինչ օրս ոչ մի գործ չի արվել, եւ չգիտենք էլ՝ կանի, թե ոչ: Գոնե գազի հարց լուծվի, թե չէ մարդիկ դեռ փայտի վառարանով են կերակուր պատրաստում, իսկ ձմռանն էլ` ջերմանում»,-նշում է Մանուկյանը:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ԶՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչն է խանգարում վերջինիս հինգ ամիս անց կատարել իր նախընտրական խոստումը: «Ես իմ որդու քարոզարշավին չեմ մասնակցել եւ նման խոստում էլ չեմ տվել: Դա քեզ ով ասել է, թող նա էլ գնի»,-գյուղապետի խոսքը հերքեց Մ. Հակոբյանը:
«Համայնքներին կառավարությունն ուշադրություն չի դարձնում, սակայն կա գյուղացին եւ ամեն թելերով կապված է իշխանության կենտրոնի հետ: Պետք է նաեւ ապրել գյուղով, քանի որ Երեւանում ապրող յուրաքանչյուր իշխանավոր, նախարար գյուղի ծնունդ է»,-ասում է Մանուկյանը՝ չկորցնելով լավատեսությունը:
ԳՅՈՒՂԸ ՄԱՐԵՑ ԴՊՐՈՑԻ ՀԵՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ